Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն:
Բայց քահանայապետն ու ժողովրդի ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին կորստյան մատնեն:
Կույր էին և չարագործ: Երբ տեսան, որ [Պիղատոսը Հիսուսին] ազատելու հնար գտավ` այդ տոնի սովորությունը, ավելացրին նաև այս մեքենայությունը, որովհետև ոչ միայն իրենք էին մոլորվածներ, այլև ամբոխին էին ապականում, որ պահանջեին Բարաբբային, իսկ Հիսուսին սպանեին, որպեսզի [քահանայապետից ու ծերակույտից] մեծ վրեժ խնդրվեր նաև [ժողովրդին] խաբելու պատճառով: Իսկ ինչպե՞ս համոզեցին` կասի մեկը: Համոզեցին կամ ներկայացնելով, թե [Հիսուսը] խափանում է օրենքը, կամ Հռոմեական տերության ահով. «Իրեն թագավոր է կոչում, և կգան հռոմեացիներն ու կոչնչացնեն մեր ազգը» (Հովհ. 11։48):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
20-23. Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն: Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»: Եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: Ամէնքը ասացին՝ թող խաչուի: Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի:
Այդ միջոցին, երբ Պիղատոսը ներս էր գնացել, և հրեներին առաջարկել էր երկու հանցապարտից մեկի նկատմամբ իրենց հաճությունը հայտնել, քահանայապետերը, դպիրները և ծերերը, այսինքն՝ ժողովրդի առաջն ընկած ժողովականները աշխատում էին, որպեսզի համոզեն ժողովրդին Բարաբբային գերադասել և նրա ազատությունն ուզել, որպեսզի Հիսուսի մահապարտության գործը ապահովվի: Պիղատոսն արդեն իր խոսքով կապվել էր՝ Հիսուսին և Բարաբբային համահավասար մահվան դատապարտված ցույց տալով: Հիսուսի ուխտյալ հակառակորդները նպատակներին հասան և «հաւանեցուցին զժողովուրդն, զինխնդրեսցեն զԲարաբայն եւ զՅիսուս կորուսցեն»: Մինչև յաժն Հիսուսին հակառակ շարժումներ և աղաղակներ էին տեղի ունեցել՝ որպես ուրիշների կողմից կատարված ցույցերի և հայտարարությունների պարզ և անխորհուրդ հետևողություն, ինչը հասարակ ամբոխի սովորական գործելաձևն էր: Այս անգամ մի փոքր տարբեր էր խնդիրը. անհրաժեշտ էր ժողովրդին հայտնել արածի և անելիքի նշանակությունը և միանգամայն նրա մտքից հեռացնել Բարաբբայի պես արյունարբու ավազակի նկատմամբ ատելությունը:
Ժողովրդականների հաջողությունը մեկնելու համար շատերը նշում են, թե պրետորիոնի առջև հավաքված ամբոխը վերջին միաշաբաթի օրը Հիսուսին օվսաննաներով փառավորող ժողովուրդը չէր: Այն գալիլիացի և բերեացի ուխտավորների բազմությունն էր, նախօրոք Հիսուսի համար խանդավառված, որ որոշակի ժամանակով բացակայությունից հետո Հիսուսին նորից տեսնելով, հանկարծ եռանդագին բորբոքում էր զգացել: Իսկ այստեղ հավաքված բազմությունը բնիկ երուսաղեմցիներ էին, որոնք Հիսուսի նկատմամբ երբեք շատ ջերմ չեղան և պատրաստ էին համակերպվել սինեդրիոնի ազդեցությանը: Բայց եթե այս հավաքված բազմության մեջ ուխտավորների ներկայությունն էլ ընդունենք, ապա քահանայապետերի և դպիրների համար դժվար չէր ժողովրդի միտքը գրավել հուսախաբության փաստով: Որովհետև կապված, դատված և դատապարտված Հիսուս չէր համապատասխանում ամբոխի ակնկալած փառավոր և հաղթական ու ազատարար մեսիայությանը, ինչպես ուրիշ տեղ էլ ասացինք (Մատթ. 27:2): Ըստ այսմ, հեշտությամբ է մեկնվում հրեական ամբոխի զգացմունքների հանկարծական հեղաշրջումը:
Երբ լրանում է ժողովրդին խորհելու համար տրված պայմանաժամը և դատավորին լուր է տրվում, թե ժողովուրդը պատրաստ է, Պիղատոսը նորից դուրս է գալիս սովորական քարահատակը և ընդհանուր ձևով իր հարցն ուղղում ժողովրդին, ասելով. «Ասացեք, ուրեմն, թե իմ ցույց տված երկու անձից՝ Հիսուս Նազովրեցուց և Հեսու Բարաբբայից, ու՞մ կյանքն եք ուզում, որ շնորհեմ և ազատ արձակեմ»: Հազիվ թե Պիղատոսն իր խոսքը ավարտեց, քահանայապետերը, դպիրներն ու ծերերը, որ առաջ էին անցել, ձայն տվեցին և ողջ բազմությունն էլ նրանց ձայնակցելով, սկսեցին գոչել ու աղաղակել. «Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն»: Պիղատոսը, որ այսպիսի պատասխան բնավ չէր սպասում և մեծահույս էր իր գործադրման հնարքի հաջողությանը, զարմանքով, իբր թե իր խոսքը շարունակելով, սկսեց կրկնել. «Չե՞ք ուզում, որ Նազովրեցի Հիսուսին արձակեմ, որ ձեր ազգին էլ թագավոր պիտի լինի»: Ժողովրդականներն ու ժողովուրդը, առանց Պիղատոսի խոսքերին ուշադրություն դարձնելու, միշտ իրենց ասածն էին կրկնում. «Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն»:
Պիղատոսը մի պահ լռեց, որպեսզի դադարի ամբոխի աղաղակը և իր խոսքը լսվի: Երբ մի փոքրմ հանդարտություն տիրեց, նորից է սկսում խոսել՝ ասելով. «Եթե ուզում եք, որ Բարաբբային արձակեմ, Հիսուս Նազովրեցուն ի՞նչ անեմ»: Քահանայապետեր ու դպիրներ անմիջապես պատասխանում են. «Ի խաչ հանզդա», և ժողովուրդը նրանց հետևից «խաչեսցի, խաչեսցի» աղաղակելով, սկսում է թնդացնել օդը: Այստեղ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մինչև հիմա հրեաները Հիսուսի մահապարտության վճիռն էին ուզում՝ առանց մահվան կերպը որոշելու և այստեղ առաջին անգամ պատժի կերպն էլ են սկսում մատնացույց անել և խնդրում են խաչի պատիժը: Անշուշտ, այս որոշումը թելադրեցին հանգամանքները, որովհետև Բարաբբայի համար արդեն որոշված էր խաչի պատիժը, խաչն էլ պատրաստված էր: Ուստի, երբ Պիղատոսը հարցնում է, թե ի՞նչ անի Հիսուսին, հրեաները շատ սովորական ձևով պատասխանում են. «Բարաբբայի համար պատրաստված խաչի վրա Նազովրեցուն հանել տուր»:
Հարկ էր, որ Պիղատոսը լռեր, մինչև հանդարտվեր ամբոխի ժխորը: Ապա երրորդ անգամ է խոսում՝ «Երիցս ասէ ցնոսա». «Ի՞նչ հանցանքի համար ես կարող եմ Նազովրեցուն խաչի պատժին դատապարտել, ի՞նչ ոճիր գործեց, չէ՞ որ ձեր առջև էլ դատեցի ու տեսաք, որ մեծ հանցանքի տեր մեկը չէ. ուստի, ինչպես սկզբում ասացի, եթե Բարաբբային արձակեմ, Հիսուսին միայն խրատական պատիժ կարող եմ տալ և ազատ թողնել, այլ ոչ թե խաչի մահվան դատապարտեմ»: Քահանայապետերը, դպիրներն ու ծերերը, Հիսուսի ուխտյալ թշնամիները, ահագին ժխոր բարձրացրին: Բազմությունն էլ նրանց հետևից անընդհատ կրկնում էր՝ «խաչեսցի, խաչեսցի»: Նրանք կամենում էին ասել, թե խրատական պատժով չեն գոհանա, ազատ արձակվելը չեն ուզում, անշուշտ, մահվան դատապարտվելն են պահանջում: Պիղատոսի նշանացի կամ բերանացի հայտարարությունները բավական չէին՝ լռեցնելու բազմությանը: Անընդհատ և անդադար կրկնվում էր «խաչեսցի» աղաղակը: Դատավորն իրեն շվարած էր զգում մոլեգին ամբոխի պահանջմունքների հանդեպ: Իր մտածած մեծ հնարքը բոլորովին անհաջողության էր մատնվել, որովհետև իր իսկ անմտությամբ և սեփական մտադրությանը հակասելով, միանգամայն անմեղ Հիսուսին մահապարտ Բարաբբայի հետ բաղդատության էր դրել: Ի վերջո ինքը տկարանում էր և «զօրանային բարբառքն նոցա»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: