Գիրք` 31. Եսայի

Գլուխ 25

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
   
1․ Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ:
2․ Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի:
3․ Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ,
4․ որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ, չար մարդկանցից փրկելով նրանց:
5․ Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց 654:
   
ՏԷՐԸ ՍՐԲՈՒՄ Է ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
   
6․ Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգչեն այս լեռների վրայ:
7․ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի:
8․ Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ Նա պիտի ընկճի հզօրների բազուկները:
9․ Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»:
   
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ՄՈՎԱԲԻՆ
   
10․ Աստուած մեզ հանգիստ է պարգեւելու այս լեռներում, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպէս որ օրանն է ճզմւում կամնասայլի տակ:
11․ Տէրն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ եւ այդպէս նրան պիտի թշուառացնի ու կործանի, հողին պիտի հաւասարեցնի նրա հպարտութիւնը՝ նրա վրայ տարածելով իր ձեռքերը:
12․ Քո բարձր պարիսպների ամրութիւնը պիտի խոնարհեցնի՝ գետնին հաւասարեցնելով այն: