Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:9

Հովհաննես Ծործորեցի

Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»:

   

   Իմաստունները պատասխանեցին` ասելով. «Գուցե մեզ և ձեզ բավական չլինի, գնացեք վաճառականների մոտ և գնե՛ք ձեզ համար»:

   Իմաստունները պատասխանեցին` ասելով. «Գուցե մեզ և ձեզ բավական չլինի, գնացեք վաճառականների մոտ և գնե՛ք ձեզ համար» (25:9): Եթե կույս էին և գործերի լապտերն ունեին, բայց [ողորմության յուղ] չվերցրին, ապա ի՞նչ կանեն նրանք, ովքեր կույս չեն` ո՛չ հոգով, ո՛չ մարմնով և ո՛չ զգայարաններով, և ոչ էլ բարի գործերի լապտեր ունեն: Ինձ թվում է` այդպիսիք դատաստանի առաջ չեն կանգնելու, այլ [անմիջապես] դեպի կորուստ, ապականություն և մահվանից դեպի մահ են շտապելու, քանի որ [իմաստուն կույսերն] ասացին.

   «Գուցե մեզ և ձեզ բավական չլինի»:

   Չասացին, թե չեն տա, ինչը տմարդության նշան կլիներ, այլ թե` «Մեզ և ձեզ բավական չի լինի», որովհետև ոչ նրանց մարդասիրությունը, ոչ սրանց աղաչանքը, ոչ էլ հարկավոր նյութի կարիքը սրանց չարժանացրին խնդրածը [ստանալու]: Ինչո՞ւ: [Յուղի] անբավարար լինելու պատճառով: Սրանից սովորում ենք, որ ոչ ոք այնտեղ չի կարող օգնել որևէ մեկի, ոչ թե որ չի կամենում, այլ որ չի կարող, ինչպես Աբրահամն ասաց. «Մեծ վիհ է [մեր և ձեր միջև]» (Ղուկ. 16։26), մի ուրիշն էլ թե` «Եթե այնտեղ լինեն Հոբը, Նոյը և Դանիելը, միայն իրենց հոգին կփրկեն» (հմմտ. Եզեկ. 14։14), և` «Եթե արդարը հազիվ է փրկվելու, [ամբարիշտն ու մեղավո՞րը որտեղ կլինեն]» (Ա Պետ. 4։18):

   Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել]: [Արդարները մեղավորներին որպես թե ասում են]. «Երբ սովորելու ժամանակն էր, չսովորեցիք. այժմ սովորեցնելու ժամանակն անցել է, ոչ մենք կարող ենք որևէ մեկին սովորեցնել, ոչ էլ դուք` սովորել»: [«Գուցե մեզ և ձեզ բավական չլինի» խոսքը] նաև ցույց է տալիս, որ մարդկային հոգին չի հագենում աստվածային փառքով, ուստիև Դավիթը, գիտենալով, որ հոգին երբեք չի հագենում այնտեղի փառքի տեսությամբ, ասում է. «Թող հագենամ` Քո փառավոր երեսը տեսնելովե (Սաղմ. 16։15):

   «Գնացեք վաճառականների մոտ,-ասում են,-և գնե՛ք»:

   Այսինքն` գնացեք ողորմություն գործեք և գնեք բանական աղքատներից ու հոգևոր ծիծեռնակներից, ովքեր մեզ համար մարգարեանում են հոգևոր գարունը` նստելով եկեղեցու դռների մոտ. այնտե՛ղ է պետք հավաքել, որպեսզի այստեղ պիտանի լինի: Կամ էլ գնացեք վաճառականների մոտ, այսինքն` այն մարդկանց մոտ, որոնց վաճառեցիք կուսությունն ու այլ բարի գործերը, և նրանց գովեստնե՛րն առեք, որովհետև «հենց դա՛ է ձեր վարձը» (Մատթ. 6։2):
   

Ստեփանոս Սյունեցի

Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»:
   
   Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»:
   «Եվ իմաստունները պատասխանեցին և ասացին. «Գուցե ձեզ և մեզ բավական չի լինի»:
   Երբ ժամանակն էր ուսանելու, չուսանեցինք: Արդ, վարդապետելու ժամանակն անցել է, ոչ մենք [ունենք հնարավորություն] ձեզ ուսուցանելու, և ոչ դուք՝ ուսանելու:
   Սա նաև այսպես է հասկացվում. ծերության վերջին շրջանում կամ հիվանդության ժամանակ, եթե մեկը կամենա չառաջնորդվել մարմնավոր զգայություններով, չի կարողանալու: Անգամ եթե [վերջում] կամենա ուսանել և ապրել ըստ հոգեղեն զգայությունների, [կարող է] հանկարծակի վրա հասնել վախճանը, ինչպես և առակն է ցույց տալիս, թե ինչպես դուռ կփակվի նրա վրա:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1