Հովհաննես Ծործորեցի (†1338)
Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր:
 Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետերին պատմեցին այն ամենը, որ եղավ:
 Ի՞նչ է «երբ նրանք գնացին» [խոսքը ցույց տալիս]: Ցույց է տալիս, որ կանայք չվախեցան զինվորներից, այլ Տիրոջ և հրեշտակի խոսքերից քաջալերվեցին, լսեցին հրեշտակի ավետիսը, տեսան քարը գլորված, գերեզմանը` միայն կտավներով զարդարված, Տիրոջն էլ` հարություն առած և այդպես անհոգությամբ գնացին, որովհետև նրանց վախը զինվորների վրա ընկավ: Եվ որպեսզի չկարծվի, թե զինվորներն այնտեղ չէին, [ավետարանիչն] ասում է. «Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք եկան քաղաք»:
 Բայց այստեղ ո՛չ փոքր տարակուսանք է առաջանում, երբ պարզ մեկնությամբ ենք հասկանում ասվածները: Որովհետև եթե, ըստ այս պատմության կարգի, հրեշտակի իջնելուց ու քարը մի կողմ գլորելուց հետո էր, որ զինվորները եկան ու կատարված ամեն ինչ պատմեցին քահանայապետերին, ինչո՞ւ էին վերջիններս իրենց դրամն իզուր վատնում, չէ՞ որ քարի կնիքը կոտրվել էր, և ուրեմն խոսք ու իրավացի պատճառներ պատրաստ ունեին` իրենց արդարացնելու և պահապաններին պատժելու համար: Որովհետև հենց այն նպատակով մոտեցան կուսակալին և խնդրեցին քարը կնքել ու պահապաններ կարգել, որ չպատահեր այն, ինչը կասկածում էին, այսինքն` որ աշակերտները կգողանային մարմինը: Եվ եթե սա պատահեց, որովհետև կնիքը կոտրվել էր, և մարմինը գերեզմանում չէր, ուրիշ ի՞նչ իրավացի պատճառ էր պետք, որ զինվորներին հանձնեին կուսակալին` մահվան դատապարտելու, կամ որ լավ չպահպանեցին [գերեզմանը], կամ էլ որ կաշառք վերցնելով` մարմինը տվեցին աշակերտներին: Եվ այս դեպքում ոչ ոք չէր ընդդիմանա նրանց, այլ ամենքը իրավացի կհամարեին [այսպիսի որոշումը]: Ուրեմն ինչո՞ւ իրենք իսկ առաջարկեցին իրենց արծաթը, ինչն անգամ խելագարը չի անում: Չի կարելի նաև մտածել, թե բարեբարո ու մարդասեր էին և պահապաններին փրկելու համար էին արծաթը վատնում. որովհետև եթե բյուրապատիկ բարիքներ Գործողին չխնայեցին, այլ նախանձից մահվան մատնեցին, ինչպե՞ս կխնայեին մահվան արժանիներին` իրենց դրամը վատնելով: Հետևաբար, պետք է իմաստությամբ այս խնդիրը լուծել, որպեսզի մի բանի տեղ ուրիշ բան չկարծենք, և ճշմարտությունը մեղադրանքի չենթարկվի:
 Նախ ասենք, որ մյուս ավետարանիչներից ոչ մեկը պահապանների մասին ոչինչ չի գրել. ո՛չ որ պահապաններ կարգեցին, ո՛չ էլ որ կաշառքով գողացան հարությունը: Միայն Մատթեոսն է ասում, որ [քահանայապետերը] պահապաններ պահանջեցին և կնքեցին քարը, գրում է նաև, որ զինվորները քաղաք գնացին ու պատմեցին քահանայապետերին: Ուստի հասկանում ենք, որ զինվորները ոչ թե մի անգամ են եկել քահանայապետերի մոտ ու պատմել իրենց տեսած հրաշքների մասին, այլ երկիցս: Առաջինը` երբ Տերը հարություն առավ. որովհետև թեպետ Հարուցյալին չտեսան, սակայն հրեշտակային երևումները, փայլատակումները, կայծակներն ու երկրաշարժը տեսան և հասկացան, որ Նա, Ով գերեզմանում էր, հարություն է առել: Եվ դրանից զարհուրած` մեռելի պես [վախեցան] և վառված ջահով մոտենալով գերեզմանի դռանը, քանի որ քարե խուփը քարակոփների արհեստով կպած չէր գերեզմանին` նայեցին ճեղքից ներս և տեսան, որ մարմինն այնտեղ չէր, իսկ մատանու կնիքը [դեռ] կոտրված չէր: Եվ արագորեն գնացին քահանայապետերի մոտ, պատմեցին ստուգությամբ և լավ պահպանություն կատարած լինելով` իրենց արդարացրին նրանով, որ ահա քարի վրայի կնիքը չի խախտվել, սակայն մարմինը ներսում չի երևում: [Քահանայապետերն] էլ եկան տեսան, ինչպես պահապաններն էին ասել, հասկացան, որ [Հիսուսը] հարություն է առել, և մեծ ահով պաշարվեցին, որովհետև ինչը կասկածում էին, դրա մեջ բռնվեցին: Ուստի ավետարանիչը զինվորների` [քահանայապետերի մոտ] ոչ թե առաջին գալստյան մասինմ է պատմում, այլ երկրորդ: Մյուս ավետարանիչները] պահապաններին բնավ չեն հիշում, իսկ սա մի պատմությամբ բավական է համարում հայտնել երկու գալուստների մասին, որովհետև դրանք ժամանակով հեռու չէին իրարից, այլ [առաջինը եղավ Հիսուսի] հարությունից [անմիջապես] հետո, իսկ [երկրորդը]` երբ հրեշտակն իջավ ու քարը գլորեց: Այդ հրաշքը ևս տեսնելով` զինվորները, որ քահանայապետերի խրատով միառժամանակ այդտեղ էին մնացել (քանի որ [քահանայապետերը] կարծում էին, թե [Հիսուսի] հարության մասին չէր իմացվի և այդ դեպքը թաքուն կպահվեր), [այժմ] արագորեն գնացին և կատարված երկրորդ հրաշքն էլ պատմեցին քահանայապետերին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
11-15. Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր: Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. «Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք: Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»: Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր:
Մատթեոսի հետ մենք էլ մի պահ ընդհատենք Հիսուսին հտևողների ու երևումների պատմությունը և նկարագրենք քահանայապետարանի ու զինվորների շրջանում այս մասին տեղի ունեցող անցուդարձը։ Գերեզմանի պահապան զինվորները, սարսափահար ու շփոթված, տեղերում մնալու անհրաժեշտությունը չտեսնելով, որոշէլ էին քաղաք վերադառնալ։ Լինելով քահանայապետարանի պահպանության համար հատկացված ջոկատի զինվորներ՝ ուղիղ քահանայապետարան եկան և զինվորական ղեկավարին հասկացրին եղածը։ Սա էլ, դատավորի մոտ գնալու փոխարեն, ուղղակի հայտնեց քահանայապետերին, քանի որ քաղաքական իշխանությանը վերաբերող խնդիր չկար։ Քահանայապետերը իրենց վախը իրականացած տեսնելով հասկացան, որ կատարվել էր Հիսուսի մարգարեությունը, ինչպես էլ նախատեսել էին և ճիշտ այդ նպատակով էլ զինվորական պահպանություն սահմանել գերեզմանի մոտ։ Գործը հասավ սինեդրիոնի ժողովին, տեղի ունեցավ խորհրդակցություն և որոշումը այն եղավ, ինչը որ մտածել էին առաջ, այն է՝ զինվորների վկայությամբ Հիսուսի աշակերտների վրա գողության ամբաստանությամբ կեղծել հարության ստուգությունը և ուրանալ այն։
Իշխանավոր քահանայապետերից ոմանք զինվորներին կանչեցին առանձին-առանձին և նրանց պարտ ու պատշաճ հանձնարարություններ տվեցին. «Չլինի, թե պատմեք գերեզմանի ինքն իրեն բացվելու, լուսավոր տեսիլքների և հրեշտակի երևալու մասին։ Սրանք միայն դուք եք տեսել։ Եթե դուք չխոսեք այդ մասին, ապա ձեզ հակառակ խոսող չի գտնվի։ Նազովրեցու մարմնի անհայտանալու վերաբերյալ կասեք, թե գիշերվա մի պահի քուններս տարել էր և Հիսուսի առաքյալները, օգտվելով առիթից, եկան, բաց արին գերեզմանը ու մարմինը գողացան։ Եթե վախենում եք, որ դա ասելով, իբրև ձեր պաշտոնում թերացած, կպատժվեք դատավորից, ապա հանգիստ եղեք։ Երաշխավորում ենք, որ դատավորին անհրաժեշտը մենք կհասցնենք և դուք պատասխանատվություն չեք կրի։ Ահա ձեզ արժանի գումար ենք տալիս և սպասում մեր հանձնարարության կատարմանը»։ Այս ասելով, «արծաթ յոյժ ետուն զօրականացն»: Նրանք «առեալ զարծաթն, արարին որպէս ուսանն»` խոսեցին այնպես, ինչպես լսեցին։
Թեև Ավետարանը չի ասում, բայց խոսքն անշուշտ հասավ մինչև դատավորի ականջը և քահանայապետերը հարկադրվեցին խոստովանել, թե զինվորների ասածը ճշմարիտ չէ և նրանք պարտականությունը կատարելիս չեն թերացել, այլ իրենք են այդպես կարգադրել՝ երկրի խաղաղությունը պահպանելու համար, որպեսզի Նազովրեցու հետևորդները այդ պարագայից օգուտ չքաղեն և երկրում նոր վրդովմունք ու հուզում չառաջացնեն։ Դատավորը, այդ Հիսուսի գործի պատճառով կրած ձանձրությունից հոգնած, թույլ տվեց, որ նրանց խոսքն անցնի, իբրև թե ինքը բան չի իմացել, ապա թե ոչ, ըստ հռոմեական օրենքի, ամեն զինվոր, եթե թերանար իրեն վստահված պահպանության գործում, որքան էլ աննշան լիներ պահպանության առարկան, զանցառության համար պիտի վճարեր սեփական կյանքով։
Ուստի անհնար էր և է, որ հռոմեացի զինվորները քնելով, թույլ տային գողանալ Հիսուսի մարմինը։ Մյուս կողմից էլ քահանայապետերը շատ տխմար բացատրություն են տալիս։ Գերեզմանի քարը «էր մեծ յոյժ», որ առանց դղրդոցի չէր կարող շարժվել ու տեղից գլորվել։ Գերեզմանի արտաքին նեղ սենյակի դուռը զինվորների առջև բաց էր։ Այնտեղ մտած ու քարը գլորած պիտի լինեին մոտ չորս-հինգ առաքյալներ։ Մեկ-երկու հոգով քարը չէին կարող շարժել և այս գործողությունների ժամանակ զինվորները ոչ թե քնած, այլ պետք է մեռած լինեին, որպեսզի այդքան նեղ տեղում կատարված գործողություններից ո՛չ արթնանային և ո՛չ էլ որևէ բան իմանային, քանի որ առանց վերջիններիս կոխկռտելու ՝ անհնար էր բան անել։ Իսկ եթե իրոք մեռյալի պես քնել էին, ապա ինչպե՞ս տեսան առաքյալներին, ինչպե՞ս իմացան գերեզմանի բացվելը, ինչպե՞ս հասկացան, որ մարմինը գողացվել է։ Եթե գործի վերջում արթնացան ու հասկացան, ինչո՞ւ չվազեցին գողերի ետևից, ետ չվերցրին գողացված մարմինը, որը իրենց համար շատ դյուրին պիտի լիներ։ Եվ եթե, վերջապես, ոչ թե քնած էին, այլ առաքյալների կողմից կաշառվելով թույլ տվեցին, որ մարմինը գողանան, ինչո՞ւ քահանայապետերը չամբաստանեցին զինվորներին ու քաշ չտվեցին դատարան, ինչն առաքյալների կատարած խաբեության ավելի հաստատուն փաստը պիտի լիներ։ Ընդհակառակը, իրենք զինվորներին կաշառեցին և նրանց «արծաթ յոյժ ետուն»։
Այդ շատ բնական ու արդարացի կետերին հակառակ, հրեաները սիրեցին հավատալ իրենց կազմած բացատրությանը, որն իրենցից դուրս գալով սկսեց տարածվել նաև այլ վայրերում և Մատթեոսն էլ գրելիս վկայում է, թե այս համբավը շրջում է «մինչեւ ցայսօր»։ Մատթեոսի գրելուց հետո նույնպես այդ զրույցը տարածողներ եղան, բայց այն հաստատում չգտավ։ Քրիստոնեության ձեռք բերած անօրինակ հաջողությունը իր վարդապետությունների ստուգության իրական ու գործնական փաստն է և Հիսուսի հարության վարդապետությունն ու հավատքը այնպիսի ներքին ձևով են կապված քրիստոնեության հետ, որ հարությունը և քրիստոնեությունը դարձել են նույնանշան և նույն բանը, մինչև իսկ Պողոս առաքյալն իրավունք է ունեցել ասելու. «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատքն ձեր» Ա. Կորնթ. 15:14։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: