Ծննդոց գրքի մեկնություն 44:7

Ա․ Լոպուխին

7-9. Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տերը այդպիսի բաներ ասում: Քա՛վ լիցի, որ քո ծառաները այդպիսի բան արած լինեն: [7]  Ահա արծաթը, որ մենք գտանք մեր պարկերում, քանանացիների երկրից վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պետք է գողանայինք: Քո ծառաներից ում մոտ որ գտնվի սկիհը, թող մահվան դատապարտվի, իսկ մենք՝ մնացածներս, լինենք մեր տիրոջ ստրուկները»: (Սինոդական թարգ․)
   
   Իրենց ներկայացված մեղադրանքները Հովսեփի եղբայրները հիմնավորապես հերքում են։ Նրանք հենվում են հացի դիմաց վճարված գինը Հովսեփին վերադարձնելու փաստի վրա, քանզի այդ հանգամանքից ակնհայտ է դառնում նրանց ազնվությունը և իրենց վերագրված գողության անհնարինությունը: Իրենց անմեղությունը գիտակցելով՝ նրանք իրենք են իրենց համար չափից դուրս խիստ պատիժ սահմանում․ մեղավորին՝ մահ, իսկ մյուս բոլոր եղբայրներին՝ ստրկացում (Ծննդ. գրքի մեկնություն 31:32): Ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը չէր պահանջվում ո՛չ հին հրեական և ո՛չ էլ մյուս հին ժողովուրդների քրեական օրենսդրությամբ. մեղավորի պատասխանատվության գործում ամբողջ համայնքի մասնակցությունը բազմիցս պահանջվում է Մովսեսական իրավական օրենսդրությամբ (Բ Օր. 21:1−9):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տէրը այդպիսի բաներ ասում: Քա՛ւ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն:
(Արարատ թարգ․) Եվ ասացին նրան. «Ինչո՞ւ է իմ տերն այսպիսի խոսքեր ասում: Քավ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն:
(Գրաբար) Եւ նոքա ասեն ցնա. Ընդ է՞ր խաւսիցի տէր այդպիսի բանս. քաւ լիցի ծառայից քոց առնել ըստ բանիդ այդմիկ: