Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։26

Ա. Լոպուխին

«Պոռնկացար Եգիպտոսի որդիների՝ քո հարևանների՝ մեծանդամ մարդկանց հետ, և բազմացրիր քո պոռնկությունները՝ բարկացնելով Ինձ»։ [26] (Սինոդական թարգ․)
   

    «Պոռնկացար Եգիպտոսի որդիների հետ» - գծագրելով Իսրայելի՝ տվյալ ժամանակի կռապաշտության պատկերը՝ մարգարեն այժմ տալիս է դրա պատմական համառոտ ուրվագիծը (26-29-րդ համարներ)՝ թվարկելով այն պաշտամունքները, որոնց Իսրայելը հակվել է մեկը մյուսի հետևից: Դրանց շարքում առաջինը կոչվում է եգիպտական ​​պաշտամունք, և, ինչպես ցույց է տալիս 27-րդ համարը, մարգարեն եգիպտական այս պաշտամունքի հանդեպ հակումը կամ, ավելի ճիշտ, նման հակվածության սկզբնավորումը ժամանակագրական առումով զետեղում է դեռևս եգիպտական ​​ստրկության ժամանակաշրջանի տիրույթում (որի մասին, սակայն, Ելից գրքում որևէ բան չի ասվում)։ Սակայն մարգարեն այստեղ հիմնականում նկատի ունի Եգիպտոս նկատմամբ առկա քաղաքական այն գրավչությունը, որը սկսեց բացահայտվել Հուդայի թագավորության վերջին հարյուրամյակում և որն այդքան խստորեն դատապարտվեց Եսայու (23-րդ գլուխ) և Նավումի (3-րդ գլուխ) (հմմտ․ Օսէէ 7։11)։ Համաձայն Եզեկիել մարգարեի հայացքի՝ այդ քաղաքական գրավչությունը չէր կարող չուղեկցվել նաև կրոնական համակրանքով (որի մասին դարձյալ ոչ մի հաստատող փաստ հայտնի չէ պատմական Սուրբ Գրքերում), ինչպես որ այն չէր կարող խորը արմատներ չգցել Իսրայելի հնագույն (Եգիպտական ​​ժամանակաշրջանի) պատմության մեջ:

   «Եգիպտոսի աստվածների հետ» արտահայտության փոխարեն այստեղ ասվում է՝ «Եգիպտոսի որդիների հետ»՝ ամենայն հավանականությամբ կրոնական հակումների նկատմամբ քաղաքական նախապատմությունը ցույց տալու նպատակով։

   «Մեծանդամ մարդկանց հետ» - եգիպտացիները վավաշոտության մասին, որը պայմանավորում էր նաև նրանց հսկայական ծավալի հասնող կենդանապաշության գոյությունը (Թեոդորետոս Երանելի), լեգենդներ էին հյուսվել (Կրեչմար)։

--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես:
(Արարատ թարգ․) Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։
(Գրաբար) Եւ պոռնկեցար ընդ որդիսն Եգիպտացւոց սահմանակիցս քո ընդ մեծանդամս. և բազմապատիկ պոռնկեցար՝ զի զի՛ս բարկացուսցես։