Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

5-7․ «Այնուհետև սատանան Նրան տանում է սուրբ քաղաքը և Նրան կանգնեցնում է տաճարի աշտարակի վրա»: «Ու ասում է Նրան. «Եթե Դու Աստծու Որդին ես, ցա՛ծ նետվիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին պիտի պատվիրի Քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի բարձրացնեն Քեզ, որպեսզի Քո ոտքը չխփես քարին»» (Սաղմ. 91:11ա, 12)»։ «Հիսուս ասաց նրան. «Գրված է նաև. «Մի՛ փորձիր քո Տեր Աստծուն»» (Բ Օր. 6:16)»։
   
    Հիմա՞ ինչ է սկսում անել այս զազրելի գայթակղիչը։ Հիսուսից պարտության մատնվելով և, չնայած Փրկչին համակած մեծ քաղցին, անզոր լինելով Հիսուսին տարհամոզել` համաձայնելու իր առաջարկին, սատանան դիմում է մեկ այլ միջոցի և ասում է. «Եթե Դու Աստծու Որդին ես, ցա՛ծ նետվիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին պիտի պատվիրի Քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի բարձրացնեն Քեզ, որպեսզի Քո ոտքը չխփես քարին»»։ Եվ ինչո՞ւ է բանսարկուն յուրաքանչյուր գայթակղությանը ավելացնում. «Եթե Դու Աստծո Որդին ես…»։ Սատանան այս կերպ էր վարվել նաև Հիսուսի նախնիների հետ, և այժմ էլ դարձյալ ճիշտ նույն կերպ է վարվում։ Ինչպես այն ժամանակ իր՝ «այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը» (Ծննդ. 3։5) խոսքով նա (սատանան) զրպարտեց Աստծուն՝ ցանկանալով այդպիսով ցույց տալ, որ իբրև թե նրանք (նախամարդիկ` Ադամն ու Եվան) խաբված, արժանավորապես չգնահատված ու ամեն տեսակի բարիքից զրկված են, այդպես էլ այժմ նույն բանսարկուն փորձում է նույն մտքերը ներշնչել ու կարծես այսպես է ասում. «Աստված զուր տեղը Քեզ Իր Որդին անվանեց, այդ պարգևով Նա Քեզ խաբեության մեջ գցեց, բայց եթե դա այդպես չէ, ապա մեզ ցո´ւյց տուր Քո աստվածային զորությունը։ Եվ քանի որ Տերը սատանայի հետ խոսում էր Սուրբ Գրքի խոսքերով, ուստի ինքը` սատանան էլ մարգարեի վկայությունն է մեջբերում։
    Իսկ ի՞նչ է ասում Քրիստոս։ Նա չի վրդովվում բանսարկուի խոսքերից ու չի բարկանում, այլ մեծ խոնարհությամբ սատանային դարձյալ պատասխանում է Սուրբ Գրքի խոսքերով. «Մի՛ փորձիր քո Տեր Աստծուն»։ Իր այս խոսքերով Քրիստոս մեզ սովորեցնում է, որ սատանային պետք է հաղթել ոչ թե հրաշքների միջոցով, այլ հեզությամբ ու համբերատարությամբ, և որ ոչինչ չպետք է անել գեթ փառասիրությունից դրդված՝ ինքդ քեզ ցուցադրելու համար։ Այնուհետև տե´ս, թե որքան ակնհայտ է գայթակղիչի անմտությունը, որը դրսևորվում է հենց նրա կողմից մարգարեական վկայությունը մեջբերելու ժամանակ։ Տիրոջ կողմից մեջբերված երկու վկայություններն էլ հիշատակվեցին հնարավոր բառացի ձևով, մինչդեռ սատանայի կողմից հիշատակված մեջբերումները համատեքստից դուրս էին վերցված և բացարձակապես կապ չունեին խնդրո առարկա հարցի հետ, քանի որ «Իր հրեշտակներին պիտի պատվիրի Քեզ համար» խոսքերով մեզ չի պատգամվում նետվել անդունդը։ Ու դեռ ավելին, այս խոսքերը Տիրոջ մասին ասված չէին։
Տերը, սակայն, չսկսեց հանդիմանել սատանայի անմտությունը, չնայած որ սատանան Սուրբ Գրքի խոսքերը մեջբերելով վիրավորել էր Իրեն (Քրիստոսին)` դրանք գործածելով բոլորովին խեղաթյուրված իմաստով։
    Աստծու Որդուց ոչ ոք նմանատիպ արարք չէր պահանջի։ Եվ թեպետ սատանան ու դևերն այն եզակի էակներն են, որոնք իրենց հատուկ բնությամբ հակված են կորստյան մատնվելու, սակայն Աստծու բնությանն էլ հատուկ է նույնիսկ նրա´նց ոտքի կանգնեցնել իրենց ընկած վիճակից։ Եթե անհրաժեշտություն առաջանար, որ Աստծու Որդին ցույց տար Իր զորությունը, դա, անշուշտ, տեղի չէր ունենա Քրիստոսի` բարձունքից աննպատակ ցած նետվելով, այլ` ուրիշներին փրկելու Իր աստվածային տնօրինությամբ (մարդկանց փրկելուն միտված գործողություններով, փրկչական արարքներով)։ Իսկ ահա անդունդներն ու ջրերի հոսանքների մեջ նետվելը բնորոշ է սատանայակա´ն հորդաներին. ճիշտ այդպես էլ վարվում է իր բանակների հետ ինքը` դևերին ղեկավարող գայթակղիչը (սատանան)։
    Մինչդեռ Քրիստոս նույնիսկ բանսարկուի այս խոսքերից հետո չի բացահայտում Իրեն, այլ դեռևս որպես մարդ է խոսում նրա հետ։ Քրիստոսի` «Մարդ միայն հացով չի ապրում» և «մի՛ փորձիր քո Տեր Աստծուն» խոսքերը դեռևս պարզորոշ չէին բացահայտում, թե ով է Նա, այլ միայն ցույց էին տալիս, որ Քրիստոս մի պարզ մարդ է։ Մի՛ զարմացիր այն պատճառով, որ սատանան, Քրիստոսի հետ խոսելով, մե´կ այս, մե´կ այն կողմ է «ընկնում»։ Ինչպես զինվորները, մահացու վերք ստանալով և արյունահեղ լինելով, անգիտակից վիճակում տարատեսակ ուղղություններով են ընթանում, ճիշտ այդպես էլ բանսարկուն, արդեն իսկ խոցված առաջին և երկրորդ հարվածներից, սկսում է առանց մտածելու խոսել՝ ինչ մտքով կանցնի, և այդ վիճակում երրորդ անգամ է «ներխուժում» կռվի մեջ։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

5-6. Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան.«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»:
    ;

    Այդ ժամանակ սատանան Նրան առավ տարավ Սուրբ Քաղաք, կանգնեցրեց Տաճարի աշտարակի վրա և ասաց Նրան. «Եթե Աստծո Որդի ես, Քեզ այստեղից վա՛յր գցիր. որովհետև գրված է. «Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և իրենց ձեռքերին կառնեն քեզ, որպեսզի ոտքդ քարին երբեք չզարնես»:

    Տե՛ս մեր Տիրոջ հեզությունը: Հասնում էր այնտեղ, ուր փորձողն էր կամենում, և սա անում էր, որպեսզի չարիմաստին նրա խորագիտության մեջ պարտության մատնի:

    Իսկ ինչո՞ւ [փորձիչը] նույն անապատում  158 չփորձեց, ինչպես առաջին [դեպքում], [այնտեղ] կային թերևս ավելի՛ բարձրադիր վայրեր, քան Տաճարի աշտարակը: Սակայն այնտեղ տեսնող չկար, իսկ այստեղ՝ բովանդակ քաղաքը, ուստի [փորձիչը] կարծում էր, որ [Հիսուսը] խնդրանքը կկատարի տեսնողներից գովեստ ու փառք ձեռք բերելու համար: Եվ թեև այդ Տաճարն ավերվեց՝ ըստ Տիրոջ խոսքի  159 բայց այն աշտարակը, որը Տերը բարձրացավ, մնաց ի հիշատակ Նրա:

    Եվ ի՞նչ ասաց [փորձիչը]. «Եթե Աստծո Որդի ես, Քեզ այստեղից վա՛յր գցիր»: Սրանով երկու փորձության սկիզբ է դնում: [Ասում է]. «Եթե Աստծո Որդի ես»: Ինչպես որ առաջին մարդու առաջ չարախոսեց Աստծուց, թե՝ «Խաբել է քեզ՝ ասելով, որ չուտես պտղից, որովհետև երբ ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների պես կլինեք»  160, [այդպես էլ] նույնն այստեղ է ակնարկում: «Եթե Աստծո Որդի ես, ցո՛ւյց տուր, – ասում է, – Նրա զորությունը՝ կամ քարերը հաց դարձնելով, ինչպես վայել է Արարչին, կամ էլ ներքև գցվելով և անվնաս մնալով, որպեսզի բոլորը տեսնեն ու հավատան Քեզ: Ապա թե ոչ՝ անտեղի՛ կոչեց Քեզ «Որդի», խաբե՛ց [աստվածային] պարգևների անունով»:

    Իսկ ինչո՞ւ Քրիստոսը չբարկացավ, այլ մեծ հանդարտությամբ [պատասխանեց]: Ինչպես որ [փորձիչը] մարգարեից վկայություն բերեց, այդպես էլ [Քրիստոսը Սուրբ] Գրքի [վկայությամբ] պատասխանեց.
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

5-6. Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան.«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»:
   
    «Այնժամ սատանան Նրան տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց Նրան [տաճարի] աշտարակի վրա ու ասաց Նրան. «Եթե Աստծու Որդին ես, քեզ ցա՛ծ նետիր...»:
    Բանսարկուի ասած «Քեզ ցա՛ծ նետիր» խոսքով Քրիստոս չէր կարող իրեն [ցած] նետել, որովհետև ով իրեն նետում է տաճարից կամ տաճարի շինությունից, ինքն իրեն պարտապան [է դարձնում] բանսարկուին: Միգուցե այսպիսի [դեպք] տեսնես, որ աստվածային վարդապետության դեմ մեղանչած [մեկը կամենա] իրեն ցած նետել Աստծու տաճարից: Սակայն Քրիստոս, [Ով] կատարելապես անմեղ է, ինչո՞ւ իրեն ցած նետի տաճարի շինությունից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1