Ա․ Լոպուխին
5-6. Եվ քո այս երկու որդիները, որ նախքան իմ Եգիպտոս գալը քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում, իմն են, Եփրեմը և Մանասեն Ռուբենի և Շմավոնի պես իմն են: [5] Եվ նրանցից հետո ծնված քո որդիները թող քոնը լինեն և իրենց ժառանգության մեջ իրենց եղբայրների անուններով կոչվեն: (Սինոդական թարգ․)
Հակոբը միտումնավոր այս որդեգրումը սահմանափակում է Հովսեփի երկու որդիներով՝ Եփրեմով և Մանասեով, և հավելում է, որ եթե Հովսեփը կրկին զավակներ ունենա, ապա նրանք առանձին ցեղ չեն կազմի, այլ կդասվեն Եփրեմի և Մանասեի սերնդների շարքին (ըստ երևույթին, Հովսեփն այլ որդիներ չուներ, Ծննդ. 50։23, Թվեր. 26։28−37):
Այստեղ Հովսեփի երկու որդիներին իր որդիների շարքում ընդունելով և «խորհրդանշանների, զոհասեղանի հաղորդակցության, ավետյաց երկրի հողերի բաժանման մեջ» (Աբարբանել) նրանց բաժին տալով՝ Հակոբը Հովսեփի կրկնակի ժառանգության մասնաբաժնի հետ ճանաչում է նրա անդրանիկությունը (Բ Օր. 21։15−17)։ Իր հանցանքի համար անդրանիկությունը վերցվում է Ռուբենից (Ծննդ. 49։4) և փոխանցվում է Հովսեփին՝ ոչ միայն Եգիպտոսում նրա ունեցած բացառիկ դիրքի շնորհիվ` որպես իր եղբայրների կերակրող և «իշխան» (Ծննդ. 49։26), ոչ միայն որպես սիրելի որդի և սիրելի կնոջից ծնված անդրանիկ լինելու, այլև, անկասկած, Աստծու առանձնահատուկ նախախնամության շնորհիվ: Հակոբի սերնդի մեջ թագավորությունը տրվում է Հուդային, իսկ քահանայությունը` Ղևիին (Ծննդ. 49։8−10)։ Սակայն Եփրեմին տված Հակոբի առանձնահատուկ օրհնությամբ կանխատեսվում է (Ծննդ. 49։14,20), որ նրա սերնդից էլ թագավորներ դուրս կգան:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,
(Արարատ թարգ․) Եվ հիմա քո այս երկու որդիները, որ նախքան իմ Եգիպտոս գալը քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում, իմն են, Եփրեմը և Մանասեն Ռուբենի և Շմավոնի պես իմն են:
(Գրաբար) Արդ` երկու որդիք քո որ եղեն յԵգիպտոս, մինչ չեւ եկեալ էր իմ յԵգիպտոս` իմ են, Եփրեմ եւ Մանասէ. իբրեւ զՌոբէնն եւ զՇմաւոն եղիցին ինձ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: