Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Անձնական բարոյական փոփոխության սկիզբը: 17-րդ գլխում ներկայացնելով, որ Ասորեստանի հանդեպ դավաճանությունը պատճառ հանդիսացավ Երուսաղեմի անկման համար, ինչը և տեսանելի իրողություն էր Իսրայելի ողջ պատմական անցյալի համատեքստում (16-րդ գլուխ), արդեն 18-րդ գլխում մարգարեն հիմնավորում է 17-րդ գլխում առկա վերոնշյալ միտքը (ինչպես որ 15-րդ գլուխն էլ հիմնավորում էր 16-րդ գլխում արտահայտված գաղափարները)՝ այն հիմնելով աստվածային բացարձակ արդարության վրա, որը չի կարող թույլ տալ, որպեսզի որևէ մեկը տառապի ուրիշների մեղքերի պատճառով, և, հետևաբար, որպեսզի հրեաների ներկա սերունդը պատժվի Իսրայելի նախկին մեղքերի համար: 1-4-րդ համարները կազմում են սույն գլխի ներածությունը կամ թեմատիկ նախաբանը՝ հռչակելով Աստծո առաջ յուրաքանչյուր մարդու բարոյական ազատության և պատասխանատվության հայեցակարգը՝ այն մեկնաբանելով ժողովրդական մի ասացվածքի օգնությամբ։ 5-20-րդ համարներում այդ միտքը պարզաբանվում է երեք օրինակների միջոցով։ 21-29-րդ համարներում բացատրվում է, որ անձնական բարոյական դարձի (դեպի բարին փոփոխության) վերաբերյալ ձևավորված հայեցակարգը կիրառելի է ոչ թե մարդու ողջ նախորդող վարքագծի, այլ Աստծո դատաստանի ժամանակ նրա բարոյական վիճակի վերաբերությամբ։ Իսկ ահա 30-32-րդ համարներում էլ ներկայացվում է մի խրատական եզրակացություն։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: