Ծննդոց գրքի մեկնություն 39:13

Ա. Լոպուխին

13-15․ Իսկ կինը,  երբ տեսավ, որ նա, շորերը իր ձեռքում թողած, դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց. [13] «Տեսե՛ք, ամուսինս եբրայեցի ծառա բերեց տուն, որ մեզ խայտառակ անի։ Նա եկավ ինձ մոտ, որպեսզի պառկի ինձ հետ, բայց ես բարձրաձայն աղաղակեցի, իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մոտ թողած՝ փախավ, գնաց դուրս»։ (Սինոդական թարգ․)
   
   Մերժված կրքոտ սերը հոգեբանական օրենքների համաձայն (հմմտ. Բ Թագ. 13։15), մանավանդ անզուսպ անձանց դեպքում, փոխվում է ատելության, և եգիպտուհին վրեժ է լուծում Հովսեփից՝ չարախոսելով նրա մասին  նախ՝  իր տնեցիների առաջ, ապա՝ ամուսնու (հմ. 16-18)։ Նա այդ ամենը անում է նենգ և խորամանկ, սակայն ստույգ հաշվարկով, ըստ որի՝ առաջին սուտը, ի դեմս տնեցիների, ունեցավ վկաներ, ավելի ստույգ դարձրեց երկրորդը (Հովսեփի թողած հագուստը): Իր բանսարկությունը Հովսեփի վերաբերյալ նա անում է մեծ տաղանդով։ Նա խորապես գարշելով է Հովսեփին կոչում «եբրայեցի» (հմմտ. Ծննդ. 43։32, 46։34) և նման  կեղծավորությամբ ցույց է տալիս իր զզվանքը Հովսեփի նկատմամբ և անգամ փորձում այդ զզվանքը փոխանցել տնեցիներին (մեզ խայտառակ անի)։ Կինը նաև փորձում է արմատապես ոչնչացնել Հովսեփի նկատմամբ  մարդկանց հակառակ՝ դրական  կարծիքը։  Որպեսզի  ապացուցի իր խոսքերի ճշմարիտ լինելը, նա մատնանշում է երկու փաստ, որոնք, ըստ էության, ճիշտ են, սակայն այլ նպատակով են ծառայում՝ 1) նրա աղաղակը և 2) Հովսեփի՝ կարծես թե կամովին շորերը թողնելու հանգամանքը, մինչդեռ վերջինիս պատճառը եղավ Հովսեփի նկատմամբ եգիպտուհու կողմից կիրառված բռնությունը։ Իսկ նրա՝ կեղծ օգնություն կանչող աղաղակը,  ուղղակի նեղանալու պատճառով էր։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Երբ կինը տեսաւ, որ նա շորերը իր ձեռքում թողած դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց.
(Արարատ թարգ․) Երբ նա տեսավ, որ Հովսեփն իր հանդերձը թողեց իր ձեռքում ու դուրս փախավ,
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ ետես եթէ եթող զձորձս իւր ի ձեռս նորա եւ փախեաւ ել արտաքս: