Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։18

Ա. Լոպուխին

«Քո անիրավ առևտրի մեջ քո անօրենությունների առատությամբ դու պղծեցիր քո սրբարանները. և Ես քո միջից կրակ պիտի հանեմ, որը և պիտի սպառի քեզ․ և Ես քեզ մոխիր պիտի դարձնեմ երկրի վրա բոլոր քեզ նայողների աչքի առաջ»։ [18] (Սինոդական թարգ․)
   

    «Սրբարանները» - հազիվ թե այստեղ նկատի է առնվում որևէ մի հեթանոսական, օրինակ, Մելկարտի տաճարը։ Առավել հավանական է, որ այստեղ խոսքը անմեղության և մաքրության վիճակի, Աստծո լեռան սրբության մասին է, և դեռ ավելին՝ կիրառված հոգնակի թվով – «pluralis majestatis»։

   «Կրակ», «մոխիր» - սա քաղաքի այրվելու մատնանշումն է, և ի դեպ՝ Տյուրոսի թագավորի կերպարը փոխարինվում է անձնավորված քաղաքի պատկերով, ինչը բնական է խոսքի վերջնամասի պարագայում։ Մյուս մեկնիչներն այստեղ տեսնում են ցուցում փյունիկի (քերովբեի գաղափարի առասպելական փոփոխման արդյունք) վերաբերյալ՝ ակնարկելով այդ թռչնի՝ հրավառվելու հատկանիշը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Քո մեղքերի շատութեամբ ու առեւտրիդ խարդախութեամբ պղծել ես սրբավայրերդ: Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ ճարակելու է քեզ. քո երկրում, բոլոր ականատեսների առաջ մոխիր եմ դարձնելու քեզ:
(Արարատ թարգ․) Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։
(Գրաբար) Վասն բազմութեան մեղաց քոց, և խարդախութեան վաճառաց քոց՝ պղծեցեր զսրբութիւնս քո. հանից հուր ‘ի միջոյ քումմէ՝ և նոյն կերիցէ զքեզ. և տա՛ց զքեզ ‘ի մոխիր յերկրին քում առաջի ամենայն տեսողացն քոց։