Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս ասաց նրան. «Գրված է նաև. «Մի՛ փորձիր քո Տեր Աստծուն»» (Բ Օր. 6:16)»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:5
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
Գրված է, և ասաց. – «Չփորձե՛ս քո Տեր Աստծուն»:
Որպեսզի մեզ հասկացնի, որ սատանային պետք է հաղթել ոչ թե հրաշագործություններով, այլ խոնարհությամբ ու համբերատարությամբ և հաղթանակն Աստծուն վերագրել:
Նկատի՛ ունեցիր, որ [չարի] բերած վկայությունն անմտություն էր և իրավիճակին անհամապատասխան: Որովհետև գրված այդ [խոսքը]. «Իր հրեշտակներին պատվիրել է պահել քեզ», չի ենթադրում, թե [մեկն] իրեն վայր պիտի գցի ու քարավեժ լինի, ոչ էլ թե իրեն վայր պիտի գցի, եթե Աստծո որդի է: [Դա] սատանային ու նրա դևերին է հատուկ, որ [երկնքից] վայր գցվեցին սկզբում: Իսկ Աստծուն հատուկ է ընկածներին բարձրացնել:
Եվ Քրիստոսը շատ դիպուկ պատասխան տվեց. «Գրված է. «Չփորձե՛ս քո Տեր Աստծուն»: Այս խոսքի իմաստն էլ էր բավական ըմբերանելու [չարին]: Որովհետև [Տերը սրանով] խրատում է մարդկանց, որ թեկուզ առաքինի էլ մեկը լինի, իրեն կամավորապես չպիտի մատնի չարի փորձությանը՝ ասես փորձելով Աստծուն, թե արդյոք կօգնի՞, թե ոչ: Եվ Ինքը [Տերն] էլ հրամայում է աղոթել, որ փորձության չենթարկվենք 161:
Թեև [սատանայի բերած] վկայությունն անհամապատասխան էր իրավիճակին, սակայն [կատարվել էր] մեծ խորամանկությամբ: Որովհետև մարգարեից վկայաբերեց մինչև այն խոսքը, որն իր մասին չէր, իսկ ինչ որ գիտեր, որ իր մասին էր ասված՝ «Իժի և քարբի վրայով կքայլես» (Սաղմ. 90։13), չասաց: Տերն էլ նրան այդ ժամանակ չհանդիմանեց, բայց հետո Իր աշակերտներին իշխանություն տվեց կոխոտելու նրան՝ նմանեցնելով նրան օձի և կարիճի 162, որոնց մասին մարգարեն, պարզ է, իբրև [սատանայի և դևերի] մասին է ասել և ոչ թե Տիրոջ: Եվ թեպետ [Տերն] այստեղ չկատարեց խորամանկի խնդրանքը, որպեսզի [վերջինս] չպարծենա, թե [կարողացել է] խաբել, սակայն երբ [Տիրոջ] վրա կատաղածները [կամենում էին Նրան] գահավեժ անել, գրված է, որ, նրանց միջով անցնելով, օդի միջով գնաց ուր Ինքը կամեցավ 163: Նույն այդ մարմնով էլ հետո երկինք բարձրացավ, որպեսզի թշնամուն, ով Իր վայր ընկնելն էր պահանջում, ցույց տա, որ դա՛ է Աստծուն վայել և ո՛չ թե անկումը, որ պատշաճ է [սատանային]:
Երբ [չարը] սրանում էլ պարտության մատնվեց, խաբեության մի ուրիշ հնար մտածեց:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
«Դարձյալ նրան ասաց. «Քո Տեր Աստծուն պիտի չփորձես» (Բ Օր․ 6։16):
Երկրորդ օրենքում գրված է, թե բարեպաշտ մարդիկ իրենք իրենց չեն մեռցնում: Արդ, ասելով, թե՝ «Քո Տեր Աստծուն պիտի չփորձես», թվում է, թե [վախենում է, որ եթե] աշտարակից ընկնի, պիտի արձակի հոգին: Խնդիրը դժվարանում է նրանով, որ Նա, Ով քայլում էր ծովի ալիքների վրայով առանց սուզվելու, և դեռ նույնիսկ սաստում էր [փոթորիկը], այժմ օդի վրայով քայլելուն [անտեղյակ լինել]՝ նշանակում է չիմանալ ավետարանվածը, և այդ այդպես է:
Իսկ ինչպես ինձ է թվում, ամենավերջին անմտություն է կարծել, թե Քրիստոս զգալի մարմնով գնում է սատանայի ետևից, բարձրանում է տաճարի աշտարակի վրա, և այնուհետև` լեռ և լեռան [վրայից] տեսնում բոլոր թագավորությունները: Արդյոք ո՞ր տեսանելի լեռն է ելնում, և կամ ինչպե՞ս էին Նրան ցույց տրվում երկրի բոլոր թագավորությունները, թեկուզև լեռան գագաթը հասներ մինչև երկնքում կախված լուսնի գունդը: Բայց որպես ավետարանիչն է ասում, թե Քրիստոս կանգնած էր տաճարում և աղաղակում էր (Հովհ. 7։28), և ինչպես «Քրիստոսի աղաղակելը» մարդկային մտքով ըմբռնել, հետին հիմարություն է, նույնպես և «բարձրանալը» կամ սատանայի կողմից Նրան տաճարի տեսանելի «աշտարակ» կամ «լեռ բարձրացնելը» և միաժամանակ երկրի բոլոր թագավորությունները Նրան ցույց տալը:
Ապա, ուրեմն, մեկը կկարծի՝ ասելով՝ միգուցե ավետարանիչը ուզում է ասել սատանայի՝ Հիսուսին վեր բարձրացնելը [պետք է հասկանալ այնպես], ինչպես մարդուն դեպի գիտությունների բարձունքները [վեր հանելը], մինչև Նրա գիտենալը, այն ամենի, որի համար ասաց. «Որդին չգիտե, այլ միայն Հայրը» (Մատթ. 24։36), քանզի դեռևս փառավորված չէր, այլ տակավին ավելի փոքր էր, քան հրեշտակները՝ համաձայն Պողոսի ասածի (Եբր. 2։7): Արդ՝ [Որդին], հասնելու համար այնպիսի գիտության, որի համար ասվեց, թե միայն Հայրը գիտե, որովհետև [Որդին] դեռևս փառավորված չէր, և դեռևս Հոր [կողմից] թշնամիներն իբրև Նրա ոտքերի պատվանդան չէին դրված (Սաղմ. 109։1):
Ավետարանիչն ասաց, թե «անապատ ելավ», [այն է]՝ ցանկացավ իմանալ այն, ինչը տակավին մարդկորեն չգիտեր, այլ Աստծու բերանից էր դուրս գալիս Նրա իմացությունը, ուստի և սատանայից լսելով. «թե Աստծու Որդի ես, -ինչպես և ասաց երկնային ձայնը, -հրամայիր այս իմացությանը, որպեսզի Քեզ կերակրի», որով անհնարին է կերակրվել, բացի Աստծու Որդուց, ինչպես անկարելի է մարմնին կերակրվել քարով: Որին պատասխանում էր՝ ասելով. «Ես, որ մարդացել եմ, ոչ միայն այդ հացով եմ կերակրվում, այլև ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Ղուկ. 4։3-4):
Եվ ինձ՝ որպես մարդու, թվում է՝ անհնար է այդպես կարծելը՝ աշտարակ և ամենաբարձր լեռ բարձրանալը: Եվ այդպես կարծելով՝ կարելի է կարծել նաև. առաջին՝ ոչ միայն իմանալի կերակուրների ցանկանալը, այլև մարդու նման քառասուն օր մեկուսանալով՝ մարմնեղեն կերակուր ցանկանալը, մինչև [անգամ] սատանայի [ձայնին] լսելը՝ աներևույթ ձայնի լսելու նման: Եվ երկրորդ՝ տեսանելի կերպով տաճարի աշտարակը և բոլոր լեռներից ամենաբարձրի վրա ելնելը անհնարին եմ կարծում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: