Ա. Լոպուխին
«Եվ քեզ նախշազարդ պատմուճան հագցրի, և սաֆյանից կոշիկներ հագցրի քեզ, և բեհեզով գոտևորեցի քեզ ու ծածկեցի քեզ մետաքսե ծածկոցով»։ [10] (Սինոդական թարգ․)
«Նախշազարդ պատմուճան» - դա տարբեր գույներից հյուսված, ոսկե և արծաթե տարրեր պարունակող գործվածքից հագուստ էր, որը մինչև օրս էլ օգտագործվում է Եգիպտոսում։ Այն գործված է թանկարժեք կտորից (Դատ․ 5:30, Եզեկ. 27:7, 16, 24), որը հիմնականում գործածում էին թագավորական արտոնություններ ունեցող անձինք (Սաղմ․ 44:15, Եզեկ․ 26:16, որպես համեմատություն տե՛ս 17:3-րդ համարի բացատրությունը):
«Ընտիր կաշվից կոշիկներ» - սլավոներենում՝ «կարմիր կոշիկներ»։ Այս երկու թարգմանություններն էլ եբրայեցերեն «տախաշ» բառի նախընտրելի փոխադրություններն։ Այդ բառը, համաձայն Ելից 25:5-րդ համարի (տե՛ս այդ համարի բացատրությունը) և այլ տեղիների, նշանակում է մի որևէ տեսակի, հավանաբար ծովային կենդանու բարձր որակ ունեցող կաշի (հնարավոր է՝ Կարմիր ծովի կենդանական աշխարհի ներկայացուցիչներից որևէ մեկի մասին է խոսքը, սակայն այդ կենդանին հազիվ թե փոկը կամ դելֆինը լինի, քանի որ նրանց մաշկը կոշտ է)։ Այդ կաշվի բարձր որակի մասին կարելի է դատել խորանի ծածկույթների համար դրա կիրառությունից, ինչի մասին որ հենց, հավանաբար, ակնարկվում է այստեղ։
«Բեհեզով գոտևորեցի քեզ» - եբրայեցերեն «խավաշ» բայը նշանակում է ոչ թե գոտի, այլ գլխաշոր, բեհեզյա ծածկոց, ինչպիսին էին քահանայական զգեստները և, իհարկե, նշանակալից է, որ Յահվեի հարսնացուն կրում էր կա՛մ արքայական (գույնզգույն և մետաքսյա), կա՛մ քահանայական (սաֆյանից և բեհեզից) հանդերձներ:
«Մետաքսե» - սա միայն այստեղ և 13-րդ համարում գործածվող եբրայեցերեն «մեշի» բառի ունեցած հավանական նշանակությունն է՝ ըստ Ռաշիի և մյուս ռաբբիների տեսակետի։ Հարցն այն է, թե արդյո՞ք Եզեկիել մարգարեի ժամանակ մետաքսը հայտնի էր հրեաներին: Սլավոներենում գործածված է «տրիխպտոն» բառը, որը, համաձայն Հերոնիմոս Երանելու բացատրության, Յոթանասնից թարգմանության կողմից ստեղծվել է՝ մատնանշելու համար մազի նման նուրբ թելերից պատրաստված գործվածքը (qrix - «մազեր» և «aptomai - դիպչել: Հարսը ոտքից մինչև գլուխ ծածկվում էր այդպիսի քողով (դա նույնն էր, ինչ մերօրյա հարսնաքողը)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Պէսպէս հագուստներ հագցրի քեզ. երկնագոյնով զգեստաւորեցի, մէջքիդ բեհեզ գօտի կապեցի, վրադ սնդուս գցեցի:
(Արարատ թարգ․) Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։
(Գրաբար) և զգեցուցի զքեզ պէսպէսս, ագուցի քեզ զերկնագոյնն, ածի ընդ մէջ քո բեհեզ, և արկի զքև սնդուս.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: