Ծննդոց գրքի մեկնություն 47:31

Ա. Լոպուխին

Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»: Եվ նա երդվեց նրան, մինչ Իսրայելը խոնարհվեց մահճակալի սնարի վրա: [31] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի գործողությունները Հովսեփի երդում տալու ժամանակ, տարբեր կերպ են փոխանցում եբրայերեն և Յոթանասնից տեքստերը։ Ըստ եբրայերենի՝ «խոնարհվեց մահճակալի սնարի վրա» (նույն կերպ են ընթերցում նաև Թարգումը, Ակյուղասը, Վուլգաթան), իսկ ըստ Յոթանասնիցի (նույն կերպ են ընթերցում նաև սիրիական և սլավոնական թարգմանությունները)՝ «խոնարհվեց գավազանի գլխի վրա»: Տարբերությունն առաջացել է եբրայերեն «mittah»` «մահիճ» և «matteh»՝ «գավազան» բառերի իմաստները միախառնելուց:

   Առաջին դեպքում ստացված իմաստը նման է Գ Թագ․ 1։47 համարում Դավթի մահվան նկարագրության հետ, ըստ որի նա հոգնածությունից խոնարհվում է մահճի վրա կամ էլ անկարողության մեջ Աստծուն ուղղված երախտագիտության զգացում է արտահայտում, ճիշտ նույն կերպ էլ Հակոբն է մինչև մահճակալի սնարը խոնարհվում Հովսեփին:

   Երկրորդ դեպքում (ըստ Յոթանասնիցի ընթերցման «ἐπὶ τὸ ἄκρον τῆς ῥάβδου», Եբրայ․ 11։21) մահից առաջ Հակոբի ունեցած թուլության մասին միտքը մնում է ստվերում (իրականում միայն 48−րդ գլխում է ասվում, որ Հակոբը գամված էր մահվան մահճին), և առաջ է քաշվում այն պատկերացումը, որ Հովսեփից ստանալով իր խնդրածը՝ Հակոբը վերհիշում է իր ողջ թափառական կյանքը, հայացք է նետում իր դեգերումների գավազանին (Ծննդ. 32։10) և Աստծուն և Հովսեփին գոհություն հայտնելով Հակոբը խոնարհվում է այս գավազանի գլխի վրա՝ իրականացնելով Հովսեփի հետ կապված այն երկրպագությունը, որը ժամանակին նրան էր հայտնվել երազում (Ծննդ․ 37−րդ գլուխ, երանելի Թեոդորիտ, 111−րդ հարցի պատասխանը):

Ամենագլխավորն այն է, որ Հակոբն այժմ հրաժարվում է այս աշխարհից, մարդկանցից և ամբողջ մտքով ու սրտով դառնում է դեպի Աստված:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց. «Երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան, մինչ Իսրայէլը խոնարհուեց նրա գաւազանի գլխի վրայ:
(Արարատ թարգ․) Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ», և նա էլ երդում տվեց նրան: Եվ Իսրայելը խոնարհվեց գավազանի գլխի վրա:
(Գրաբար) Եւ ասէ. Երդուիր ինձ. եւ երդուաւ նմա: Եւ երկիր եպագ Իսրայէլ ի վերայ գլխոյ գաւազանի իւրոյ: