Ա․ Լոպուխին
16-17. Նրանք ուղարկեցին Հովսեփին՝ ասելու. «Քո հայրը մահվանից առաջ մեզ երդվել տվեց՝ ասելով. [16] «Այսպե՛ս կասեք Հովսեփին. ներիր քո եղբայրների հանցանքն ու մեղքը, որովհետև քո դեմ չարիք գործեցին»: Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների մեղքը»: Եվ Հովսեփը լաց եղավ, երբ նրան ասացին այս խոսքերը: (Սինոդական թարգ․)
Չհամարձակվելով բացատրություն տալու համար անձնապես կանգնել Հովսեփի առաջ՝ եղբայրներն իրենց միջից ներկայացուցիչ են ընտրում (ավանդության համաձայն Բալլայի որդիներ Դանին ու Նեփթաղիմին, որոնց հետ մանկության շրջանում հատկապես մտերիմ էր Հովսեփը․ Ծննդ. 37:2), խոստովանում են Հովսեփի դեմ կատարած իրենց հանցանքներն ու հոր անունով թողություն են աղերսում: «Տե՛ս,− նկատում է սուրբ Հովհան Ոսկեբերանը,− թե ինչպես են նրանք դառնում իրենց մեղադրողները... Ի՜նչ մեծ է խղճի մեղադրող զորությունը,− հավելում է նա» (էջ 722−723): Անկեղծ խոստովանելով իրենց մեղքը՝ նրանք թողություն են աղերսում ոչ միայն հանուն հանգուցյալ հոր հիշատակի, այլ նաև հանուն իրենց միակ Աստծո, որի ծառաներն էին նրանք՝ բոլորը (ինքնին զորավոր շարժառիթը կռապաշտ երկրում՝ Եգիպտոսում էլ առավել համոզիչ է դառնում):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նրանք եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդուեցրել էր
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփի մոտ բանբեր ուղարկեցին՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց ու ասաց՝այսպես ասացեք Հովսեփին.
(Գրաբար) Եկին առ Յովսէփ եւ ասեն ցնա. Հայր քո երդմնեցոյց զմեզ մինչ չեւ վախճանեալ էր նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: