Ծննդոց գրքի մեկնություն 32:1

Ա. Լոպուխին

1-2․ Հակոբն էլ գնաց իր ճանապարհով: Նա տեսավ Աստծու հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները: [1] Հակոբը տեսնելով նրանց` ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղի։
   
   Հակոբը այլևս չէր վախենում Լաբանից, բայց փոխարենը սկսել էր վախենալ եղբորից։ Մարդասեր Աստված, ցանկանալով քաջալերել արդարին և նրանից վանել վախը,  Հակոբին հրեշտակների բանակը տեսնել շնորհեց (սուրբ Հովհան Ոսկեբերան, զր. 58, էջ 625): Ըստ Յաշարի գրքի վկայության՝ Ռեբեկան 72 մարդ է ուղարկել՝  պաշտպանելու Հակոբին՝ ընդդեմ Եսավի 400 մարդկանց, որոնք ուղարկվել էին Լաբանի դրդմամբ: Որոշ հրեա մեկնիչներ «Աստծու հրեշտակները» կամ «Աստծու աշխարհազորը» համարում են բացառապես միայն  ուղեկիցներից բաղկացած մի քարավան, որը քաջալերելու էր Հակոբին: Հովսեփոս Փլավիոսը (Antiqu. 1։20,  81) պատմում է  նախկինում՝ Քանանի երկրին մոտենալու ժամանակ, Հակոբին երևացած որոշ «տեսիլքների» մասին (φαντάσματα): Այդ տեսիլքները  կանխագուշակել էին նրա բարի ապագան: Սակայն պարզ երևում է, որ երկու մեկնություններն էլ աղավաղում են աստվածաշնչյան տեքստի բուն իմաստը. «Աստծո հրեշտակները» այն նույն Աստծու կողմից ընտրված երկնային պաշտպաններն են, որոնց Հակոբը Միջագետքի ճանապարհին տեսել էր երազում (գլ. 28): Նրանց՝ «Աստծո աշխարհազորը» (machoneh Elohim) անվանումը համապատասխանում է Հինկտակարանյան խաղաղության հրեշտակի՝ «երկնային զորք» անվանը (Հեսու 5։14, Սաղմ. 102։21): Հրեշտակների խումբ՝ «Աստծո աշխարհազոր», կոչվածը հստակ երևում է Ա Մնաց. 12։22–րդ համարում: «Բանակատեղի» անվան երկակի  լինելը այսպես է բացատրվում.  Հակոբը անմիջապես տեսնում է երկու բանակատեղի՝ երկրային (սեփական) և երկնային (հրեշտակների), կամ էլ հրեշտակների երկու բանակատեղի: Վերջին մեկնությունը, ի թիվս այլոց, առաջարկել է Յարխին: Նա կարծում էր, որ հրեշտակների առաջին խումբը Քաղդեացիների երկրի պահապան հրեշտակներն էին, որոնք ուղեկցեցին Հակոբին, որ վերջինս անվնաս հասնի Քանանի երկիր, իսկ մյուս խումբը Քանանի երկրի պահապան հրեշտակներն էին, որոնք առաջիններից էին, որ ընդունեցին Հակոբին՝ հանձն առնելով նրա պաշտպանությունը (Ծննդ. 28:12-13): Հրեշտակների պաշտպանության (Սաղմ. 33։8 և այլն) վերաբերյալ անհատների, ամբողջ ազգերի և թագավորությունների (Դան. 10։13, 21, 12։1) ունեցած հավատը Աստվածաշնչից բխող ուսմունք է: Բանակատեղին, որ հետագայում դարձավ ապաստան (Հեսու 21։36), բազմիցս հիշատակվում է Դավթի և Սողոմոնի պատմություններում (Բ Թագ. 2։8, 17։24, 27, 19։32):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Յակոբն էլ գնաց իր ճանապարհով: Նա տեսաւ Աստծու հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները:
(Արարատ թարգ․) Հակոբը գնաց իր ճանապարհով, և Աստծո հրեշտակները հանդիպեցին նրան:
(Գրաբար) Եւ Յակոբ գնաց զճանապարհս իւր: Եւ հայեցեալ ետես զբանակ Աստուծոյ բանակեալ. եւ ընդ առաջ եղեն նմա հրեշտակք Աստուծոյ։