Հովհաննես Ծործորեցի
Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով:
Եվ մինչ Նա ասում էր դա, ահա Հուդան` տասներկուսից մեկը, եկավ, և նրա հետ` սրերով ու բրերով մեծ ամբոխ` քահանայապետերից ու ժողովրդի ծերերից [ուղարկված]:
[Հիսուսի] խոսքերը հավաստի դարձնելու համար տեղի ունեցավ սա, որպեսզի սրանից սովորելով` Նրա ամբողջ վարդապետությանը հավատային, նրան, որ [Նրա ասած] ամեն ինչ կատարվելու էր: «Ահա Հուդան` տասներկուսից մեկը»,- ասում է [ավետարանիչը], որովհետև բազմությանը առաջնորդելով` նա առջևից էր գալիս` ըստ այսմ. «Եղավ Հիսուսին բռնողների առաջնորդը» (Գործք 1։16): Ասում է` «տասներկուսից», և սա ամոթալի չի համարում` ճշմարտությանը հետևելու պատճառով, այլև ի հանդիմանություն [Հուդայի], որ աշա կերտների դասից լինելով` դավաճանեց իր Ուսուցչին:
«Եվ նրա հետ` սրերով ու բրերով մեծ ամբոխ».
նրա չարությանը կցորդվել էր նաև ամբոխը, ո՛չ սուրբ սպասքով, այլ սրերով, բրերով ու ջահերով էին գալիս, անսպասելի ժամի, երբ անգամ անարժանի վրա պետք էր [պատշաճ] ժամանակի հարձակվել, ուր մնաց արդարի վրա: Բայց քանի որ քահանայապետերն ու ծերերը մտքով խավարել էին, խավարային գործը խավար ժամանակ էին կատարում, և շատերն էին եկել, որպեսզի [Հիսուսը] չփախչեր: Իսկ սրով [էին եկել] դիմադրության պատճառով, եթե այն լիներ, և ջահով 1524` մութ ժամի պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով:
Ըստ Մատթեոսի, Հիսուսի վրա եկող խումբն ամբոխ բազում էր, սրերով ու բրերով զինված, ուր կային նաև քահանայապետեր ու ծերեր։ Մարկոսը հիշատակում է անգամ դպիրների։ Հովհաննեսն ասում է, թե խումբը կազմված էր քահանայապետերի ու փարիսեցիների սպասավորներից ու գնդից, որ կրում էին զենքեր, ջահեր ու լապտերներ։ Այս տեղեկությունները գումարելով՝ գտնում ենք, որ Հիսուսի վրա եկող խումբը մի քամի մարդուց բաղկացած գաղտնի դավադիրների խմբակ չէր, այլ, ընդհակառակը, մի բազմամբոխ, որ ընդարձակ պատրաստվածությամբ էր գալիս՝ Հիսուսին բռնելու, ի հարկին դիմադրությանը դիմագրավելու, կամ, զանազան կողմեր բաժանվելով, պաշարելու։ Այս ամբոխի բուն կորիզը կազմում էին քահանայապետարանի սպասավորները կամ բարապանները։ Ասում են, թե սրամց հետ է եղել հռոմեացի զինվորների մի գունդ, որովհետև լատիներեն օրինակը գործածում է cohors պաշտոնական բառը։ Դա լեգեոնի տասներերդ մասն էր և բաղկացած էր մի քանի հարյուրակներից։ Այս առիթով, անշուշտ, պետք չէ կարծել, թե մի ամբողջ գունդ է եկել, այլ թերևս գնդից մի ջոկատ, որ սովորաբար քահանայապետարանի պաշտպնության, հատկապես զատկի օրերին ընդհանուր կարգապահության համար մեծ քահանայապետի ու սինեդրիոնի տրամադրության ներքո էր լինում։ Այս ձևով հռոմեական իշխանությունն ուղղակիորեն ձերբակալություն կատարած չէր լինում, այլ քահանայապետարանի հրեական իշխանությունն անուղղակիորեն օգտվում էր հռոմեական իշխանության ազդեցությունից։ Ընդունենք այդպես, որքան էլ հունական ու մեր օրինակներում գործածված բառերը չեն ստիպում մեզ՝ հռոմեացի զինվորների գնդի գոյություն ենթադրել, այլ պարզապես քահանայապետարանի զինյալ պահակներ։ Երբ ուղարկվում են ձերբակալությանն անհրաժեշտ պաշտոնյաները, ուշադրության է արժանի նույնիսկ քահանայապետերից, դպիրներից ու ծերերից, այսինքն՝ սինեդրիոնի անդամներից ու ժողովրդի ավագանիից ոմանց վերջիններիս ընկերանալը՝ անշուշտ գործը մոտիկից հսկելու, գործադրության մեջ թերության տեղիք չտալու ու նպատակին ապահովաբար հասնելուն հետևելու համար։ Այս հանգամանքը ցույց է տալիս պաշտոնական դասակարգում Հիսուսի նկատմամբ եղած բուռն ատելության սաստկությունը։
Ձերբակալության եկող խումբը, բացի սրերով ու բրերով զինված լինելուց, ուներ նաև ջահեր ու լապտերներ։ Լիալուսին գիշերվա դեպքում, երբ դեռ երկնքում երևում էր լուսինը, ճանապարհը տեսնելու համար, անշուշտ, ջահի ու լապտերի անհրաժեշտություն չկար։ Դրանց գործածությունը մի կողմից կարող ենք վերագրել զինվորների ներկայությանը, որ օրենքի համաձայն գիշերները ջահերով էին շրջում, չէին նայում լուսնի ու ժամի տարբերություններին, այլ կուրորեն հետևում էին կանոնին։ Մյուս կողմից՝ բոլորովին ավելորդ չպիտի նկատվեն ջահերն ու լապտերները, քանի որ խումբը պարտավոր էր անցնել նեղ ու անձուկ ճանապարհներով, պիտի գործեր Գեթսեմանիի պարտեզների թավ ոստերով ձիթենիների ներքո, և ով գիտի, թե ինչ անակնկալների դեմ հանդիման կարող էր գտնվել։
Գեթսեմանիի պարտեզը, որ Հիաուսի օթևանն էր, Ձիթենյաց պարտեզն էր։ Մինչև այժմ էլ այնտեղ նկատվում են ձիթենիների մնացորդները։ Մանավանդ մինչև հիմա ութ մետր շրջագծով մի հաստաբուն ձիթենի է կանգնած այդտեղ, որը զննելով բուսաբանները կարծում են, որ անհավանական չէ, որ այդ ծառը այս սոսկալի գիշերվա անցուդարձի ժամանակակիցը լինի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: