Ա. Լոպուխին
«Եվ այն իշխանը, որ նրանց մեջ է, մթության մեջ ուսի վրա է դնելու բեռը և դուրս է գալու. պատը պիտի փորեն, որպեսզի այնտեղից դուրս բերեն նրան, նա իր դեմքը պիտի ծածկի, որպեսզի այս երկիրն աչքերով չտեսնի»։[12] (Սինոդական թարգ․)
Մարգարեն ժողովրդի ճակատագրի նկարագրությունից անցում է կատարում թագավորի ճակատագրի նկարագրությանը։ «Իշխանը» Սեդեկիան է (10-րդ համար):
«Որ նրանց մեջ է» - ասել է թե՝ նրանցից է։ Թագավորի ճակատագիրը տարբերվելու է նրա հպատակների ճակատագրից։
«Մթության մեջ» - պաշարված քաղաքից Սեդեկիայի փախուստը տեղի ունեցավ գիշերը։
«Ուսի վրա է դնելու» («բարձրացնելու է») – եբրայեցերեն տեքստում ասվում է՝ «բարձրացնելու է», սակայն թե ի՞նչ՝ անհայտ է․ դա կարող է լինել մի ինչ-որ ունեցվածք, կամ գուցե՝ մեղք և անեծք: Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է՝ «դրվելու է ուսերին», այսինքն՝ կդրվեն բեռնակիր կենդանիների կամ իր հայրենակիցների ուսերին։ Սեդեկիայի փախուստի պատմության մեջ այսպիսի մանրամասներ չեն հաղորդվում։
«Եվ դուրս է գալու» - Թագավորը թողնում է իր մայրաքաղաքը՝ պատճառ դառնալով ժողովրդի կործանման համար։
«Պատը պիտի փորեն» - այսինքն՝ պիտի փորեն նրա՛նք, ովքեր շրջապատում են Սեդեկիային (Յոթանասնից թարգմանության մեջ կիրառված է եզակի թվով)։ Դ Թագ․ 25:4-րդ, Երեմ․ 39:4-րդ, 52։7-րդ համարներում ասվում է, որ Սեդեկիան փախել է «թագավորի այգու միջով՝ երկու պարիսպների միջև եղած դարպասով», այսինքն՝ հավանաբար խոսքն այստեղ այն դարպասի մասին է, որը տանում էր թագավորական այգուց դեպի հարավային դարպասը՝ քաղաքային պարսպի անկյունային հատվածում՝ դրսի կողմից, քանի որ բոլոր մեծ դարպասները հսկվում էին պաշարողների կողմից։ Այդ դարպասը, որը հավանաբար կառուցվել էր պաշարման ժամանակ, հավանաբար գաղտնի է եղել, ինչով էլ բացատրվում է մարգարեի գործածած արտահայտությունը. թագավորը, որը մշտապես հանդիսավորաբար քաղաք էր մտնում գլխավոր դարպասից, այժմ պետք է որպես հանցագործ փախչեր հետնաբակով։
«Նա իր դեմքը պիտի ծածկի» - այս քողարկումը կարող էր նաև կուրության նշան լինել։
«Այս երկիրը» - Պաղեստինը, բայց ոչ միայն այն, այլ նաև գերության երկրները, ինչի մասին կխոսվի 13-րդ համարում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իշխանն էլ նրանց մէջ կուզէկուզ է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, դէմքը ծածկելով է գնալու եւ շուրջը չի տեսնելու:
(Արարատ թարգ․) Եվ այն իշխանը, որ նրանց մեջ է, մթնած ժամանակ ուսի վրա է բարձելու և դուրս գալու. պատը պիտի փորեն, որ այնտեղից դուրս բերեն նրան, նա իր դեմքը պիտի ծածկի, որպեսզի երկիրն աչքով չտեսնի։
(Գրաբար) Եւ իշխանն 'ի մէջ նոցա կորակո՛ր գնասցէ, գաղտագողի՛ շրջեսցի, զորմն հատեա՛լ ելցէ, զերեսս ծածկեա՛լ գնասցէ. և մի՛ տեսցէ զերկիրդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: