Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։22

Ա. Լոպուխին

«Նրա աջ ձեռքում գուշակություն է․ «Երուսաղեմ», որտեղ պիտի պարսպակործաններ տեղադրել, բերանը բացել կոտորածի համար, պատերազմական աղաղակի ձայն բարձրացնել, պարսպակործաններ տանել դարպասների մոտ, պատվար կանգնեցնել, պաշարման հողապատնեշներ հիմնել»։ [22] (Սինոդական թարգ․)
   

    «Նրա աջ ձեռքում գուշակություն է «Երուսաղեմ» - իր աջ ձեռքով (որը երջանկություն էր բերում) Նաբուգոդոնոսորը հանեց (հավանաբար իր սաղավարտի միջից) մի առարկա (համաձայն 21-րդ համարի՝ «սլաք»), որի վրա կար հետևյալ մակագրությունը՝ «Երուսաղեմ»։ Սրանից հետո տեղի ունեցող Հուդայի դեմ արշավանքը, որն արդեն իսկ որոշված ​​էր, նկարագրված չէ, և մարգարեն անմիջապես անցում է կատարում Երուսաղեմի պաշարումը նկարագրելուն: Քանի որ Յահվեն Ինքն էր ուղղորդել այդպիսի գուշակությանը, ուստի Նա ցանկանում է, որ Նաբուգոդոնոսորի ծրագրած բոլոր սարսափելի նախաձեռնություններն իրականություն դառնան։

   «Պարսպակործաններ տեղադրել» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 4։2-րդ համարը։

   «Բերանը բացել կոտորածի համար» - սա կա՛մ խորհրդանշում է այն, որ Նաբուգոդոնոսորը ճակատամարտից առաջ ճառով դիմելու է իր զինվորներին, կա՛մ էլ այն, որ նրա զինվորները կռվելու են բարձրաղաղակ բացականչություններով։

   «Պատերազմական աղաղակի ձայն բարձրացնել» - սա տավտալոգիա (ավելորդաբանություն) չէ, այլ գործածված է նախորդ մտքի գաղափարն ամրապնդելու համար։ Քաղաքների պաշարման ժամանակ պաշարողների բարձր աղաղակների մասին խոսվում է Հեսուի 1-ին գլխում, Ամոսի 1։14-րդ 2:2-րդ և Երեմիայի 49:2-րդ համարներում։

   «Պարսպակործաններ տանել» - սա ավելի վաղ ասված խոսքի կրկնությունն է, որը բացատրություն չունի, ինչը հաստատվում է նաև Յոթանասնից թարգմանության կողմից։ Կրկնությունից խուսափելու համար Յոթանասնից թարգմանության հեղինակներն այստեղ «շարիմ» (պաշարողական խոյեր, պարսպակործաններ) բառը թարգմանում են որպես «զորահրամանատարներ», և արդյունքում ստացվում է այսպես՝ «Նաբուգոդոնոսորը զորահրամանատարներ պիտի նշանակի», սակայն այդ զորահրամանատարները պետք է նշանակվեին դեռևս մինչև արշավանքը, և ոչ թե անմիջապես պաշարումից առաջ։

   «Պատվար կանգնեցնել» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 4։2-րդ համարը։

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրա աջ ձեռքից հմայութիւններ են դուրս եկել՝ Երուսաղէմի դէմ պատնէշներ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու եւ մարտկոցներ շինելու»:
(Արարատ թարգ․) Նրա աջ ձեռքին Երուսաղեմի գուշակության նշանը ելավ՝ նրա դարպասներին պարսպակործաններ տեղադրելու, պատվարներ կանգնեցնելու, պաշարման հողապատնեշներ հիմնելու, գոռալով բերանը բացելու, ձայնը բարձրացնելու։
(Գրաբար) Ընդ աջմէ իւրմէ ելին նմա հմայքն ‘ի վերայ Երուսաղեմի, արկանել պատնէշ, բերանալի՛ր գոչել, բարձրացուցանել զձայն աղաղակի. արկանել խի՛ց ‘ի վերայ դրանց նորա, և արկանել հո՛ղ և շինել նետակալս։