Եզեկիելի մարգարեության մեկնություն 2։7

Ա․ Լոպուխին

7-10․ «Եվ Իմ խոսքերն ասա՛ նրանց՝ լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք կամակոր են»։ [7] «Իսկ դու, մարդո՛ւ որդի, լսի՛ր, թե Ես ի՛նչ պիտի ասեմ քեզ. այդ ապստամբ տան պես կամակոր մի՛ եղիր. բա՛ց բերանդ և կե՛ր, ինչ որ Ես տալիս եմ քեզ»։ «Եվ ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և ահա դրա մեջ՝ գրքի մի մագաղաթ»։ «Եվ Նա այն բացեց իմ առաջ, և ահա մագաղաթը գրված էր ներսից և դրսից, և դրա վրա գրված էին «ողբ և հառաչանք ու վիշտ»»։ (Սինոդական թարգ․)
   

   Վստահ լինելով իր գալիք հաղթանակի վրա՝ մարգարեն կարող է խաղաղաբար դիմանալ այդ ամենին և շարունակել իր գործունեությունը։ Յուրաքանչյուր պահի բացահայտվում է ա՛յն ժողովրդի համառությունը, որի հետ որ Եզեկիելը գործ պիտի ունենար, սակայն վառ է մնում ա՛յն հույսը, որ այդ համառությունն էլ ավելի մեծ նախանձախնդրություն պիտի առաջացնի մարգարեի մեջ, որ նա ավելի մեծ պատրաստակամությամբ պիտի ընդունի իրեն տրված հայտնությունները և չպիտի թույլ տա, որ ամբոխի այդ համառությանն էլ ավելի կարծրանա իր գործունեության պատճառով, ինչի օրինակներին ականատես ենք եղել այլ մարգարեների պարագաներում (Բաղաամ, Հովնան, Հերոբովամին մեղադրող հրեա մարգարե), այլ Եզեկիելն անհապաղ պետք է գործով ապացուցի իր հնազանդությունը. թող որ ուտի այն, ինչ Աստված է տալիս նրան։ Մարգարեն նայեց, թե ինչ կար իրեն մեկնված ձեռքի մեջ, և տեսավ, որ, իսկապես, իրենից պահանջվում էր գրեթե անհնարին մի բան: Թե ո՞ւմ ձեռքն էր դա, մարգարեն չի համարձակվում ասել, մինչդեռ Երեմիան ուղղակիորեն ասում էր. «Եվ Տերը մեկնեց Իր ձեռքը» (Երեմ․ 1:9):

   Մագաղաթը բացվում է մարգարեի աչքերի առջև, որպեսզի նա սկզբից ևեթ ծանոթանա դրա բովանդակությանը։ Այն, հակառակ ընդունված սովորության, գրված էր երկու կողմից, ինչպես Ուխտի տախտակները (Ելք 32:15)՝ որպես ամբողջականության և հարուստ բովանդակության նշան (հնարավոր է նաև, որ այն, ի թիվս այլ բաների, ցուցում էր պարունակում Եզեկիելի մարգարեական գործունեության ավելի քան 20- ամյա տևողության վերաբերյալ), ու իր մեջ ամփոփում էր բացառապես ողբ (ինչպիսին որ պիտի լիներ նաև Եզեկիելի ապագա գիրքը, որում կան բազմաթիվ խոսքեր, որոնք ուղղակիորեն խորագրված են «ողբ» վերնագրով, որի մասին տե՛ս Եզեկիելի մարգարեության 19:1-ին, 26:17-րդ համարները և այլ տեղիներ: Մագաղաթի բովանդակությանը Եզեկիելը կարող էր ծանոթանալ միայն մեկ հայացքով, քանի որ նա գտնվում էր գերզգայուն իրականության մեջ։ Մագաղաթին սևեռված միայն մեկ հայացքից մարգարեն կարող էր եզրակացություն կազմել այն մասին, թե բովանդակային առումով ո՛րն էր լինելու իր քարոզության բնույթը, որի վերաբերյալ նրան դեռևս ոչինչ չէր ասվել (հետևաբար մարգարեի սևեռած այս հայացքը զետեղված է 2-րդ գլխում, իսկ «ճաշակումը»՝ 3-րդ գլխում, որում վկայվում մարգարեի՝ իր ծառայության մեջ մուտք գործելու մասին): Սա էլ նշանակում է, որ մարգարեի ծառայությունը, որն իր մեջ դժվարություն էր պարունակում ժողովրդի խստասրտության պատճառով, դժվարությամբ լեցուն կլինի նաև քարոզության բուն բովանդակության տեսանկյունից:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանց իմ խօսքերը կ՚ասես. արդեօք պիտի լինի՞, որ լսեն կամ սարսափեն, քանի որ դառնացնողների տուն են,
(Արարատ թարգ․) Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։
(Գրաբար) Եւ խօսեսցիս ընդ նոսա զբանս զայսոսիկ. եթէ իցէ լուիցե՞ն կամ սարսեսցե՞ն, զի տուն դառնացողա՛ց են։