Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:5

Հովհաննես Ծործորեցի

Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան:

 

   Երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քուն մտան:

    «Ուշանալ» է ասում կամ հանցավորների հանդեպ վրեժխնդրությունից [Տիրոջ] խուսափելը, որի պատճառով ոչ միայն հիմարներն են ծուլանում, այլև իմաստունները, քանի որ, ըստ գրվածի, կա նաև իմաստունի քուն, այսինքն` գաղթակղությունից [ծնված] խորհուրդ, ինչպես ասում է Դավիթը. «Նախանձեցի ես անօրեններին» (Սաղմ. 72։3), և` «Մի փոքր էլ` և սասանվելու էր ընթացքս» (հմմտ. Սաղմ. 72։2). գայթակղվեցին նաև [Քրիստոսի] աշակերտները, սուր անցավ նաև Կույսի հոգու միջով 1383: Սա՛ է ամենքի քուն մտնելը: Եվ կամ «ուշանալեով [Տերը] նկատի ունի Իր գալստյան ժամանակը, երբ հարսնացած հոգիները սպասելու են անմահ Փեսային: «Ամենքը նիրհեցին և քուն մտան»` և՛ ընտրյալները, և՛ մեղավորները: Ասում է «նիրհեցին»` հիվանդ լինելու պատճառով և «քուն մտան»` մահվամբ: Կամ էլ հասկացիր, որ նիրհելն արդարների վերաբերյալ է, քանի որ նրանց մահը ոչ թե քուն է, այլ նիրհ, որը Պողոսը «ննջել» է ասում 1384, իսկ մեղավորներինը քուն է` խոր թմրության ու հիմարության պատճառով: «Ուշանալ»-ը նաև ցույց է տալիս, որ միջանկյալ ժամանակը երկար չի լինելու, այլ մի փոքր է [Տերն] ուշանալու և հապաղելու, որով մերժում է այն աշակերտներին, ովքեր չեն սպասում Նրա արքայությանը:

   Բայց այստեղ տարակուսանք է հարուցում այն, թե ինչու է [Տերն] այստեղ ասում, թե Փեսան ուշանում է, երբ Պողոսը գրում է. «Տերը մոտ է» (Փիլպ. 4։5), և յլուր` «Տերը չի ուշացնի Իր ավետիսի [կատարումը]» (Բ Պետ. 3։9), իսկ Հակոբոսը [գրում է]. «Դատավորը 1385 դռան առաջ է» (հմմտ. Հակ. 5։9): [Այս խնդրի] լուծումը սա է: Ով հայացքն ուղղում է հավիտենականին, [նրա համար] Տերը մոտ է և դռան առաջ, իսկ ով այս կյանքին` [այդպիսինին] նրա հաճույքների պատճառով թվում է, թե [Տերն] ուշանում է: Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]: «Մոտ է և դռան մոտ» խոսքը [Տիրոջ] հաճախակի այցելությունն է նշանակում` ըստ այսմ. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20), իսկ ուշանալը Նրա գալիք գալստյան համար է ասվում:

   Տեսնենք նաև այն, թե [կույսերն] ինչո՛ւ քուն մտան: Ասում ենք. նախ` բնության պատճառով, որը [Տերն] Ինքն էլ կրեց Ադամին [տված] վճռի պատճառով. «Հող էիր և հող կդառնաս» (Ծննդ. 3։19), որովհետև դեռ այս աշխարհում են բոլորը: Եվ երկրորդ` չորս պատճառով է մարդը ննջում, և [կույսերը] դրանք բոլորն ունեին: Առաջին` երբ մեկը, ճանապարհին նստած, սպասում է ընկերոջ գալստյանը, ննջում է, երբ նա ուշանում է. սպասեցին նաև [կույսերը] և ննջեցին, երբ [Փեսան] ուշացավ, ինչպես [Տերն] ասաց: Երկրորդ` հոգնածության պատճառով, ինչպես ասում է Հուդիթը. «Ճանապարհին հոգնեցի և մտա տուն ու ննջեցի» (հմմտ. Հուդիթ 12։4). պարզ է, որ հոգնեցին նաև [կույսերը]: Երրորդ` տրտմությունից, ինչպես որ աշակերտները տրտմեցին Հիսուսի մահվան պատճառով և ննջեցին, և Տերն ասաց նրանց. «Չկարողացա՞ք մի ժամ արթուն մնալ» (Մատթ. 26։40). կույսերը նույնպես տրտմեցին, ինչպես Դավիթն ու Պողոսը. «Ամբողջ օրը տրտում գնում էի» (Սաղմ. 37։7), և` «Տրտմություն պաշարեց ինձ մեղավորների երեսից»  (Սաղմ. 118։53), «Տրտմություն է ինձ համար և անպակաս ցավ` իմ սրտում» (Հռոմ. 9։2): Եվ չորրորդ` նեղությունից, ինչպես որ Պետրոսը ննջեց երկու զինվորների միջև 138, և Եղիան` ցրդենու տակ` Աքաաբից նեղություն կրելու պատճառով 1387: Հիմար [կույսերն] էլ, ինչպես իմաստունները, շատ նեղություններ կրեցին, այդ պատճառով էլ ննջեցին ու քուն մտան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1