Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-2․ «Այն օրերին գալիս է Հովհաննես Մկրտիչը և քարոզում է Հրեաստանի անապատում»: «Եվ ասում է. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի արքայությունը»»։
Այդ ո՞ր օրերի մասին է խոսքը: Սուրբ Ղուկաս Ավետարանչի վկայության համաձայն՝ Հովհաննեսը չէր եկել այն օրերին, երբ Հիսուս, դեռևս մանուկ լինելով, վերադարձել էր բնակվելու Նազարեթում: Հովհաննեսը եկել էր երեսուն տարի անց միայն։ Ուրեմն այստեղ ինչպե՞ս է ասվում. «Այն օրերին»: Սուրբ Գրքում այս խոսելակերպը շատ հաճախ է գործածվում, մանավանդ երբ խոսվում է ոչ միայն այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք անմիջապես հաջորդում են մեկմեկու, այլ նաև ա´յն դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում նույնիսկ երկար տարիների ընդմիջումից հետո: Այսպես, երբ աշակերտները խմբվեցին Ձիթենյաց լեռան վրա բազմած Հիսուսի շուրջ` կամենալով Նրանից ուսանել թե´ Իր գալստյան, և թե´ Երուսաղեմի կործանման մասին (իսկ դուք գիտեք, թե ժամանակային ինչպիսի հեռավորություն կար այս երկու իրադարձությունների միջև), այդժամ Հիսուս, ավարտելով հրեական մայրաքաղաքի կործանման վերաբերյալ Իր խոսքը և անցում կատարելով աշխարհի վախճանին առնչվող թեմային, ավելացրեց. «Այդ ժամանակ նաև սա տեղի կունենա»: «Այդ ժամանակ» խոսքով Հիսուս ժամանակները չխառնեց, այլ մատնացույց արեց միայն այն ժամանակը, երբ պիտի տեղի ունենար աշխարհի վախճանը: Ճիշտ նույն կերպ էլ այստեղ գործածվում են «այն օրերին» բառերը։ Ավետարանիչն այս բառերով մատնանշում է ոչ թե այն օրերը, որոնք անմիջապես պիտի հաջորդեին, այլ ա´յն օրերը, որոնց մասին ինքը մտադիր էր խոսել։ Սակայն ինչո՞ւ, - կհարցնես դու, - Հիսուս միայն երեսուն տարի հետո եկավ մկրտվելու։ Որովհետև այդ Մկրտությունից հետո է, որ Նա պետք է լրացներ (բնագրում` «վերացներ») Օրենքը: Եվ որպեսզի որևէ մեկը չասեր, թե Հիսուս «վերացրեց» Օրենքը, քանի որ չկարողացավ պահել այն, ուստի Նա այդ Օրենքը պահեց ամենայն ճշգրտությամբ` այն ողջ ժամանակաշրջանում, որի ընթացքում, սովորաբար, մարդ հակված է բոլոր տեսակի մեղքերը գործելուն: Չէ՞ որ ոչ բոլոր ժամանակներում է, որ բոլոր կրքերը ակտիվ գործում են մեզանում, այլ մեծավ մասամբ վաղ տարիքում է պատահում, որ անխոհեմությունն ու փոքրոգությունը գերիշխող դիրք են զբաղեցնում մարդու մեջ: Փոքր-ինչ անց` տարիքային հաջորդ շրջափուլում, ավելի զորեղ է դառնում ցանկասիրության կիրքը, իսկ հաջորդ տարիքում՝ ագահությունը:
Ահա թե ինչու Քրիստոս, անցնելով տարիքային այս բոլոր շերտերի միջով և այդ բոլոր շրջափուլերում պահելով Օրենքը, այնուհետև արդեն գալիս է Մկրտության, որով էլ ավարտին է հասցնում բոլոր պատվիրանների կատարումը։ Իսկ այն, որ այդ Մկրտությունը Օրենքի «պահանջներից» վերջինն էր, փաստվում է Քրիստոսի հետևյալ խոսքերով. «Որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:15): Այս խոսքերի իմաստը հետևյալն է. մենք կատարել ենք Օրենքի բոլոր պահանջները և ոչ մի պատվիրան չենք խախտել: Ու քանի որ մնացել է կատարել միայն Մկրտությունը, մենք պետք է սա նույնպես «հավելենք» Օրենքի մյուս գործերին, և այդպիսով կատարած կլինենք ողջ արդարությունը: «Արդարություն» ասելով` Քրիստոս այստեղ նկատի ունի բոլոր պատվիրանների կատարումը: Այս ամենից պարզ է դառնում, թե Քրիստոս ինչու գնաց մկրտվելու: Սակայն ինչո՞ւ որոշեց հենց Հովհաննեսի ձեռքով մկրտվել։ Համաձայն Ղուկաս Ավետարանչի վկայության` Զաքարիայի որդին ոչ թե ինքն իր կամքով է գնացել Հիսուսին մկրտելու, այլ` դա եղել է Աստծո ներշնչանքով. «Աստծու խոսքը լսելի եղավ» նրան (Ղուկ. 3:2), այսինքն՝ Աստված հրաման տվեց նրան:
Հովհաննեսն ինքն էլ է ասում. «Նա, Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է»` աղավնու նման, «և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհ. 1:33): Ինչո՞ւ նա (Հովհաննեսը) ուղարկվեց մկրտություն կատարելու։ Այս հարցը նույնպես պարզաբանում է մեզ հենց ինքը՝ Մկրտիչը՝ ասելով. «Ես չէի ճանաչում Նրան, և դրա համար եկա ջրով մկրտելու, որպեսզի Նա հայտնի լինի Իսրայելին» (հմմտ. Հովհ. 1:31): Սակայն եթե միակ պատճառը սա է, ապա Ղուկաս Ավետարանիչն ինչպե՞ս է ասում. «Նա եկավ Հորդանանի շրջակայքը՝ ապաշխարության մկրտություն քարոզելու՝ մեղքերի թողության համար» (հմմտ. Ղուկ. 3:3): Չէ՞ որ Հովհաննեսի մկրտությունը մեղքերի թողություն չշնորհեց: Մեղքերի թողության շնորհը Քրիստոսի բերած Մկրտությամբ պարգևեց մեզ։ Այդ Մկրտությամբ մենք թաղվեցինք Քրիստոսի հետ, նրանով մեր միջի «հին մարդը» խաչվեց Քրիստոսի հետ: Մինչդեռ նախքան Քրիստոսի խաչելությունը մեղքերի թողության մասին ոչ մի տեղ չի խոսվում: Մեղքերի թողությունն ամենուր վերագրվում է միայն Քրիստոսի արյանը: Պողոս առաքյալը նույնպես ասում է. «Բայց դուք լվացվեցիք, մաքրվեցիք» ոչ թե Հովհաննեսի մկրտությամբ, այլ «մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով» (հմմտ. Ա Կորնթ. 6:11): Եվ մեկ ուրիշ տեղում էլ, թե՝ «Հովհաննեսը մկրտեց ապաշխարության մկրտությամբ», - չի ասվում` «թողության մկրտությամբ», - «որպեսզի հավատան Նրան, Ով գալու էր իրենից հետո» (հմմտ. Գործք 19:4): Եվ ինչպե՞ս կարող էր մեղքերի թողություն լինել, երբ դեռ ո´չ որևէ զոհաբերություն էր մատուցվել, ո´չ էլ [Սուրբ] Հոգին էր իջել, ո´չ մեղքերն էին քավվել, ո´չ էլ թշնամությունն էր վերացել ու անեծքը` ոչնչացվել:
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
1-2. Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
Այդ օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում և ասում է. «Ապաշխարե՛ք, քանզի մոտեցել է երկնքի արքայությունը»:«Այդ օրերին» խոսքը չի նշանակում, որ Հովհաննեսն անապատից 101 եկավ ու [Քրիստոսին] մկրտեց [այն ժամանակ], երբ Քրիստոսը մանուկ էր և մեծանում էր Նազարեթում: Որովհետև Նրա ծննդից հետո երեսուն տարի է անցել՝ ըստ Ղուկասի վկայության 102, և հետո՛ է եկել մկրտվելու: Սակայն [Սուրբ] Գիրքը սովորություն ունի որոշ դեպքերում միայն իրողությունները շարադրել՝ առանց դրանց ժամանակը ցույց տալու, ինչպես որ Տերն էլ Ձիթենյաց լեռան վրա [ուսուցանելիս] Երուսաղեմի ավերմանն առընթեր դրեց Իր երկրորդ գալուստը 103, բայց սրանք [ժամանակով] խիստ հեռու են միմյանցից:
Պետք է քննել նաև, թե Հովհաննեսն ինչո՛ւ որոշում կայացրեց մկրտություն կատարելու: [Սա արեց] ո՛չ իր կամքով, այլ նախկին մարգարեների պես՝ Աստծուց շարժված, ինչպես ասում է Ղուկասը. «Անապատում Աստծո խոսքը եղավ Հովհաննեսի վրա» (Ղուկ. 3։2), այսինքն՝ քարոզելու հրամանը: Եվ Հովհաննեսն ինքն էլ ասաց. «Ով ուղարկեց ինձ ջրով մկրտելու, Նա՛ ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ իջ-նում է Հոգին աղավնու տեսքով, Նա՛ է մկրտելու Սուրբ Հոգով»» (Հովհ. 1։33): Իսկ թե ի՛նչ նպատակով ուղարկվեց Աստծուց, նույն ինքը Մկրտիչը հայտնապես ցույց տվեց, երբ մատնանշեց Քրիստոսին՝ [ասելով]. «Սա՛ է Նա, Ում մասին ես ասում էի, թե գալու էր իմ հետևից… Ես չգիտեի Նրան, բայց որպեսզի Նա հայտնի դառնա Իսրայելին, դրա համա՛ր եկա ջրով մկրտելու» (Հովհ. 1։30–31) և քարոզելու և խոսելու Հրեաստանի անապատում: Ինչպես թռչունն է խոսում գիշերվա լռության մեջ, այդպես Հովհաննեսը՝ անապատի լռության մեջ, երբ լռել էին նախկին մարգարեները, սկիզբ էր առել Օրենքի լռությունը, որովհետև Իսրայելի տունն անապատացել էր բարիքներից: Նաև որովհետև քարոզության սկզբում [Հովհաննես Մկրտիչը] բազմախուռն մարդկանց մեջ չհայտնվեց, որպեսզի չկարծվեր, թե այդպիսի ճգնավորական կերպարանքով փառք է որսում, այլ քարոզության խոսքը սկսեց հնչեցնել նախ երկրի ծայրում՝ Հորդանանին մոտ (ուր սակավաթիվ էին բնակիչները, և որն էլ ավետարանիչը կոչում է «Հրեաստանի անապատ»), որպեսզի [քարոզության] լուրն առնելով՝ ամենքն այնտեղ ժողովվեին և առավել հոժարությամբ ականջ դնեին խոսքին:
Իսկ ի՞նչ էր այդ քարոզության խոսքը. «Ապաշխարե՛ք, քանզի մոտեցել է երկնքի արքայությունը»: Այս խոսքը [նախկին] մարգարեների [քարոզածից] բարձր է, քանի որ ոչ թե երկրային հարստություններ է ավետարանում, այլ երկնքի արքայությունը՝ ցույց տալով Տիրոջ արքայության մոտենալը, ինչպես Տերը մաքուր հոգիների մեջ բնակվող «արքայություն» կոչեց հենց Իրեն՝ ասելով. «Երկնքի արքայությունը ձեր ներսում է» (Ղուկ. 17։21): Ուստի [Հովհաննեսի խոսքը] նշանակում է, որ Նա, Ով կարողությունն ունի արքայություն տալու Իրեն սիրողներին, մոտ է և հասել է դռներին: Եվ «արքայություն» ասելով՝ ոչ միայն [Տիրոջ] առաջին գալուստի մասին էր խոսում, այլև երկրորդը ցույց տալիս:
Բայց Մարկոսն ու Ղուկասն ասում են, որ Հովհաննեսը ոչ միայն ապաշխարություն և արքայություն էր քարոզում, այլև մեղքերի թողություն 104: Սակայն ինչպե՞ս էր հնարավոր, որ նախքան Զոհի մորթվելն ու մատուցվելը, նախքան մեղքի մեռնելն ու անեծքի վերացումը, նաև նախքան Սուրբ Հոգու իջնելը մեղքերի թողություն լիներ: Եվ եթե Հովհաննեսի մկրտությամբդա լիներ, ապա ի՞նչ հարկ կլիներ, որ Քրիստոսն այն ամենը կրեր: Եվ ինչպե՞ս Հովհաննեսից մկրտվածներին առաքյալները վերստին կմկրտեին: Արդ՝ այս խոսքը բացատրում ենք այսպես: Հովհաննեսը ոչ թե ասում էր, թե իր մկրտությամբ են մեղքերի թողություն ստանալու, այլ [Սուրբ] Հոգո՛ւ մկրտությամբ՝ նրանից հետո Եկողի միջոցով, ինչպես կարելի է հասկանալ հետևյալ խոսքից. «Ես մկրտում եմ ձեզ, – ասում է, – ջրով՝ ապաշխարության համար, բայց գալիս է ինձնից Հզորը, … Նա կմկրտի ձեզ Սբ Հոգով ու կրակով»: [Սրանով] ցույց է տալիս, թե՝ «Այս մկրտությամբ չէ՛, որ թողություն է լինելու, այլ մեղքերի թողություն կստանա նա, ով իմ այս քարոզությամբկհավատա ինձնից հետո Եկողին»: Որովհետև Հովհաննեսի մկրտությունը, որն առավել էր, քան Մովսեսինը, միայն ապաշխարությունն էր, իսկ Քրիստոսինը ապաշխարությունը չէ, այլ ձրի թողությունն ու շնորհով որդեգրությունը: Նաև քանի որ հրեաները հպարտ էին և իրենց արդար էին համարում, ինչպես փարիսեցիները, որոնց Պողոսն ամբաստանում է, թե «չգիտեն Աստծո օրենքը և կամենում են իրենցը հաստատել» (Հռոմ. 10։3), սա նկատի ունենալով՝ Հոհվաննեսը նրանց հուշում է, որ սուրբ չեն, ինչպես կարծում են, այլ բազմաթիվ մեղքերով լի և ապաշխարության կարոտ: Ուստի ասում է նրանց. «Ապաշխարության արժանավայել պտո՛ւղ տվեք» (Մատթ. 3։8):
Սրան առընթեր դնում է նաև թողությունը, որպեսզի թողության հույսով ավելի հեշտությամբ խոստովանեն ու ապաշխարեն, և դրանով [նրանց] բերի առ Քրիստոս, միայն Ո՛վ ունի երկրի վրա մեղքեր ներելու իշխանություն: Եվ այնքան ախորժելի խոսքով էր հորդորում նրանց մկրտության գալու, որ նույնիսկ մաքսավորներն ու զինվորներն էին հարցնում, թե ինչ է հարկավոր անել, և նրա խոսքերն ու գործերն ավելի էին նպաստում նրանց հավատալուն: Որովհետև տեսնում էին երեսուն տարի հետո անապատից եկած մի մարդու՝ հարուստ քահանայապետի որդու, ով երբեք չձգտեց մարդկային պատվի: Նա նաև Եսայուն ուներ իբրև վկա, ինչպես գրում է ավետարանիչը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում.
«Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է»:
Հովսեփոս պատմիչը իր պատմության տասնութերորդ գլխում վկայում է Հովհաննեսի մասին: Եվ Հովհաննեսը, քարոզելով հրեաների անապատում, ասում էր.
«Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3։2):
Արդ, ինձ թվում է, թե այստեղ Հրեաստանն է անապատ անվանում կամ էլ ամբողջ երկիրը, որ շեղված էր աստվածպաշտությունից, ինչպես իսկ վրա է բերում:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Այն օրերին գալիս է Հովհաննես Մկրտիչն ու քարոզում է Հրեաստանի անապատում»: (Սինոդական թարգ․)[1]
(հմմտ. Մարկ. 1։4, Ղուկ. 3։3)։ «Այն օրերին» - եթե մենք միայն Մատթեոսի Ավետարանն ունենայինք, ապա այն ընթերցելիս գուցե մտածեինք, որ «այն օրերին» արտահայտությունը վերաբերում էր Հովսեփի` Նազարեթում բնակություն հաստատելու մասին ավետարանչի խոսքերին: Ու քանի որ այդ ամենը տեղի էր ունեցել Փրկչի մանկության տարիներին էր, ուստի մենք, բնականաբար, Հովհաննեսի` ժողովրդի մեջ հայտնվելու ժամանակաշրջանը նույնպես կվերագրեինք հենց Հիսուսի մանկության այդ շրջանին: Ճիշտ է, Ավետարանն ընթերցելիս այդ առաջին տպավորությունը շուտով կճշտգրտվեր, քանի որ Հովհաննեսի ձեռքով ժողովրդի մկրտության իրադարձությունը շաղկապվում է հենց Հիսուս Քրիստոսի մկրտության իրադարձությանը (13-րդ և հաջորդող համարներ) և հաջորդիվ` Փրկչի փորձությանը։ (4-րդ գլուխ): Իսկ հիշյալ այդ երկու իրադարձություններում էլ Քրիստոս ներկայանում է արդեն որպես չափահաս տղամարդ:
Այդ դեպքում ինչո՞ւ, ուրեմն, անցում կատարելով Հովհաննեսի կողմից մկրտության կատարման իրադարձությունների ներկայացմանը, ավետարանիչն այս բաժինը չի սկսում շարադրել մեկ այլ եղանակով։ «Այն օրերին» արտահայտության փոխարեն ինչո՞ւ չի ասում, օրինակ, «այն տարիներին»։ Ինչո՞ւ նա ուղղակիորեն չի ասում՝ «երբ Հիսուս երեսուն տարեկան էր» կամ «երբ Հիսուս դարձավ երեսուն տարեկան»։ Այս դժվարաբանությունը հաղթահարելու համար պետք է «այն օրերին» արտահայտությունը համեմատել եբրայերեն «be yamim gagem» արտահայտության հետ, որն ունի ճիշտ նույն նշանակությունը և գործածվում է նաև անորոշ ժամանակը ցույց տալու նպատակով։ Այդպես է, օրինակ, Ելից 2:11-րդ համարում (ըստ բառացի թարգմանության). «Եվ եղավ այն օրերին, ու Մովսեսը մեծ էր», ու այդպես շարունակ: (տե´ս նաև Ելք 2:23, Ես. 38:1):
Մարկոսի (1:9-րդ համար) և Ղուկասի (2:1-րդ համար) Ավետարաններում բառացիորեն կիրառվում է նույն արտահայտությունը` միայն թե այն տարբերությամբ, որ, նկատի ունենալով վերջին իրադարձությունները, սույն արտահայտությունը գործածվում է նախդիրով («ἐν ἐκείναις ταῖς ἡμέραις» - Մարկոս, «ἐν ταῖς. ἡμέραις ἐκείναις» - Ղուկ., հմմտ. Blass, Gram. с. 145, 147): Բոլոր դեպքերում այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե Մատթեոսը ցանկանար այստեղ մատնացույց անել Փրկչի մանկության ժամանակաշրջանը, ապա «օրերին» բառից առաջ նախդիր կտեղադրեր: Ահա թե ինչու է Մատթեոսի գործածած արտահայտությունը համարվում անորոշ և ընդհանրական` նպատակ հետապնդելով մատնանշելու ոչ այնքան իրադարձությունների ճշգրիտ ժամանակը, այլ ավելի շուտ` գալիք իրադարձությունների մասին պատմությանն անցում կատարելու համար: Մատթեոսը հաճախ է օգտագործում «այդ ժամանակ» արտահայտությունը՝ ոչ թե, սակայն, ժամանակը մատնացույց անելու, այլ պարզապես նախորդ իրադարձության հետ կապն ընդգծելու համար (Մատթ. 3:13, 4:1, 9:14, 11:20 և այլն)….
Ղուկաս ավետարանչի արած հավելումների (Ղուկ. 2։1-ին համար) վրա հիմնվելով՝ կարելի է որոշարկել Հովհաննեսի` Հորդանանում հայտնվելու ժամանակը։ Համաձայն Ղուկասի խոսքերի` դա տեղի է ունեցել Տիբերիոս կայսեր թագավորության տասնհինգերորդ տարում: Տիբերիոսը (եթե հաշվելու լինենք Օգոստոս կայսեր հետ նրա համատեղ թագավորության ժամանակը) գահ է բարձրացել, ըստ մեր հաշվարկի, Ք.հ. 11 թվականի վերջում կամ 12 թվականի սկզբին (Հռոմի հիմնադրման 765-րդ տարում), իսկ Օգոստոս կայսրը մահացել է 14 թվականին (Հռոմի հիմնադրման 767-րդ տարում): Այս դեպքում, ուրեմն, Տիբերիոսի թագավորության տասնհինգերորդ տարին՝ Օգոստոսի հետ նրա համատեղ գահակալությունից հաշված, ըստ մեր հաշվարկի հասնում է Քրիստոսի Ծնունդից հետո 30 թվականին (Հռոմի հիմնադրման 780-րդ տարում)։ Քանի որ ներկայումս գրեթե բոլոր աստվածաշնչագետների կողմից ընդունված է այն տեսակետը, որ Քրիստոս ծնվել է Հռոմի հիմնադրման 749-րդ տարվա վերջին, կամ` մեր քրիստոնեական դարաշրջանի սկզբնավորումից 2-3 տարի ավելի շուտ (Metropolitan Philaret, Biblical History, 1866, p. 393 - «Քրիստոսի Ծննդյան իրական ժամանակը Դիոնիսիոսյան դարաշրջանից մեկ կամ մի քանի տարիներ ավելի շուտ պետք է լինի. այս հարցում վաղ քրիստոնեական բոլոր տեսակետները համաձայնում են մեկմեկու»), ուստի, նշանակում է, որ մեր թվարկության առաջին տարում (մ. թ. 1 կամ Ք.հ. 1 թվական) Քրիստոս մոտ երեք տարեկան էր, իսկ մ. թ. 26 թվականին` մոտ երեսուն տարեկան, ինչը լիովին համապատասխանում է Ղուկասի հաղորդած տեղեկությանը (3:23):
Եվ եթե այնուհետ ընդունենք, որ Քրիստոսի Ծննդյան ժամանակի հնագույն տարբերակներից մեկը` դեկտեմբերի 25-ը (Հռոմի հիմնադրման 749-րդ տարում) ճշգրիտ է, և որ Հովհաննեսը Քրիստոսից վեց ամսով մեծ էր (Ղուկ. 1:26), ապա կարող ենք մոտավորապես որոշել նաև այն ժամանակը, թե երբ են տեղի ունեցել Մատթեոսի Ավետարանի 3-րդ գլխում պատմվող իրադարձությունները: Դեկտեմբերի 25-ից 6 ամիս հետ հաշվելով՝ հասնում ենք Հովհաննես Մկրտչի ծննդյան ժամանակին` հունիսի 24-ին: Երբ Հովհաննեսը դուրս եկավ քարոզելու, նա, բնականաբար, արդեն երեսուն տարեկան պետք է լիներ (քանի որ Հովհաննես Մկրտիչը քահանայական ընտանիքից էր, իսկ քահանաները պետք է սկսեին իրենց ծառայությունը երեսուն տարեկանից ոչ շուտ (Թվ. 4։3, 47), չնայած որ հետագայում այդ տարիքը, ինչպես երևում է, կրճատվում է (Ա Մնաց. 23:24, Բ Մնաց. 31:17), ուստի և ժողովրդին քարոզելու և մկրտելու համար Հորդանանում նրա հայտնվելը կարելի է թվագրել Հռոմի հիմնադրումից հետո 779 թվականի հունիսի 24-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակաշրջանով կամ էլ Ք.հ. 29 թվականով (ըստ մեր հաշվարկի):
«Հովհաննես» - եբրայերենում «Iohanan» բառը նշանակում է «Աստված ողորմած է», ինչպես «Հերոբովամ»ը, «Հեզաբել» և այլ բառերի դեպքում, որոնցում «Ie» - «Io» նախդիրը նշանակում է «Աստված»:
«Մկրտիչ» - բառացիորեն` «նա, ով ընկղմում է»։ Ավելի վաղ Մատթեոսը ոչ մի խոսք չէր ասել Հովհաննես Մկրտչի կյանքի նախորդող շրջանի, նրա հոր և մոր, նրա դաստիարակության մասին։ Մատթեոսի Ավետարանում Հովհաննեսն ուղղակիորեն գալիս է անապատից և քարոզում է ժողովրդին։ Կարելի է ենթադրել, որ Հովհաննեսն արդեն իսկ հայտնի էր Մատթեոսի Ավետարանի հասցեատեր ընթերցողներին, որոնց համար էլ գրվել էր Ավետարանը։ Հովհաննես Մկրտչի մասին խոսելով՝ Հովսեփոս Փլավիոսը նրան կոչում է «Հովհաննես, որն անվանվում է Մկրտիչ» (Հնախոսություններ, 18:5, 2):
«Քարոզում է» - հունարենում`«քարոզելով»: Այստեղ կիրառված հունարեն բառն ունի մշտական և որոշակի նշանակություն ինչպես դասական գրողների, այնպես էլ Աստվածաշնչյան և Նոր Կտակարանյան հեղինակների համար. այդ բառը նշանակում է «մի ինչ-որ բանի մասին հանդիսավոր հայտարարություն»: Պատգամաբերները («κήρυκες» - «քարոզիչ»), որոնք թագավորների կամ այլ կարևոր անձանց կողմից ուղարկված սուրհանդակներ էին, պարտականություն ունեին հաղորդելու թագավորական հրամանների, ժողովների, պատերազմի սկսվելու և հաղթանակների մասին։ Աստվածաշնչում այս բառը հիշյալ իմաստով օգտագործվում է, օրինակ, Բ Մնաց. 36:22-րդ համարում «Կյուրոսը հրամայեց հայտարարել («κηρύξαι») իր ողջ թագավորության մեջ», և այլն:
Որպես հանդիսավոր հայտարարություն` «κηρύσσειν» բառը տարբերվում է բարի լուր հայտնելու («άγγέλλειν», «έπαγγέλλειν»), ուսուցանելու («διδάσκειν») և ճառախոսելու («λέγειν», «ὁμιλεῖն») երևույթները բնութագրող արտահայտություններից: «Κηρύσσων» բառով, ընդհանուր առմամբ, մատնանշվում է հանդիսավոր և կարճ մի տեղեկության հաղորդումը։ Բառի այս ըմբռնումը միանգամայն համահունչ է Հովհաննեսի քարոզչության մասին ավետարանչի հաջորդող վկայությանը` «Հրեաստանի անապատում»: «Անապատ» բառն այստեղ նշանակում է ոչ թե ամբողջովին դատարկ մի անապատ` զուրկ ամեն տեսակի բուսականությունից և բնակչությունից, այլ այնպիսի մի վայր, որտեղ քիչ թվով մշակաբույսեր, բնակչություն և բուսականություն կա, ու այդ վայրը հարմար է արոտավայրերի համար։ Հրեաստանի անապատը Պաղեստինում ծավալով ամենամեծն է. հյուսիսային սահմանը Երիքովի անապատն է, որը գտնվում է Մեռյալ ծովի հյուսիսային ծայրից մինչև Երուսաղեմ ձգվող գծի գրեթե միջնահատվածում, արևելքում սահմանակից է Մեռյալ ծովին, արևմուտքում՝ Հուդայի լեռներին, իսկ հարավում՝ Սին և Եդոմ անապատներին: Հրեաստանի այս անապատը բաղկացած է մի քանի փոքր անապատներից՝ Էն-Գեդի կամ Էն-Գադդի, Մաոն, Զիֆ և Թեկոյական։ Չնայած որ Հրեաստանի այս անապատում բնակչություն կար, սակայն անապատը մշտապես դաժան ու սարսափազդու է եղել։ Հովհաննեսը քարոզեց Հորդանանի մոտ գտնվող անապատում։ Այստեղ խոսքը Թեկոական անապատի մասին չէ, այլ Երիքովի´ անապատի, որը «Հրեաստանի անապատ» է կոչվում միայն ընդհանրացված իմաստով (տե՛ս Դատ. 1:16, Հես. 15:62):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-3․ Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները:
Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց:
Այստեղ Ղուկասը բացառիկ կերպով ճշտում է ժամանակը՝ թվարկելով այն օրերի իշխանների անունները: Նաև ասում է, թե երբ Հովհաննեսն սկսեց քարոզչությունը, Հռոմի կայսրը Տիբերիոսն էր, Հրեաստանի դատավորը՝ Պիղատոս Պոնտացին, Գալիլիայի չորրորդապետը՝ Հերովդես Անտիպասը, Իտուրիայի և Տրաքոնիայի չորրորդապետը՝ Հերովդես Փիլիպպոսը, Աբյուլինիայի չորրորդապետը՝ Լյուսանիոսը: Երուսաղեմի քահանայապետը Աննան և Կայիափան էին: Թեև վերջիններս երկար տարիներ էին պաշտոնավարում, սակայն ոչ մեկի իշխանության ճշգրիտ թվականը հնարավոր չէր լինի բացահայտել, եթե նրանցից գոնե մեկինը որոշված չլիներ: Բերաբախտաբար, Տիբերիոսի տարեթիվը համարվում է «հիսուներորդ տարին»: Հիսուսի կյանքի ժամանակագրությունը կազմելիս այս թվականը հիմնակետ է հանդիսանում բոլոր պատմաբանների համար:
Արդ, Տիբերիոս կայսրը Օգոստոս կայսեր հաջորդեց հռոմեական 767 թվականին, ըստ որի և 15-րդ տարին համընկնում է 782-ին: Սակայն, թե՛ հռոմեացի պատմագիրների թողած թվականներից և թե՛ պատմական բաղդատություններից պարզվում է, որ Տիբերիոսի տարիներն սկսել են հաշվել ոչ թե Օգոստոսին հաջորդելուց, այլ վերջինիս աթոռակից կամ կեսար անվանվելու թվականից, որը տեղի ունեցավ 764-ին: Այս հաշվարկով 15-րդ տարին համընկնում է Հռոմի 775 թվականին, որն էլ մեր սովորական թվականի 26-րդ և Հիսուսի կյանքի 30-րդ տարին է:
Հպանցիկ հիշենք նաև մյուսներին. Հրեաստանում Հերովդես Մեծին հաջորդած Արքեղայոսը տարագրվեց 759-ին և նրա փոխարեն սկսեցին նշանակվել հռոմեացի դատավորներ կամ կառավարիչներ՝ կենտրոն ունենալով Պաղեստինի Կեսարիան, այժմ՝ Քայսարիե ծովեզրյա քաղաքը և Երուսաղեմ էին գալիս միայն տոներին: Հաջորդաբար դատավորներ անվանվեցին Կոպոնիոսը՝ 759-ին, Մարկոս Ամբիվիոսը՝ 762-ին, Աննիոս Հռուփոսը՝ 765-ին, Վաղերիոս Պրատոսը՝ 768-ին, որ տաս տարի պաշտոնավարեց և, վերջապես, Պիղատոս Պոնտացին՝ 778-ին: 750-ին պաշտոնի անցավ Հերովդես Անտիպասը և պաշտոնավարեց 42 տարի, մինչև 793 թվականը: Հերովդես Փիլիպպոսը ևս պաշտոնավարեց 37 տարի՝ մինչև 786-ը, իսկ Լյուսիանասի մասին այլ պատմություններից հիշատակություն չունենք: Գալով քահանայապետերին՝ ասենք, որ Աննան քահանայապետ էր 759-ին: 768-ին նրա պաշտոնանկ լինելով՝ քահանայապետերն սկսեցին տարեցտարի փոխվել: 768-ին Փաբեայի որդի Իսմայիլը եղավ, 769-ին՝ Աննայի որդի Եղիազարը, 770-ին՝ Կամիթայի որդի Սիմեոնը և 771-ին՝ Աննայի փեսա Հովսեփ Կայիափան: Այդ փոփոխությունները ինչ-որ ձևով տարեկան քահանայապետության մասին որոշակի պատկերացում տվեցին Հովհ․ 11։49: Թեպետ Կայիափան պաշտոնավարեց մինչև 789 թվականը, սակայն՝ շարունակաբար վերահաստատվելով: Մյուս կողմից, մինչ Կայիափան արտաքին գործերն էր վարում, Աննան դեռ ողջ էր և իր օրինական իրավասությունը չէր կորցրել: Այս պատճառով էլ Ղուկասը, ժամանակի քահանայապետին հիշելիս, միմյանցից չի բաժանում երկուսի անունները:
Հռոմեական 779-ը և մեր թվականի 26-րդ տարին, ըստ ժամանակագիրների, շաբաթական տարի էր, որի ժամանակ ժողովուրդը թողնում էր հողագործական աշխատանքները և զբաղվում առավել օրինական ու բարոյական գործերով։ Այդ պարագան շատ հարմար էր Հովհաննու պաշտոնի սկզբնավորման համար, երբ 775 թվականի ամռանը, 30-րդ տարին բոլորած, իբրև նոր մարգարե, իր քարոզչությունն սկսեց Հորդանանի գետեզրյա երկրներում: Հովհաննեսի քարոզչության նպատակն էր ժողովրդին ավետել երկնքի արքայության մոտենալը, նախապատրաստության կոչելը և ապաշխարության հորդորելը: Նա մեծ ընդունելություն գտավ: Համբավը տարածվեց ամենուր: Բոլոր կողմերից՝ Երուսաղեմից, Հրեաստանից, Գալիլիայից և Հորդանանի շրջակա գավառներից նրա մոտ էին գալիս մարդիկ: Ովքեր լսում և հավատում էին Հովհաննեսի խոսքերին, ապաշխարության համար խոստովանում էին իրենց մեղքերը. «Խոստովան լինէին զմեղս իւրեանց»: Հովհաննեսը նրանց մկրտում էր Բեթաբրայի հունի մեջ՝ ապաշխարության, մկրտության, մեղքերի թողության համար:
Ավետարանիչները, փոխադարձ համաձայնությամբ, նաև Հովհաննու պաշտոնի մեկնությունն են տալիս: Իբր թե նրա խոսքը մարգարեների կողմից գուշակված Մեսիայի նախաշավղի և ուղեցույց եղող Աստվածային կարապետի ձայնն էր, որ սկսել էր հնչել անապատում: Այս մասին Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը միանման կերպով մեջ են բերում Եսայու խոսքերը. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք Տեր Աստուծո շավիղները» Ես․ 40։3։ Շարունակելով, Ղուկասն ավելացնում է նաև հետևյալ խոսքերը. «Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր: Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստուծո փրկությունը, քանզի Տերը խոսեց» Ես․ 40։4-5։ Իսկ Մարկոսը Եսայու մարգարեությանն է կցում Մաղաքիայի խոսքերը ևս. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա կտեսնի իմ ճանապարհները իմ առաջ» Մաղաք․ 3։1:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում.
(Արարատ թարգ․) Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում
(Գրաբար) Յաւուրսն յայնոսիկ գա՛յ Յովհաննէս Մկրտիչ՝ քարոզել յանապատին Հրէաստանի,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: