Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։9

Ա. Լոպուխին 

«Իսկ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի այնպես, ասես Ես՝ Տերս եմ սովորեցրել այդ մարգարեին, ապա Ես Իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան պիտի վերացնեմ Իմ ժողովրդի՝ Իսրայելի միջից»։ [9] (Սինոդական թարգ․)
   

   «Մարգարե» - այստեղ նկատի է առնվում ո՛չ միայն կեղծ է (ինչպես 13:2-րդ համարի պարագայում), այլ նաև ճշմարիտ մարգարեն, ում հետ նույնպես այդպիսի բան կարող է պատահել, ինչպես որ ցույց է տալիս Բաղաամի օրինակը:

   «Մի խոսք արտասանի» - այսինքն՝ Աստծո անունից պատասխան տա այն կռապաշտին, որն իր (մարգարեի) միջոցով դիմում է Աստծուն։

   «Ասես Ես՝ Տերս եմ սովորեցրել այդ մարգարեին» - Յոթանասնից թարգմանությունը և մյուս բոլոր հին թարգմանություններն (Վուլգաթան և մյուսները) ավելի ստույգ ձևով են փոխանցում միտքը․ «Եվ Տերը մոլորեցրեց այդ մարգարեին»։ Այն, թե ինչպես է հնարավոր Աստծո կողմից նմանատիպ ձևով մոլորության ենթարկելու երևույթը, ցույց է տալիս Հեմլեի որդի Միքիայի տեսիլքը (Գ Թագ․ 22։20, այս առթիվ հարկ է հիշել նաև Հակոբոս 1։13-րդ համարը): Համաձայն Սուրբ Գրքի՝ Աստված երբեմն արագացնում է մեղքի զարգացումը՝ այն հասցնելով իր ամենածանր աստիճանին, որպեսզի դատաստանի միջոցով վերջ դնի դրան (հմմտ․ «Ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը»): Այս պարագայում ենթադրվում է, որ այդ մարգարեն նախապես արդեն իսկ հասունացել էր իր ամբարշտության մեջ՝ «պատրաստ» լինելով Աստծո դատաստանի համար, իսկ Աստծո համար էլ, հետևաբար, անհրաժեշտ էր միայն այդ մարգարեի ամբարշտության այս հատուկ բացահայտումը։

   «Պիտի վերացնեմ Իմ ժողովրդի․․․միջից» - պատժվում է և՛ մարգարեն, և՛ նա, ով մարգարեի միջոցով դիմում էր Աստծուն։ Աստծուն դիմողի ցանկությունը բավարարելով՝ այս մարգարեն ամբողջովին թյուրիմացության էր մատնում այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա կառուցված էին Յահվեի և Իսրայելի հարաբերությունները, ու այդ իսկ պատճառով էլ ժողովրդի մեջ նմանատիպ մարգարեի ներկայությունն աղետալի կլիներ հենց այդ ժողովրդի համար և կհետաձգեր վերջինիս դարձը դեպի Յահվեն։

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ եթէ մի՛ մարգարէ խաբուի ու մի բան խօսի, թէ իբր ես՝ Տէրս եմ մոլորեցրել այդ մարգարէին, - ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ ու ոչնչացնելու եմ նրան Իսրայէլի իմ ժողովրդի միջից:
(Արարատ թարգ․) Եվ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի, Տերը՝ ես եմ մոլորեցրել այդ մարգարեին և իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան բնաջնջեմ իմ Իսրայել ժողովրդի միջից։
(Գրաբար) Եւ մարգարէ՛ ոք թէ խաբեսցի՝ և խօսեսցի բա՛ն ինչ. ե՛ս Տէր մոլորեցուցի զմարգարէն զայն. և ձգեցից զձեռն իմ 'ի վերայ նորա, և սատակեցից զնա 'ի միջոյ ժողովրդեան իմոյ Իսրայէլի: