ՏԻՒՐՈՍԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
1․ Պատգամ Տիւրոսի մասին
Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կարքեդոնացիները կործանուեցին եւ այլեւս չեն վերադառնայ Կիտացիների երկրից, ուր գերութեան քշուեցին:
2․ Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները. նման են փիւնիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով.
3․ վաճառականների սերունդ են. ինչպէս ամռանը հունձն է հաւաքւում, այդպէս են այդ վաճառականները ազգերի համար:
4․ «Ամաչի՛ր, Սիդո՛ն», -ասում է ծովը: Ծովի զօրութիւնն էլ ասում է. «Միթէ ես երկունքի ցաւով չե՞մ բռնուել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կոյսեր չե՞մ մեծացրել»:
5․ Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրան Տիւրոսի համար:
6․ Գնացէ՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն էք, ողբացէ՛ք:
7․ Արդեօք սկզբից իսկ ձեր այդ ամբարտաւանութիւնը չէ՞ր, որ նրա մատնութեան պատճառ դարձաւ. նա իր իսկ ոտքերով հեռաւոր պանդխտութեան պիտի քշուի:
8․ Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տիւրոսի մասին. միթէ նա յետին մէ՞կն էր կամ տկար մի ոք: Նա, նրա վաճառականները քանանացիների պատուաւոր մարդիկ էին, նրա առեւտրականները երկրի իշխաններն էին
9․ Զօրութիւնների Տէրը մտածեց վերջ տալ ականաւոր մարդկանց ողջ ամբարտաւանութեանը եւ երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատուաւորներին:
10․ Քո հո՛ղը մշակիր, որովհետեւ այսուհետեւ նաւերը չեն գալու Կարքեդոնից,
11․ քո ձեռքի զօրութիւնը այլեւս չի երեւալու ծովի վրայ, դու, որ սարսեցնում էիր թագաւորներին: Զօրութիւնների Տէրը Քանանի համար հրամայեց՝ կործանե՛լ նրա հզօրութիւնը:
12․ Պիտի ասեն, թէ՝ «Էլ չշարունակենք թշնամանքը եւ չզրկենք Սիոնի կոյս դստերը»: Ոտքի՛ կանգնիր եւ ծովո՛վ անցիր: Սակայն թէկուզեւ դիմես դէպի Կիտիիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու:
13․ Եւ եթէ քաղդէացիների երկիրը գնաս, որը, սակայն, նոյնպէս աւերուած է ասորեստանցիներից, այնտեղ եւս քեզ համար դուլ ու դադար չի լինելու: Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալուեց ու կործանուեց:
14․ Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կործանուեց ձեր ամրութիւնը:
15․ Եւ պիտի գայ մի օր, երբ Տիւրոսը եօթանասուն տարի լքուած պիտի լինի, այնքան, որքան մի թագաւորի իշխանութեան ժամանակն է լինում, որքան մի մարդու կեանքի ժամանակը: Ու եօթանասուն տարի յետոյ Տիւրոսը պիտի դառնայ այնպիսին, ինչպէս ասւում է պոռնիկի երգում.
16․ «Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, ո՛վ դու պոռնկութեան լքուա՛ծ քաղաք, լա՛ւ նուագիր, նորից ու նորից երգիր, որ քո յիշատակը մնայ:
17․ Ու եօթանասուն տարի յետոյ Տէրը պիտի այցելի Տիւրոսին, որը նորից նոյն կարգով պիտի վերահաստատուի, ինչպէս առաջ էր, եւ այնտեղ պիտի կատարուի աշխարհի երեսին գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորների առեւտուրը:
18․ Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նուիրաբերուի. ոչ թէ առանձին մարդկանց համար պիտի հաւաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջեւ բնակուողներին, որպէսզի ուտեն, խմեն եւ, ի նշան Տիրոջ հանդէպ իրենց երախտագիտութեան, ուրախ լինեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: