Ծննդոց գրքի մեկնությու 3:17

Սրբ. Եփրեմ Ասորի

17-21.  Աստուած Ադամին ասաց«Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ  պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»: Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը: Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց: 

   

   «Եւ ասում է Ադամին. Քանի որ դու ականջալուր եղար կնոջդ, քո պատճառով անիծյալ լինի երկիրը»: Պատիվ անելով մարդուն, անիծեց երկիրը Ադամի փոխարեն: «Անիծված լինի երկիրը քո պատճառով», այն երկիրը, որ քեզ համար օրհնվեց: Ցավով և տրտմությամբ կօգտվես դրանից, որովհետև կարծեցիր, թե իբրև Աստված բնակվելու ես դրա վրա: «Ցավով և հառաչանքով կուտես ...», որովհետև կարծեցիր, թե խաղաղվելու ես դրա մեջ: «Քո մեջ թող փուշ և տատասկ բուսնի, կենաց ծառի փոխարեն», «ուտես վայրի բանջար» դրախտի պտղի փոխարեն: «Եվ քո երեսի քրտինքով ուտես քո հացը», որովհետև կարծեցիր, թե հեշտությամբ պիտի ուտես: «Մինչև վերադառնաս այն երկիրը, որից ստեղծվեցիր, որովհետև հող ես դու», այսինքն ըստ քո բնության դու հող ես և Աստված չես, ինչպես մտադիր էիր լինել: Այն ժամանակ, երբ մարդուն ստեղծեց հողից, նրան Աստծու պատկեր կոչեց և ոչ թե հող, և երբ հողը կամեցավ լինել իր Արարչի նման, հեռացրեց նրանից Աստծու պատկերը և ասաց. «Հող էիր և հող կդառնաս»: Արդ եթե, Ադամի միտքը կապված և հաստատուն մնար իր Արարչի պատվերի մեջ, նրա մարմինն այդ կարգից չէր խաթարվի: Եվ եթե մնար նրա հավատով, չէր զրկվի այն կենաց ծառից: Նրա և կենաց ծառի միջև թշնամություն դրեց, որովհետև նա բարեկամություն արեց ... թշնամու հետ ... Եվ որովհետև չպահեց պատվերը, նրան թույլ չտվեց լինել այնտեղ՝ դրախտում: Հնարավոր չէ, որ նա, ով եղավ Արարչի թշնամին, լիներ Արարչի գործի բարեկամը, կամ երբ ապստամբեց նա Արարչի դեմ, հնարավոր չէր, որ նրան հնազանդվեին Արարչի արարածները: Եթե մարդը պահեր պատվիրանը` նրանով կթագավորեր և եթե պահեր կենդանի շունչը, նրանով կհաստատվեր:

   Մարդն իրեն սպանողի հետ սիրո ուխտ արեց, իսկ բարերարի հանդեպ չարության խորհուրդ արեց, որովհետև ծառին մոտենալով ցույց էր տալիս օձի խրատի հաստատուն լինելը: Այդ ծառից ուտելով Աստծուն սուտ համարեց, իբրև թե Նա նախանձելով արգելեց իրեն ուտել ծառից: Իսկ երբ ամաչեց և մոտեցավ, հանդիմանվեց և մերկանալով խայտառակվեց, ապա նա տեսավ իր նենգավոր թշնամու նախանձը և արարչի սերը ... Դատավորն իր հարցն ուղղեց յուրաքանչյուրին, իսկ հանցավորները միմյանց վրա գցեցին իրենց հանցանքները:

   Դատավորն իր հարցը տարածեց բոլորի վրա, որպեսզի թակարդն ընկնի նա, ով բոլորին ստիպեց մեղանչել: Նախ Ադամը որսվեց հանցանքի մեջ, սակայն տես, իրապես Եվան որսվեց, գնաց ու եկավ Ադամի մոտ, դարձյալ նրան որսաց Եվան և որսված գտնվեց օձի կողմից, որ եկավ ու գնաց Եվայի մոտ:

   Երբ Աստված տեսավ, թե օձը եղավ հանցանքների ոտքը, նրան առանց ոտքերի դարձրեց: Ադամի բերանով պատասխան գտավ տալ. «Կինը, որ տվեցիր ինձ», իսկ Եվայի` «Օձն, ասում է խաբեց ինձ»: Օձի բերանը զրկվեց պատասխան տալուց և նրան տրվեց հող, որպեսզի փակվի նրա բերանը, որպեսզի հողը լինի նրա բերանի հանդիմանիչը, իսկ նրա ոտքերի կտրելը` նրա չարության վկան: Որպեսզի սրանով սովորեցնի, թե բերանը, որ պաշտում է մոլորության խաբերությունը, այսպես կհատուցի, և ոտքը, որ ընթանա դեպի չարը անմիջապես, շուտափույթ կհասնի իր կործանմանը: Ադամը պետք է իմանար ... թե նա, որ ավելի տկար էր իրենից կնախանձեր իրեն և Նա, որ ավելի զորեղ է իրենից օգնական կլինի իրեն...

   Արդ նա, ով ձրիաբար տվեց բազում բարիքներ և պարգևներ, արժանի էր հավատարմության, քանի որ խոստացավ ծածկված խորհուրդներն առանց գրավականի հայտնել, ինչո՞ւ պետք է Նրան արհամարհեին: Բազմացրեց տվեց նրանց, թեև պարտք չէր, որպեսզի փոխարենը հավատան, թե մեծ բարերարություն են ստանում: Նրա իմաստությունը թույլ չտվեց զրկել նրանց այն ամենից, որ նրանց բաշխեց սիրով, սակայն փոխարենը ոչինչ չստացավ ... Ահա, եկավ ողորմությունն իր սիրով և շտապեց տալ առանց ջանքի: Ճշմարտությունը եկավ իր սիրով, որպեսզի մենք ողորմությամբ պապանձված չլինենք, այլ` ճշմարտությամբ պահանջող, որովհետև նրանք, որ ստանում են ողորմությունը` պարտավորվում են, և որ պահանջում են` շնորհներն ընդունում են: Այսպես մեզ համար այն դարձրեց քաղցր և բարերար, որպեսզի մենք փոխհատուցենք որպես շնորհարարներ, և նա մեզ հատուցի իբրև շնորհապարտ:

   Եվ քանի որ բավական չէր, որ միայն Ադամը առանձին հատուցեր իր հանցանքների վրեժը, նրա մեղքերի պատուհասների պատիժները ձգվեցին նրա սերունդների վրա, ովքեր կքած չէին մեղքերի տակ, որպեսզի հանցանքների հատուցումը պահանջվեր իրենց մեծության համաձայն, և ազատությունը իր տերության իշխանության կողմից հարկադրաբար չմերժվեր: Իսկ ինչո՞ւ հարցրեց միայն Ադամին և Եվային, իսկ օձին ոչ, և եթե նա կապված էր բնությանը, ինչու դատապարտվեց նրանց հետ, ովքեր ազատություն ունեին, իսկ եթե նա էլ ազատություն ուներ, ինչո՞ւ Աստված չհարցրեց նրան: Նրան չհարցրեց, որովհետև գիտեր, թե նա ում փոխարեն է խոսում և գիտեր, թե ինչ է լսելու: Եվ նախ օձը ստացավ պատուհասների պատիժը, որպեսզի մարդիկ զղջան և թողություն խնդրեն Աստծուց: Եվ քանի որ չցանկացան ապաշխարել, նրանց վրա դրեց մահվան վճիռը և նրանք դարձան հող՝ օձի կերակուր: «Հողից ես դու, ասում է և նորից դեպի հողը կդառնաս», իսկ օձին ասում է. «Հողը կլինի քո կերակուրը»:

   

Ա. Լոպուխին

Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց քեզ պատվիրեցի ասելով  չուտել նրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով, տանջանքով հայթայթես երկրից քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին։ (Սինոդական թարգ․)[17]

   

   Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար...»... Ադամի՝ մեղսագործության հիմնական մեղավորի նկատմամբ դատավճիռը, ազդարարվում է նրա մեղքի հատուկ պարզաբանմամբ, հատկապես մատնանշելով այն, թե ինչպես վերջինս՝ կնոջը սթափեցնելու փոխարեն, ինքն է ընկնում նրա գայթակղիչ ազդեցության ներքո:

   Անիծյալ լինի երկիրը... Այս փաստի լավագույն բացատրությունը մենք գտնում ենք հենց Սուրբ Գրքում՝ առավելապես Եսայի մարգարեության մեջ, ուր կարդում ենք. «Երկիրը պղծվեց իր բնակիչների պատճառով, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները եւ դրժեցին հավիտենական ուխտը։ Այդ պատճառով նզովքը պիտի ճարակի երկիրը, և նրա վրա ապրող բնակիչները պատիժ պիտի կրեն» (Ես. 24։5–6): Հետևաբար, տվյալ հատվածում տրված է մարդու ճակատագրի և ողջ բնության գոյության սերտ կապի աստվածաշնչյան համընդհանուր գաղափարի միայն մասնակի արտահայտությունը (Հոբ 5։7, Ժողովող. 1։3, 2։23, Հռոմ. 8։20): Աստվածային այս անեծքը երկրի պարագային արտահայտվեց վերջինիս արտադրողական ուժերի աղքատացման, նվազման մեջ, ինչն իր հերթին առավել ուժգնորեն ազդում է հենց մարդու վրա, քանի որ հանապազորյա հացը հայթայթելու համար նրան դատապարտում է ծանր, քրտնաջան աշխատանքի:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Աստուած Ադամին ասաց«Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին:
(Արարատ թարգ․) Եվ Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր կնոջդ խոսքին և կերար այն ծառից, որից քեզ պատվիրեցի չուտել, ապա անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությամբ ուտես դրանից կյանքիդ բոլոր օրերին:
(Գրաբար) Եւ ցԱդամ ասէ. Փոխանակ զի լուար ձայնի կնոջդ քոյ, և կերար ի ծառոյ անտի, յորմէ պատուիրեցի քեզ անտի միա՛յն չուտել, և կերար ի նմանէ, անիծեա՛լ լիցի երկիր ի գործս քո. տրտմութեամբ կերիցես զնա զամենայն աւուրս կենաց քոց։