Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:46

Հովհաննես Ծործորեցի

Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»:
   
    Վեր կացեք գնա՛նք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով մատնելու է Ինձ»:

    Սա նաև Հովհաննեսի [Ավետարանն] է ասում. «Վեր կացեք գնանք այստեղից» (Հովհ. 14։31), որովհետև անպատմելի բան էր ուսուցանում նրանց, և քանի որ նրանք վախից չէին կարողանում հասկանալ, մի ուրիշ անքույթ տեղ է նրանց հրավիրում, այն տեղը, որը գիտեր նաև Հուդան, ով մատնելու էր Նրան: Նաև ամեն ինչով խրատում է նրանց, թե հարկադիր չեն կատարվող բաները, ոչ էլ տկարություն, այլ տնտեսություն, որովհետև նախապես գիտեր, որ գալու էին [Իր հետևից], և չփախավ, այլ տեղում մնաց: Այլև երկրից երկինք է հանում նրանց` ըստ մարգարեի. «Եկեք ելնենք Տիրոջ լեռը» (Ես. 2։3), ուր չկան փորձության մատնողներ, և մերժված են ցավերն ու տրտմությունները, որովհետև այստեղ իբրև հատակի մրուր են հավաքված տարբեր տեսակի փորձություններն ու դևերի հարձակումները, որոնք հանկարծակի վրա հասնելով` տապացնում են հոգիները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»:
   
    Հատուկ ուշադրության է արժանի այն, որ Հիսուսի «Ահա եհա» խոսքը ակնարկում է միայն մատնիչ աշակերտին։ Մինչդեռ Իր վրա եկողն ու արդեն Գեթսեմանիի պարտեզը հասնողը միայն Հուդան չէր, այլ մի բազմամբոխ՝ ամեն տեսակի պատրաստություններով հանդերձ։ Եթե Հիսուսի վրա եկողը միայն Հուդան լիներ, ապա մեկ անձի անելիքը՝ որքան էլ չար, միևնույն է, ո՛չ ուժ, ո՛չ արդյունք կունենար։ Վնաս հասցնողը ձերբակալելու եկած խումբն էր։ Բայց Հիսուս ամբոխի մասին չի խոսում, այլ՝ միայն մատնիչ աշակերտի։ Այդ հանգամանքը լավ է բացատրում Հիսուսի փափուկ զգացմունքների վիրավորանքի իսկությունը։ Հակառակորդները միշտ էլ հակառակորդներ էին, նրանց արածն ու անելիքը հայտնի էր, նրանցից ուրիշ բան չէր սպասվում։ Հետևաբար նրանց արածը նոր տպավորություն չէր գործի։ Մինչդեռ աշակերտի արածը, որ եռանդորեն հայտարարել էր, թե հետևելու է Հիսուսին և այնքան բարիք ու պաշտպանություն էր գտել Հիսուսից, վերցվել էր ընտրյալ Տասներկուսի խմբի մեջ, ընկերակից էր եղել Հիսուսի գործունեությանը, մինչև վերջին ժամանակները սիրո ու հավատարմության վկայությունն էր կրկնել, այսպես միանգամից փոխվելով, միայն անարգ շահի ակնկալությամբ՝ անցյալն ուրանալով, երկարատև կեղծավորության դիմակը պատռելով գործակցում էր իր բարերար վարդապետի ն հակառակորդների ձեռքը հանձնելուն, մինչև իսկ նրան մահվան վտանգի առաջ էր կանգնեցրել։ Այս ամենն անշուշտ Հիսուսի սիրտը ծակող և Նրա ապրած տագնապում ամենակարևոր բանը կարող էր համարվել. «Զի թէ թշնամւոյն նախատեալ էր՝ համբերէի արդեօք, կամ թէ ատելւոյն մեծաբանեալ էր՝ թաքչէի արդեօք ի նմանէ. իսկ դու մարդ հաւասար իմ, առաջնորդ իմ եւ ծանօթ իմ» Սաղմ. 50:12-14։
    Հուդայի անունը վերջին անգամ հիշեցինք, թե Զատկի ընթրիքից ելավ ու մեկնեց (Մատթ. 26:21-25), մեկ էլ այստեղ ենք գտնում, երբ մատնության գործը լրման հասցնելու համար, ամբոխի գլուխն անցած, գալիս է Գեթսեմանի։ Ավետարանը բնավ ոչինչ չի ասում, թե ինչ արեց Հուդան՝ այդ երեք-չորս ժամվա ընթացքում, այդ երկու հիշատակությունների միջև։ Սակայն մենք, հանգամանքներն ուսումնասիրելով, կարող ենք հեշտությամբ լրացնել այդ բացը և նկարագրել Հուդայի գործերի շարքը։ Հուդան իր սակարկությամբ և քահանայապետերն իրենց խորհրդակցություններում որոշել էին, որ Հիսուսի մատնությունն ու կյանքը վտանգող դավաճանությունը պիտի գործադրվեր զատկի օրերն անցնելուց հետո (Մատթ. 25:14-30) և (26:14-16), հետևաբար պիտի խորհուրդը գաղտնի մնար, Հիսուսի ականջին չհասներ, որ խույս չտար, ինչպես եղել էր ուրիշ անգամներ (Հովհ. 10:19-21) (Մատթ. 26:21-25), (Մատթ. 19:1-2), (Հովհ. 11:54), որպեսզի գործն ի կատար ածվեր առանց աղմուկի՝ քաղաքում գտնվող ուխտավորների հեռանալուց հետո։ Հուդան էլ այդ հարցին վերաբերող անհրաժեշտ հսկողությունը պիտի իրականացներ (Մատթ. 26:3-5)։ Զատկական ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը խանգարեց այդ ծրագիրը։ Հիսուս անցած դարձածից տեղյակ էր։ Իմացել էր, որ աշակերտներից մեկը պիտի մատնություն անի։ Անգամ Հուդայի ականջի մոտ ասել էր, որ ինքն է մատնիչը։ Դավադրությունը գաղտնի չէր մնացել, Հիսուս զգացել էր վտանգը և կարող էր անմիջապես ու լռելյայն խույս տալ, Իրեն ազատել և Հուդայի ակնկալած շահը հօդս կցնդեր։
    Այդ միտքն է մղում Հուդային՝ անմիջապես գործելու։ Վերնատնից դուրս գալով՝ շունչը Կայափայի մոտ է առնում ու եղածի մասին պատմում, նաև հասկացնում, որ եթե անմիջապես որևէ բան չձեռնարկեն, գործը նախկին որոշման համաձայն զատկի օրերից հետո թողնեն, ապա այլևս անկարող կլինեն գործը գլուխ բերել, քանի որ Հիսուս ամեն ինչ գիտի ու անշուշտ խույս տալու ձևն էլ կգտնի։ Կայիափան անակնկալի է գալիս։ Հապճեպ խորհրդակցության անհրաժեշտություն է զգում։ Վերջինս շատ հեշտ էր իրականացնել, քանի որ անհրաժեշտ անձերը, զատկական ընթրիքի պատճառով, ոտքի վրա էին։ Հարկ եղածին չափ խորհրդկաններ կարող էր ի մի բերել։ Հուդան պատմում է եղելությունը։ Նա գիտեր Հիսուսի տեղը։ Այնտեղից մեկնելու վայրն էլ կարող էր ճշտել։ Անշուշտ սովորական օթևաններից մեկը պիտի լիներ։ Ուստի, եթե առանց ժամավաճառ լինելու, պատրաստեին անհրաժեշտ մարդկանց, ինքը կառաջնորդներ նրանց, կհսկեր, որ գիշերով շփոթություն չառաջանա, ուղղակի Հիսուսին ևս մատնացույց կաներ ու կկատարեր իր հանձնարարությունը։ Մնացածն արդեն իրենց գործն էր. ինչպես և երբ ուզում էին, կարող էին գործն ամբողջացնել, ինչ-որ ձևով Հիսուսին մեջտեղից վերացնելով, հասնել իրենց նպատակին։ Առաջին որոշումը փոխելու անհրաժեշտությունը, անմիջապես գործողության ստիպողականությունը, առանց առիթ բաց թողնելու Հիսուսի անձին տիրանալու նպատակը խորհրդակցության ժամանակ մեծանում են։ Անմիջապես հրաման է տրվում՝ կազմել ձերբակալության գնացող խումբը, ճամփա դուրս գալ, գնալ Հուդայի ցույց տված տեղը և որևէ կերպ տիրանալ Հիսուսի անձին։ Այդ մասին անհրաժեշտ հրաման ու հրահանգներ են տրվում։
    Մինչ կկատարվեին այդ պարտականությունները, Հուդան անշուշտ մեկ անգամ ևս վերադառնում է դեպի վերնատան կողմերը, տեսնում, թե երբ է Հիսուս այնտեղից դուրս գալիս և դեպի ուր է գնում։ Վերջապես նկատելով, թե որտեղ էր որոշել օթևանել, որը շատ հավանաբար Գեթսեմանին պիտի լիներ, քանի որ ուշ ժամ էր, իսկ վերջինս՝ ավելի մոտ։ Այդ ամենն ստույգ իմանալուց հետո, նորից վերադառնում է քահանայապետարան։ Այնտեղ արդեն կարգադրված պատրաստությունները կատարված և խումբը կազմված է գտնում։ Հուդան առաջնորդում է նրանց։ Քաղաքից դուրս գալով և անցնելով Կեդրոնի ձորակը՝ հասնում են Գեթսեմանի, ուղիղ գնում դեպի Հիսուսի ծանոթ ու մշտական օթևանը, մտնում պարտեզ։ Հիսուս, տագնապի ժամերն անցկացրած, տագնապալից աղոթքներն ավարտած, վերադարձել էր երեք առաքյալների մոտ և խոսում էր վերջին ժամը հասնելու մասին։ Երբ նշմարում է ձերբակալության եկող խմբին, ասում է յուրայիններին. «Ահաւասիկ եհաս՝ որ մատնելոց է զիս»։