Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու:
 Եվ իսկույն դուրս գալով գերեզմանից` ահով ու մեծ խնդությամբ ընթացան պատմելու աշակերտներին:
  Ահից ու խնդությունից արագ էին ընթանում և շտապում ժամ առաջ տալ աշակերտներին հարության ավետիսը: Բայց ի՞նչ է ներհակ բաների միմյանց խառնելը, որ [ավետարանիչն] ասում է, թե ահով ու մեծ խնդությամբ էին ընթանում: «Ահ»-ով նկատի ունի ոչ թե վախը զինվորների հանդեպ, որոնց տեսան մեռելի պես ընկած, մի մասին` մեռած, մյուսներին էլ` փախած, այլ զարմացումը, որ եղավ այդ տեսարանից և որը մասամբ վախ էր, ահաբեկում, [մասամբ] էլ` սքանչացում` նոր ու անսովոր բաների ականատես լինելուց: Ինչպես որ Պետրոսը գնաց մտքում զարմանալով 1670, այդպես էլ կանայք էին զարմացել պատահածի վրա, ինչպես Կղեովպասն ասաց. «Եվ որոշ կանայք մերոնցից զարմացրին մեզ» (Ղուկ. 24:22): Քանի որ գերեզմանը դատարկ էր մնացել մարմնից, դա տեսնելով` մտածում էին, որ այն գողացված լինել չէր կարող` նախ պահապանների հսկողության պատճառով, և երկրորդ` շորերի դասավորության. ըստ Հովհաննեսի` «վարշամակը... մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված, մի կողմ էր դրված» (Հովհ. 20:7): Իսկ խնդությամբ էին լցված հարության` հրեշտակի ազդարարած ավետիսի պատճառով և այդպես, «ահով ու մեծ խնդությամբ» լցված, ավելի շատ խնդությամբ, քան վախով, ընթանում էին պատմելու` իրագործելով մարգարեական սաղմոսի սպասավորությունը. «Ծառայե՛ք Տիրոջը երկյուղով և ցնծացե՛ք Նրա առաջ ահուդողով» (Սաղմ. 2:11):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
8-10. Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու: Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան: Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»:
Կղեովպա Մարիամը, Զեբեդյան Սողոմեն, Քուզա Հովհաննան և իրենց մյուս ընկերները, հրեշտակներից լսած ավետիսի մասին խոսակցելով ետ էին վերադառնում, ստացած հանձնարարության համաձայն, գնում էին առաքյալներին հաղորդելու Հիսուսի հարության լուրը։ Հրեշտակը պատվիրել էր մտաբերել այն, ինչ Հիսուս Գալիլիայում քարոզելիս գուշակել էր Իր մահվան ու հարության առիթով։ Միմյանց օգնելով՝ սկսեցին մտաբերել զանազան առիթներով ու տարբեր հանգամանքներում Հիսուսի ասածները։ Երբ դպիրների ու փարիսեցիների հալածանքները սաստկանում էին, Հիսուս, նրանցից խույս տալով, ասում էր, թե դեռևս Իր ժամանակը չի հասել, բայց երբ ժամանակը հասնի, հակառակորդները պիտի ուժեղանան, Ինքը պիտի մատնվի, խաչվի ու սպանվի, բայց երրորդ օրը նորից ողջ պիտի լինի։ Տեսնելով գուշակությունների իրականանալը՝ քաջալերվում էին և «Ընթանային պատմել աշակերտացն»,- ինչպես գրում է Մատթևոսը։ Սակայն միաժամանակ նրանց հոգին պարուրվում էր կասկածով ու վարանումով, չէին կարողանում ըմբռնել եղելությունը և ավետիսի ստանալը իրենց մտքում չի տեղավորվում, ուստի խույս տալով՝ կամենում էին թաքնվել, «փախան ի գերեզմանէն», որովհետև «երկնչէին» էին, որևէ մեկի մոտ գնալ ու պատմել չէին ցանկանում, որովհետև «երկնչէին»։
Այդ պատճառով ճանապարհն անցնում էին վարանումով և Երուսաղեմ հասնել էին շտապում, մինչդեռ Մագդաղենացին, Հիսուսին տեսնելուց ոգևորված, շտապում էր արագ Երուսաղեմ հասնել։ Ճանապարհին յուղաբերները կրկին միացան իրենց գլխավորին՝ Մագդաղենացուն, լսեցին նրան երևալու մասին, հետևեցին Մագդաղենացու եռանդուն ոգևորությանը և իրենք էլ կրկին ոգևորվեցին։ Դարձյալ ամենքը մեկտեղ «ընթանային պատմել աշակերտացն»«Ողջ էք»։ Բոլորն էլ միանգամից ճանաչում են սիրելի վարդապետին։ Բայց Նրան են մոտենում մի տեսակ երկյուղած վարանումով. նախ իրենց հարգանքի երկրպագությունն են անում, ապա խոնարհվում են, փարվում ոտքերին ու համբուրում։ Հիսուս քաջալերում է նրանց. «Վախենալու բան չկա, շփոթվելու պատճառ չկա, Մի՛ երկնչիք, ես իսկ եմ ձեր իմացած վարդապետը, ինչպես տեսնում ու շոշափում եք։ Գնացե՛ք, տեսածներդ պատմեցեք իմ առաքյալներին, իմ սիրելի եղբայրակիցներին պատմեցեք, որ, նախկին ասածիս համաձայն, Գալիլիա էլ պիտի գնամ և այնտեղ էլ միմյանց հետ կտեսակցենք ու կխոսենք»։
Յուղաբերների ուրախությանը չափ չկար։ Ամենքն էլ հավասարապես արժանացել էին հարուցյալ Հիսուսի տեսությանը։ Աչքերով Նրան տեսել, ականջներով ձայնը լսել, ձեռքերով բռնել էին ոտքերը։ Այլևս երկմտելու տեղ չէր մնացել։ Հրեշտակների տված ավետիսի համաձայն, Հիսուս այլևս մի մեռյալ չէր, Նա հարություն էր առել, վերակենդանացել, կատարվել էին Իր գուշակությունները, Խաչյալը հաղթել էր մահին։ Այս հաստատուն համոզմամբ արագացնում են յուղաբերներն իրենց քայլերը, որպեսզի վայրկյան առաջ մեծ ավետիսը հասցնեն առաքյալներին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: