Ծննդոց գրքի մեկնություն 41:8

Ա. Լոպուխին

Առավոտյան խռովեց նրա հոգին։ Նա մարդ ուղարկեց, կանչել տվեց Եգիպտոսի բոլոր քրմերին, երկրի բոլոր իմաստուններին և պատմեց իր երազը, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար մեկնել փարավոնի երազը։ [8] (Սինոդական թարգ․)
   
   Նման երազներից հետո փարավոնի խռովելը բնական էր (Ծննդ․ 40։7)։ Այն կարող էր առաջանալ հետևյալ հանգամանքների պատճառով․
   1․ երազի կրկնություն,
   2․ հնագույն շրջանում գոյություն ունեցող տեսակետ, որի համաձայն ազգերի ճակատագրերը կարող են բացահայտվել նրանց կառավարիչներին (Դան․ 10։7), և վերջիվերջո
   3․ Եգիպտոսում հիերոգլիֆների գերակշռություն, որոնցում հասկացությունները ներկայացված էին խորհրդաբանական նշաններով։ Այս վերջին հանգամանքն էլ փարավոնին դրդում է, որ կանչի քրմերին և ընդհանրապես Եգիպտոսի բոլոր իմաստուններին՝ «քարթումմիմ» (Ելք․ 7։11, 22, 8։7, 9։11)։ «Քարթումմիմ» բառի ստուգաբանությունը բացահայտված չէ․ այս բառի արմատը փնտրում էին ոչ միայն եբրայերենում («քերեթ»՝ հատիչ, գրելու գործիք,), այլ նաև ասորերենում, արաբերենում և եգիպտերենում։ Օրինակ (բանասիրական կասկածելի հիմնավորումով) այն ծագեցնում են երկու արամերեն բառերից՝ «քուր»−«տեսնել» և «թում» (եբր․՝ թաման)՝ −«թաքցնել»՝ գաղտնիքները բացահայտող։ Ընկալյալ մեկնության համաձայն քաթումմիմները (քրմերի մեջ եղած) հիերոգլիֆների մասնագետներն էին, (Յոթանասնիցում՝ εξηγητασ, Vulg. conjutores) այսպես կոչված, ιερογραμματεις (հնամենի վկայությունների համաձայն՝ եգիպտական քրմերը բաժանվում էին երեք խմբերի՝ προφηται, ιερογραμματεις, νεωκοροι)։ Անշուշտ, նրանք չէին սահմանափակվում միայն հիերոգլիֆների ընթերցմամբ, այլ ինչպես հայտնի է Ելից գրքից, նրանք միաժամանակ նաև այն քրմերն էին, որոնք  փորձում էին հրաշքներ կատարել։ Փարավոնը նրանց է դիմում, քանզի նրա երազը իրեն բնորոշ որոշակի հիերոգլիֆներ 1 էր պարունակում։ Նա ընդհանրապես դիմում է Եգիպտոսի բոլոր իմաստուններին, որոնց մեջ էր նաև վերոհիշյալ մատռվակը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․)Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր: Առաւօտեան խռովուեց նրա հոգին: Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր երազահաններին, երկրի բոլոր իմաստուններին եւ պատմեց իր երազները, բայց չգտնուեց մէկը, որ կարողանար մեկնել փարաւոնի երազները:
(Արարատ թարգ․) Եվ առավոտյան խռովվեց նրա հոգին: Կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին և նրա բոլոր իմաստուններին: Եվ փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որը փարավոնի համար կմեկներ դրանք:
(Գրաբար) Եւ եղեւ առաւաւտ, եւ խռովեցաւ անձն նորա: Եւ առաքեաց կոչեաց զամենայն երազահանսն Եգիպտոսի, եւ
զամենայն իմաստունս նորա, եւ պատմեաց փարաւոն զերազն իւր: Եւ ոչ ոք էր որ մեկնէր զերազն փարաւոնի: