Հովհաննես Ծործորեցի
Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»:
Հիմարներն ասացին իմաստուններին. «Տվե՛ք մեզ ձեր այդ յուղից, որովհետև ահա մեր լապտերները մարում են»:
Սա էլ էր մեծ հիմարություն, չհաշված առաջինը: Որովհետև անպատեհ ժամանակ էին խնդրում ու ակնկալում [յուղ] ստանալ, և թեպետ [իմաստուն] կույսերը մարդասեր էին, սակայն չտվեցին, այն էլ, երբ ոչ թե ամբողջն էին [հիմարները] խնդրում, այլ մի մասը` ըստ այսմ. «Նոյը խմեց գինո՛ւց» (Ծննդ. 9։21) և ոչ թե ամբողջը, ինչպես ոչ էլ Աբրահամը մի կաթիլ ջրով զովացրեց հարուստի ծարավը 1391: «Տվե՛ք մեզ,-ասում են [հիմար կույսերը],-ձեր այդ յուղից», այսինքն` օգնե՛ք մեզ ձեր բարի գործերով ու աղոթքներով: «Ահա մարում են մեր լապտերները». որովհետև, ինչպես ասացինք, [Տերը] բարի գործերով [կյանքն] է «լապտեր» կոչում, և այն դատարկ էր, քանի որ [հիմար կույսերի] հույսն այս անցավոր աշխարհում էր, և մարդկանց փառքի համար արեցին [իրենց գործերը], իսկ մարդկանց գովեստները մարեցին մահվանից հետո, քանի որ անցավոր էին. եթե մարմնավորների մեջ, քանի դեռ կենդանի են, գովեստները պակասում են, ի՞նչ ասել մահվանից հետոյի մասին: Իսկ ինչպե՞ս է պակասում` կհարցնի մեկը: Երբ մարդ ավելի շատ փնտրում է գովեստներ, ապա, երբ նրան գովում են գործի ընթացքում, նա, գովեստներով տարվելով, օրըստօրե ծուլանում է, և երբ գործի մեջ թերանում է, գովեստները նույնպես դադարում են: Հետևաբար, [կույսերն] իրավամբ ասացին. «Մեր լապտերները մարում են»: Կամ էլ լապտերները կարգի բերելը կուսության շնորհն է, և ովքեր չունեցան ողորմության յուղը, նրանց կուսության փառքը մարեց, որովհետև ոչ մի օգուտ չստացան դրանից, թեպետ ողորմություն խնդրեցին [Փեսայից], քանի որ ասված է, որ ողորմածներն են ողորմություն [ընդունելու] 1392:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: