Ծննդոց գրքի մեկնություն 28:12

Ա. Լոպուխին

12-15․ Նա երազ տեսավ. երկրի վրա մի սանդուղք էր դրված, որի ծայրը երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները ելնում–իջնում էին դրանով։ [12] Եվ ահա Տերը կանգնած էր սանդուղքի վրա և ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը: Այն հողը, որի վրա պառկած ես, տալու եմ քեզ և քո սերնդին: Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի արևմուտք և արևելք, դեպի հյուսիս ու հարավ: Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը: Ահա ես քեզ հետ եմ և պաշտպանելու եմ քեզ ամեն տեղ, որտեղ գնաս, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»: (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի այս ծանր և տագնապալի վիճակը  բարենպաստ պայման է հանդիսանում (երազում) առաջին հայտնության ընդունման համար։ Այս հայտնությունն ուղղակիորեն համապատասխանում էր Հակոբին հուզող կենսական կարիքներին.

   1․ Աբրահամին և Իսահակին տրված աստվածային խոստման հանդեպ հավատի ամրապնդմանը,

   2․ Եսավի կողմից կամ հնարավոր այլ փորձանքներից սեփական անվտանգության վերաբերյալ հավաստիացմանը:

   Թե՛ մեկը, թե՛ մյուսը Հակոբին տրվում են՝  համաձայն Տիրոջ խոսքի (Ծննդ. 28:13–14), ընդ որում՝ այստեղ տրվում է նաև սերունդների օրհնության մասին կարևորագույն խոստումը, որ հատուկ էր Աստծուց ընտրված նահապետներին, թեև «Հակոբի առջև չի բացվում Իսրայելի ժողովրդի ողջ ապագան, ինչպես բացվեց Աբրահամի (Ծննդ. 15:13)՝ ամուր հոգի ունեցող այդ մարդու առջև…» (Գ. Կ. Վլաստով, Սրբազան տարեգրություն, 1878, 1, 253)։

   Հակոբի տեսիլքի ողջ բնութագիրը համապատասխանում է այն միջավայրին, որտեղ ապրում էր Աստծո ժողովրդի ապագա նահապետը։ Տեսիլքի ողջ պատկերում երեք տարրեր կան, որոնք արտաքնապես առանձնանում են երեք «ահա»–ներով, եբր. hinneh):

   1․ Երկրից երկինք բարձրացող սանդուղքը խորհրդանշում է երկրի և երկնքի սերտ կապը։ Այն մարդուն մխիթարող ճշմարտությունն է. այն, որ նա թողնված չէ միայն երկրային ուժերին, այլ ունի մուտք դեպի երկինք և այնտեղից օգնություն ստանալու հնարավորություն։ Արժանահավատ է Գունկելի վկայությունը այն մասին, որ երկնային սանդուղքի մասին ընկալումը տարածված էր Հին Արևելքում, հատկապես Եգիպտոսում (Գատորի սանդուղքը, որով երկինք էին բարձրանում ննջեցյալների հոգիները), սակայն ճիշտ չէ վերոհիշյալ գիտնականի այն պնդումը, որ սանդուղքի տեսիլքը ոչ մի ընդհանրություն չունի Հակոբի հետագա պատմության հետ. ընդհակառակը՝ կապը բավականին սերտ է։

   2․ Հրեշտակները բարձրանում և իջնում էին սանդուղքով, այսինքն՝ մարդկանց աղոթքները, մտքերը, հոգսերը և այլն բարձրացնում էին առ Աստված և իջեցնում էին Աստծո ողորմության բարիքները։ Թալմուդն ու Միդրաշը (Beresch. R., 333) «բարձրանալը» և «իջնելը» մեկնաբանում են այն իմաստով, որ այն հրեշտակները, որոնք Քանանի ճանապարհին ուղեկցում էին Հակոբին, բարձրացան երկինք, իսկ մյուսները, որոնք պիտի ուղեկցեին Հակոբին դեպի քաղդեացիների երկիրը, երկնքից իջան երկիր։ Որոշ առումով նման մեկնության համար հիմք են դառնում Ծննդ. 32:1–2–րդ համարներում հիշատակված հրեշտակների երկակի զորքերը («մախանանամ»)։  Ըստ Հին Կտակարանի՝ 12–րդ համարը հրեշտակների գոյության և գործունեության  դասական ապացույցն է, համաձայն որի նրանք միջնորդներ են մարդկանց և Աստծու միջև (հմմտ. Հովհ. 1:51):

   3․ Սակայն հրեշտակների այս միջնորդությունը չի բացառում Աստծո անմիջական ներգործությունը Իր ընտրյալների վրա: Յահվեն, որպես ուխտի Աստված, կամ Յահվեի Հրեշտակը (Աստծո Որդին մինչև մարմնացումը, հմմտ. գլ. 31:11–13, Եր. Թեոդորետ, Պատ. 90–րդ հարցին, ըստ Թարգումի՝ շեհինա, Աստծո փառքը) կանգնած էր սանդուղքի վրա (սանդուղքից վեր՝  alav) և պարգևում էր մխիթարության շնորհ Իր ընտրյալին և ի դեմս նրա՝ հավատացյալ մարդկության բոլոր սերունդներին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նա երազ տեսաւ. երկրի վրայ հաստատուած էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում իջնում էին:
(Արարատ թարգ․) Եվ երազ տեսավ. ահա մի սանդուղք, որ հաստատված էր երկրի վրա, իսկ մյուս ծայրը երկինք էր հասնում: Եվ ահա Աստծո հրեշտակները նրանով բարձրանում ու ցած էին իջնում:
(Գրաբար) Եւ ետես տեսիլ: Եւ ահա սանդուղք հաստատեալ յերկրի, որոյ գլուխ իւր հասանէր մինչչեւ յերկինս: Եւ հրեշտակք Աստուծոյ ելանէին եւ իջանէին ընդ նա: