Ա․ Լոպուխին
Եվ Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց և նրանց կալվածք տվեց Եգիպտոսի երկրի բարեբեր մի շրջանում` Ռամսեսի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը: [11] (Սինոդական թարգ․)
Տարածքը, ուր փարավոնի թույլտվությամբ Հովսեփը բնակեցնում է իր հորն ու եղբայրներին, այստեղ կոչվում է «Ռամսեսի երկիր», մինչդեռ վերևում (Ծննդ. 45։10, 46։28 և այլն) նրանց բնակության համար նախատեսված տարածքը կոչվում է Գեսեմի երկիր։ Հավասարապես նաև ներքևում, երբ խոսվում է նրանց՝ Եգիպտոսում փաստացի բնակության մասին, որպես նրանց բնակության վայր է ներկայացվում Գեսեմը (Ծննդ. 47։27, 50։8, Ելք․ 9։26 և այլն): Այստեղից հետևում է, որ «Ռամսես»−ը կա՛մ Գեսեմ անվան հոմանիշն է, կա՛մ էլ վերջինիս մի հայտնի հատվածի անվանումը: Ելք գրքում ( 1։11) ասվում է, որ հրեաները փարավոնի համար կառուցեցին Փիդոն և Ռամսես «քաղաք շտեմարանները»: Հետևաբար հրեաների կողմից վերակառուցվելով կամ էլ ամրացվելով՝ քաղաքը կարող էր ստանալ այն շրջանի անունը (Ռամսես), որտեղ ապրում էին նրանք: Եգիպտերենից վերջին (Ռամսես) բառը (ըստ Յաբլոկովի ստուգաբանության) նշանակում է «խաշնարածությամբ զբաղվող մարդիկ»։ Այս անունն ուղղակիորեն կապված է հրեաների հիմնական զբաղմունքի հետ: Հովսեփոս Փլավիոսը Ռամսեսը նույնացնում է Հելիոպոլիսի հետ. «փարավոնը Հակոբին և իր ընտանիքին տրամադրեց Հելիոպոլիսը, քանի որ այստեղ թագավորական հոտերի համար նախատեսված արոտավայրեր կային» (տե՛ս «Հրեական հնախոսություն» 2։7, 6): Յոթանասնիցը, ինչպես մենք տեսանք Ծննդոց. 46․28 համարում, Ռամսեսը մոտեցնում է Հելիոպոլիսին:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Յովսէփը իր հօրն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամէսի երկրում, ինչպէս հրամայել էր փարաւոնը:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի ամենաբարեբեր տեղում՝ Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը:
(Գրաբար) Եւ բնակեցոյց Յովսէփ զհայրն իւր եւ զեղբարս իւր, եւ ետ նոցա բնակութիւն յերկրին Եգիպտացւոց ի բարւոք երկրի. յերկրին Ռամեսա. որպէս հրամայեաց փարաւոն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: