Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում:
Այդժամ գալիս է աշակերտների մոտ և ասում նրանց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք:
Երեք անգամ նրանց մոտ գնալը հանդիմանության համար էր, որովհետև այնպես քնեցին տրտմությունից, որ Նրա գալը չզգացին, իսկ Նա նրանց մեծ տկարության պատճառով ոչինչ չասաց, այլ թողեց ու գնաց: Իսկ ասելը` «ննջե՛ք այսուհետև», թերևս ցույց է տալիս, որ պետք էր այդուհետև արթուն լինել, բայց քանի որ նրանք վշտերի երեսը տեսնել չէին կարող, այլ վախից փախչելու և հեռանալու էին, այդ պատճառով էլ այսպես ասաց: Նաև հայտնում է, որ Ինքը նրանց օգնության կարիքը չունի, քանի որ ամեն ինչում Ազատը կամավորապես է գնում չարչարվելու և ոչ թե հարկադրաբար:
Որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը:
Դարձյալ հաստատում է ստուգությամբ, որ այն, ինչ կատարվում է, [աստվածային] տնտեսություն է և ոչ թե ակամա բան: Որովհետև եթե անգամ ժամը ճշգրիտ գիտեր, ինչպե՞ս խույս չէր տա, եթե չարչարանքը Նրա կամքին հակառակ լիներ: Իսկ ասելով` «մատնվում է մեղավորների ձեռքը»` նրանց սթափեցնում է` [ասես] հեգնաբար [հասկացնելով], որ [մեղավորների] չարության գործն է դա, և ոչ թե Ինքը հանցավոր ու պատժապարտ է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում:
Հիսուս երրորդ անգամվա աղոթքն ավարտում է առաջին երկու անգամներից բոլորովին տարբեր զգացումներով։ Այլևս չի վարանում, Երկնավոր Հորից ուրիշ կարգադրության չի սպասում։ Ինչ որ պիտի լինի, որոշված է անդառնալիորեն, և Ինքն էլ լիովին համակերպվել է նույն որոշման հետ. պիտի կյանքը նվիրի, դառնագին մահն հանձն առնի, որպեսզի ավարտի մարդկության փրկագործությունը։ Արդեն վախճանին է հասել այդ եղելությունների իրականացման ժամանակը, Իրեն ձերբակալելու ու Իր անձին տիրանալու համար դավաճանությունը իր գործն արել էր, որոշված էր գործադրման կերպը և գործադրողներն անգամ ճանապարհ են դուրս եկել։ Մնում է միայն յուրայիններին նախապատրաստել, որպեսզի տարօրինակ ոչինչ չպատահի։
Աղոթքի տեղից ետ դառնալով, գալիս է այն տեղը, ուր թողել էր երեք առաքյալներին։ Երեքն էլ դեռևս խորը թմրության մեջ թաղված քնած էին։ Առաջին տպավորությունը կրկին զարմանքի, ներքին վշտի արտահայտություն էր. «Ձեզ չասացի՞, վեր կացեք, աղոթեցեք, որպեսզի դուք էլ փորձանքի ժամանակ չտկարանաք։ Իսկ դուք դեռևս քնած եք։ Սակայն սրանից հետո աղոթելու ու փորձություններին նախապատրաստվելու ժամանակ այլևս չմնաց։ Եթե ուզում եք, շարունակեք քնել, հանգստանալ, որովհետև պատրաստության ժամանակն ավարտվեց, հասավ գործելու կամ կրելու ժամանակը։ Ուր որ է կտեսնեք, որ Որդին Մարդո իր հակառակորդների ձեռքը պիտի մատնվի, նրանց բռնության տակ կընկնի և այն, ինչ որ միշտ ձեզ ասում էի, պիտի գործադրվի։ Որեմն, վեր կացեք, գնանք»։
Վերջին բացատրությունը մի փոքր մութ է մնում։ «Օ՛ն առիք, գնասցուք աստի» խոսքը ոմանց համար խույս տալու իմաստ ունի, որն այլևս չի հարմարվում Հիսուսին, որ, երկնքից զորանալով, ամեն վարանում թոթափել էր։ Սրա համար պետք է նկատի ունենալ, որ աստի բառը չկա հունարենում ու լատիներենում, և այս ձևով Արիք, երթիցում Արիք, երթիցուք բառերը ոչ թե խույս տալու և հեռանալու, այլ ընդառաջ գնալու և վտանգը դիմագրավելու իմաստն են ստանում, որ կատարելապես համապատասխանում է Հիսուսի ստացած հոգեկան նոր կացությանը, եղելությունների կարգին ու պահանջներին։ Հիսուսի բերանից հնչող խոսքի ձևն էլ ունի միևնույն իմաստը. «Արիք, երթիցուք, զի ահաւասիկ եհաս որ մատնելոց է զիս»։ «Ահաւասիկ եհաս» բացատրությունը չի կարող այլևս խուսափելու միջոց լինել, այլ, ընդհակառակը, կամենում է ասել. «Այլևս փորձանքներից ազատվելու ձև չմնաց, վտանգը հասավ, փորձանքը եկավ, ուրիշ անելիք չի մնացել, ուրեմն վեր կացեք, շարժվեցեք, մատնիչը եկավ, դեմհանդիման դուրս գանք, ինչ որ պետք է, անենք»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: