Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 44

Հովսեփի եղբայրները մեծ տանջանքներ են կրում
   
1. Եվ Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը կլցնես պարենով այնքան, որ կարողանան տանել և ամեն մեկի դրամն իր պարկի բերանին կդնես:
2. Եվ կրտսեր եղբոր պարկի բերանում կդնես իմ արծաթյա սկիհն ու իր պաշարի դրամը»: Եվ նա արեց այնպես, ինչպես որ պատվիրեց Հովսեփը:
3. Երբ բացվեց առավոտը, մարդիկ իրենց էշերով ճանապարհ ընկան:
4. Նրանք դեռ քաղաքից դուրս չէին եկել, երբ Հովսեփն իր տան վերակացուին ասաց. «Վե՛ր կաց, վազի՛ր այն մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա. “Ինչո՞ւ բարության փոխարեն չարությամբ հատուցեցիք:
5. Սա այն սկիհը չէ՞, որով խմում է իմ տերը և նրանով գուշակում: Դուք այդ անելով չարիք գործեցիք”»:
6. Եվ նա հասավ նրանց ու ասաց այդ խոսքերը:
7. Եվ ասացին նրան. «Ինչո՞ւ է իմ տերն այսպիսի խոսքեր ասում: Քավ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն:
8. Ահա այն դրամը, որ գտել էինք մեր պարկերի բերանում, քեզ վերադարձրինք՝ բերելով Քանանի երկրից: Ուրեմն քո տիրոջ տանից ինչպե՞ս կարող էինք արծաթ կամ ոսկի գողանալ:
9. Քո ծառաներից ում մոտ գտնվի, թող նա մեռնի, իսկ մենք՝ տիրոջս ծառաները լինենք»:
10. Եվ նա ասաց. «Հենց հիմա թող լինի ձեր ասածի համաձայն: Ում մոտ սկիհը գտնվի, թող նա իմ ծառան լինի, իսկ դուք անպարտ կլինեք»:
11. Եվ յուրաքանչյուրն իսկույն իր պարկն իջեցրեց գետնին և բացեց:
12. Եվ նա սկսեց փնտրել, սկսած մեծից մինչև փոքրը նայեց, վերջացրեց, ու Բենիամինի պարկից սկիհը գտնվեց:
13. Այնժամ նրանք պատառոտեցին իրենց հանդերձները, ամեն մեկը բեռնեց իր էշը, և վերադարձան քաղաք:
14. Եվ Հուդան ու նրա եղբայրները Հովսեփի տուն եկան, ով դեռևս այնտեղ էր, և նրա առջև գետնին ընկան:
15. Եվ Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք: Դուք չգիտե՞իք, որ ինձ նման մարդն անպատճառ կգուշակեր»:
16. Եվ Հուդան ասաց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք, կամ ինչպես մեզ արդարացնենք: Աստված բռնել է քո ծառաների գործած հանցանքը: Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվել է սկիհը»:
17. Եվ նա ասաց. «Քավ լիցի, որ ես այդպիսի բան անեմ: Ինձ ծառա կլինի միայն այն մարդը, ում մոտ գտնվել է սկիհը: Իսկ դուք խաղաղությամբ ձեր հոր մոտ վերադարձեք»:
18. Այնժամ Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրում եմ, թույլ տուր, որ քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև դու փարավոնի պես ես:
19. Իմ տերն իր ծառաներին հարցրեց. “Հայր կամ եղբայր ունե՞ք”:
20. Եվ մենք ասացինք մեր տիրոջը, թե՝ “Մի ծեր հայր ունենք և նրա ծեր տարիքում ծնված մի կրտսեր որդի, որի եղբայրը մեռած է: Միայն նա է մնացել իր մորից, ու նրա հայրը սիրում է նրան”:
21. Եվ դու քո ծառաներին ասացիր. “Ինձ մոտ բերեք նրան, որ իմ աչքով տեսնեմ”:
22. Եվ մենք տիրոջս ասացինք. “Տղան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե նա բաժանվի իր հորից, հայրը կմեռնի”:
23. Եվ դու քո ծառաներին ասացիր. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չգա, մյուս անգամ ինձ չեք տեսնի”:
24. Եվ երբ մենք գնացինք քո ծառայի՝ իմ հոր մոտ, ու իմ տիրոջ խոսքերը հայտնեցինք նրան,
25. եր հայրն ասաց. “Դարձյալ գնացե՛ք ու մեզ համար մի քիչ պարեն գնեք”:
26. Եվ մենք ասացինք. “Չենք կարող գնալ: Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կգնանք, որովհետև չենք կարող տեսնել այն մարդու երեսը, մինչև որ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի”:
27. Եվ քո ծառան՝ իմ հայրը, ասաց մեզ. Դուք գիտեք, որ իմ կինը երկու որդի ծնեց ինձ համար:
28. Մեկը գնաց իմ մոտից, և ես ասացի, թե, անտարակույս, հոշոտվել է գազանի կողմից, ու մինչև հիմա չեմ տեսել նրան:
29. Եվ եթե սրան էլ տանեք ինձանից, ու նրան մի փորձանք պատահի, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք”:
30. Եվ արդ երբ քո ծառայի՝ իմ հոր մոտ գնամ, և եթե տղան մեր հետ չլինի, նրա հոգին, կապված լինելով տղայի հոգուն,
31. Անպատճառ կմեռնի, երբ տեսնի, որ տղան չկա: Եվ քո ծառաները քո ծառայի՝ մեր հոր սպիտակ մազերը ցավով գերեզման կիջեցնեն:
32. Եվ նաև՝ քո ծառան իր հոր մոտ երաշխավոր եղավ այդ տղայի համար՝ նրան ասելով. “Եթե ես նրան քեզ մոտ չբերեմ, իմ հոր առջև թող հավիտյան հանցավոր լինեմ”:
33. Եվ արդ, աղաչում եմ, թող այդ տղայի փոխարեն քո ծառան իմ տիրոջը ծառա մնա, և տղան իր եղբայրների հետ գնա,
34. Որովհետև ինչպե՞ս վերադառնամ իմ հոր մոտ, եթե տղան ինձ հետ չլինի: Թերևս տեսնեմ այն դժբախտությունը, որ կպատահի իմ հորը»: