Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այդ ժամանակ Երուսաղեմը և ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի ողջ շրջակայքը գնում էին նրա մոտ»։
Տեսնու՞մ ես, թե մարգարեի տեսքն ինչպիսի ուժգին ազդեցություն ունեցավ, ինչպես այն ամբողջ ժողովրդին ստիպեց սարսռալ, ինչպես առաջնորդեց սեփական մեղքերի գիտակցությանը: Եվ իսկապես, հրեաների աչքերի առջև հիանալի տեսարան էր բացվում, երբ նրանք տեսնում էին, թե Հովհաննեսն ինչպես էր, մարդկային կերպարանք ունենալով հանդերձ, այդպիսի արարքներ գործում, խոսում այդօրինակ համարձակությամբ, ամենքին դեմ էր ելնում, ասես բոլորը նրա համար երեխաներ լինեին, և, վերջապես, փայլում էր իր դեմքին հատուկ պայծառությամբ։ Նրանց (հրեաների) զարմանքն էլ ավելի մեծ էր, քանի որ իրեն մեջ մարգարեի հայտնվելը տեղի ունեցավ բավականին երկար ժամանակ հետո միայն (չէ՞ որ հրեաների մեջ նվազել էր մարգարեական շնորհը, և Հովհաննես Մկրտչի հայտնությունը տեղի ունեցավ միայն երկար ժամանակի դադարից հետո): Եվ Հովհաննես Մկրտչի քարոզության պատկերն իսկ ինչ-որ առումով տարօրինակ ու առանձնահատուկ էր։
Բոլոր դեպքերում, հրեաները Հովհաննեսից չէին լսել սովորական որևէ խոսք՝ ո՛չ երկրային պատերազմների, ճակատամարտերի ու հաղթանակների, ո՛չ սովի ու համաճարակի աղետների, ո՛չ բաբելոնացիների ու պարսիկների, ո՛չ քաղաքի գրավման, ո՛չ էլ իրենց սովորական թվացող որևէ այլ բանի մասին, այլ լսել էին միայն դրախտի, Երկնային թագավորության և Գեհենում սպասվող տանջանքների մասին։ Ահա թե ինչու հրեաները, չնայած այն բանին, որ դրանից ոչ շատ ժամանակ առաջ ապստամբներ Հուդայի ու Թեվդասի հանցակիցները բոլորն էլ սպանվեցին Հորդանանի անապատում, այդուամենայնիվ հրեաները բոլորովին չէին վախենում այնտեղ գնալուց։ Հովհաննեսը հրեաներին անապատ չէր կանչել այն նույն մտադրությամբ, ինչ այս ապստամբները, այսինքն՝ նրանց թագավորության վերականգնման կոչեր անելու, ապստամբության և ընդվզումի դիմելու: Հովհաննեսը մտադիր էր նրանց ուղղորդել դեպի Երկնքի արքայությունը: Ահա թե ինչու նա հրեաներին անապատում չպահեց, որպեսզի իր հետևից տանի, այլ բաց թողեց՝ սովորեցնելով նրանց մկրտությունը և խստակեցության կանոնները: Հովհաննեսն ամեն կերպ փորձում էր նրանց մեջ արհամարհանք սերմանել երկրային ամեն ինչի նկատմամբ, որպեսզի հրեաները հոգով վեր բարձրանային ու մշտապես ձգտեին դեպի գալիքը։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
5-6. Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
Այդ ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի բոլոր կողմերի [բնակիչները]: Հորդանան գետում մկրտվում էին նրանից և խոստովանում իրենց մեղքերը:
Երբ [Հովհաննեսի] մարգարեության ու սքանչելի վարքի համբավը տարածվեց, սկսեցին նրա մոտ գնալ համարյա ամբողջ երկրի բնակիչները, որոնց հիմնական մասին [ավետարանիչը] հանվանե է հիշատակում: Արդարև զարմանքի արժանի բան էր մարդկային կերպարանքով հրեշտակ և երկար տարիներ մարգարեացող մեկին տեսնելը, ում քարոզության կերպն էլ էր նոր ու չնաշխարհիկ 116. որովհետև ոչ թե պատերազմական հաղթանակների, այլ երկնքի, երկնային առաքինությունների և գեհենի տանջանքների մասին էր պատմում: [Հովհաննեսի կատարած] մկրտության պարագաներն ու մկրտվածներին խոստովանել տալը հայտնապես Նոր Օրենքի խորհրդանիշներ էին. մկրտության ջուրը՝ [Սուրբ] Հոգով մկրտության, և խոստովանությունը՝ այն խոստովանության, որը [կատարվում է], երբ մեկը մկրտությունից հետո է մեղանչում: Այդ պատճառով էլ [ավետարանիչը] գրում է, որ ոչ թե նախքան մկրտությունն էին խոստովանում, այլ մկրտությունից հետո:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Այդ ժամանակ Երուսաղեմն ու ամբողջ Հրեաստանը և Հորդանանի ողջ շրջակայքը գնում էին նրա մոտ»։ (Սինոդական թարգ․)[5]
(Հմմտ. Մարկ. 1։5)։ Խստակյաց ճգնավորի տեսք ունեցող արտասովոր այդ մարդու` թե´ անապատում և թե´ անապատից դուրս հայտնվելն իսկույն իր վրա էր սևեռում շրջակա վայրերի բնակիչների ուշադրությունը, և վերջիններս սկսեցին խմբովին գնալ նրա մոտ։ Եթե նույնիսկ Հովհաննեսը սովորական մարդ էլ լիներ և աստվածային որևէ առաքելություն չունենար, նույնիսկ այդ դեպքում նրա կերպարը, մեծ հավանականությամբ, հետաքրքրություն կառաջացներ մարդկանց մեջ: Միանգամայն պարզ է, որ Երուսաղեմը, Հրեաստանը և Հորդանանի շրջակայքը միայն փոխաբերական իմաստով գործածված արտահայտություններ են, որոնք մատնացույց են անում Երուսաղեմի, Հրեաստանի և Հորդանանի շրջակայքի բնակիչներին։ Աստվածաշնչում Հորդանանին մոտ գտնվող տեղավայրերը հնագույն ժամանակներից ի վեր կոչվում էին «Հորդանանի շրջակայք» (Ծննդ. 13:10, 11, Գ Թագ. 7:46, Բ Մնաց. 4:17): Այսպիսով, «Հորդանանի շրջակայք» ասելով` բացի Երուսաղեմից և Հրեաստանից, պետք է հասկանալ Պերիայի, Սամարիայի, Գալիլիայի և Գավլոնիտի` Հորդանանին հարող հատվածները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
5-6․ Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը,
(Արարատ թարգ․) Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները։
(Գրաբար) Յայնժամ ելանէին առ նա ամենայն երուսաղէմացիք՝ եւ ամենայն Հրէաստան՝ եւ ամենայն կողմն Յորդանանու,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: