Ա. Լոպուխին
«Նա սիրահարվեց Ասորեստանի որդիներին, կուսակալներին և քաղաքների կառավարիչներին, իր հարևաններին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլոր ընտրյալ երիտասարդներին»։ [12] (Սինոդական թարգ․)
Այս համարը 6-րդ համարի կրկնությունն է։ Բառերի հերթականության տարբերությունը հավանաբար կարելի է բացատրել այն հանգամանքով, որ սույն համարում մարգարեն ցանկություն է ունեցել թվարկելու ասորեստանցիների առանձին խավի ներկայացուցիչներին, իսկ այնտեղ՝6-րդ համարում, խոսքը վերաբերել է ասորեստանցիներին առհասարակ։ Բացի դա, այս տարբերությունը վկայում է այն մասին, որ Եզեկիելը չէր սիրում ինքն իր խոսքերը մեխանիկորեն, նույնությամբ վերաշարադրել։ Այս տարբերությունից բացի՝ այստեղ 6-րդ համարի տեքստի «կապուտակ կտորից զգեստներ» արտահայտության փոխարեն գործածվում է «միկլոլ» բառը, որը հանդիպում է միայն Եզեկիելի մարգարեության 28:4-րդ համարում և, դատելով այդ բառի «կալալ»՝ «ավարտել» արմատից, այստեղ պետք է հասկանալ «կատարելություն, ամբողջականություն» իմաստային նշանակությունը։ Ահա թե ինչու է այս ներկա թարգմանության մեջ կիրառվում «շքեղ» բառը (հմմտ․ Եզեկ․ 27:24, 16:14, ըստ սլավոներեն թարգմանության՝ «լավ կտորից», «εύπάρυφα»; Ալեքսանդրյան կոդեքսում՝ «εύπόρφυρα», Սիմմաքոսի թարգմանության մեջ՝ «εύκατάσκευα» (լավ զինված), Թեոդոտիոնի թարգմանության մեջ՝ «παντοία», որ նույնական է Վուլգաթային՝ «veste vari»): Ասորեստանյան պաշտամունքը Հուդա ներթափանցեց Աքազի օրոք (Դ Թագ. 16:10), իսկ Եզեկիայի մահով էլ այդ պաշտամունքը զգալի տարածում ունեցավ (Դ Թագ․ 21, Եզեկ․ 8)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Գնաց ասորեստանցի իշխանների ու զօրավարների յետեւից, որոնք նրա մօտ էին. դրանք ազնիւ ծիրանիներ հագածներ, երիվարներ հեծած սպառազէններ, ամէն ինչով ընտրեալ երիտասարդներ էին:
(Արարատ թարգ․) Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։
(Գրաբար) Զի չոգաւ զհետ որդւոցն Ասորեստանեայց. իշխանաց և զօրավարաց, որ մե՛րձ էին առ նա, զգեցելոց հանդերձս ծիրանիս ազնուականս. սպառազինաց հեծելո՛ց յերիվարս, երիտասարդաց՝ ընտրելոց ամենեցուն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: