Ծննդոց գրքի մեկնություն 49:22

Ա. Լոպուխին

22-26․ Հովսեփը պտղատու ոստ է, աղբյուրի մոտ տնկված պտղաբեր մի ոստ, որի ճյուղերը տարածվում են պատի վրա: [22] Աղեղնավորները վշտացրին նրան ու նետաձիգ արին և կռիվ տվեցին նրա դեմ, Բայց նրա աղեղը ամուր մնաց, և իր ձեռքի բազուկները զորացան Հակոբի հզոր Աստծո ձեռքով։ Այնտեղից է Իսրայելի հովիվը և հենարանը: Սա քո հոր Աստծուց է, որ քեզ պետք է օգնի, Ամենակարողից, որ քեզ պիտի օրհնի վերին՝ երկնային օրհնություններով և ցածում պառկած անդունդի օրհնություններով, ստինքների ու արգանդի օրհնություններով: Քո հոր օրհնությունները, որ գերազանցում են մշտնջենավոր լեռների օրհնություններին և հավիտենական բլուրների վայելչությունը․ թող դրանք լինեն Հովսեփի գլխին և նրա եղբայրների միջից ընտրյալի գագաթի վրա: Հովսեփը մի պտղատու ոստ է, Աղբյուրի մոտ տնկված մի պտղաբեր ոստ՝ Պատին տարածվող իր բողբոջներով: (Սինոդական թարգ․)
   
   Եթե Հուդայի փառահեղ օրհնության մեջ խոսում էր Հակոբին տրված աստվածային ներշնչումը, ապա այժմ՝ սիրելի որդի Հովսեփի օրհնության մեջ, որն արդեն օրհնվել էր ի դեմս իր որդիների [Եփրեմի ու Մանասեի (Ծննդ. 48։15). ծնթ.՝ թրգմ.], արտահայտվում է Հովսեփի հետ Հակոբի սրտի ունեցած կապվածությունը: Հատկապես գեղեցիկ է այն ձևը, որով ներկայացվում է այդ օրհնությունը։ Այդ օրհնությամբ, սակայն, Հակոբը Հովսեփին չի բարձրացնում Հուդայից և առաջինին խոստացված հոգևոր բարիքները չի տալիս վերջինին: Հովսեփին տրված գլխավորապես նյութական բարիքները բացատրվում են եղբայրների շրջանում Հովսեփի՝ որպես բարեգործ և «իշխան» ունեցած բացառիկ կարգավիճակով (Ծննդ. 49։26): Հովսեփն այստեղ ներկայանում է՝
   1․ որպես պտղատու ոստ (եբրայերեն՝ «porat». սա ակնարկ է Եփրեմի անվան վերաբերյալ, կրկնակ կիրառությունը մատնացույց է անում Հովսեփից ծնված երկու ցեղերին), որի ճյուղերը տարածվում են պատի վրա՝ յուրայինների ու օտարների, այսինքն՝ հրեաների ու եգիպտացիների վրա,
   2․ որպես բոլոր պատուհասների ժամանակ (անձամբ Հովսեփի կրած և նրա որդիներին՝ հատկապես Մանասեին (վերջինիս սերնդից էր, օրինակ՝ Գեդեոնը), սպասվող փորձությունները) հաստատուն մնացող ամրություն, որը ամրացվում է նույն հովվի, այսինքն՝ Հակոբի հետ եղած Աստծո միջոցով (Ծննդ. 48։15): Համաձայն որոշ մեկնաբանների՝ այստեղ մարգարեություն է Եփրեմի ցեղից սերած Հեսու Նավեի մասին,
   3․ որպես հոր սիրելի, որը նրան օրհնություններ է տալիս՝ ա) երկնային օրհնություն, այսինքն՝ ցող ու անձրև (Ծննդ. 27։28),  բ) անդունդի օրհնություն, այսինքն՝ ոռոգվող հողեր, գ) ստինքների ու արգանդի օրհնություն, այսինքն՝ հոտերի ու կաթի առատություն (Ծննդ. 49։25),
   4․ որպես իշխան (եբրայերեն՝ «nazir», այսինքն՝ «թագադրված») եղբայրների մեջ՝ թե՛ անձնապես և թե՛ հանձին իր սերնդի (Եփրեմի իշխանական ցեղը, Ծննդ. 49։26):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի, դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ:
(Արարատ թարգ․) Հովսեփը մի պտղատու ոստ է, Աղբյուրի մոտ տնկված մի պտղաբեր ոստ՝ Պատին տարածվող իր բողբոջներով:
(Գրաբար) Որդեակ աճեցեալ Յովսէփ. որդեակ` աճեցեալ նախանձելի. որդեակ իմ մատաղ առ իս դարձիր. զոր բանտարկուքն բամբասէին,