Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Պիտի բնաջնջեմ կուռքերին և պիտի ոչնչացնեմ կեղծ աստվածներին Մեմֆիսում, և Եգիպտոսի երկրից այլևս տիրակալ չպիտի լինի, և ահ պիտի բերեմ Եգիպտոսի երկրի վրա»։ [13] (Սինոդական թարգ․)
«Կուռքերին» - եբրայեցերենում՝ «գիլլուլ» - պղծություններ (6։4-րդ համար)։ Այստեղ, թերևս, գլխավորաբար նկատի է առնվում Ֆթայի պաշտամունքը, որի կենտրոնն էր Մեմֆիսը։
«Կեղծ աստվածներին» - եբրայեցերենում՝ «էլիլիմ», ասել է թե՝ «դատարկություն, ունայնություն»։ Հավանաբար նկատի է առնվում առաջին Ապիսի պաշտամունքը, որի կենտրոնը նույնպես Մեմֆիսն էր։ Այդ բառը Եզեկիելի մարգարեության մեջ ոչ մի այլ տեղ չի գործածվում, ինչի հետևանքով և, հավանաբար, Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է «էլիմ»՝ «ազնվականներ» (Մեմֆիսական դինաստիան, տե՛ս հաջորդիվ)։
«Մեմֆիս» - եբրայեցերենում՝ «Նոֆ»։ Այս բառը գործածվում է նաև Եզեկիելի մարգարեության սույն՝ 30-րդ գլխի 16-րդ, Եսայու 19:13-րդ, Երեմիայի մարգարեության 2:16-րդ, 44:1-ին, 46:14-րդ, 19-րդ, ինչպես նաև՝ «Մոֆ» ձևով Օսէէի մարգարեության 9:6-րդ համարում՝ ըստ Յոթանասնից թարգմանության և Թարգումի։ Հին եգիպտական «Մեն»-«Նեֆեր» քաղաքը հետագայում խոսակցական լեզվով կոչվել է «Պանուֆ» կամ «Մանուֆ» (այսինքն՝ բարության վայր), և այս վերջին ձևը կապված է բառի հունարեն և եբրայեցերեն ընթերցումների հետ։ Ասորերենում՝ «Միմկի» (Brugsch, Hist. I, 17)։ Այս քաղաքի սրբազան անունը «Հա-կա-պտա» է («Պտահի պաշտամունքի տուն»): Գտնվել է Ստորին Եգիպտոսում՝ ներկայիս Կահիրեից որոշակիորեն դեպի հարավ։ Համաձայն ավանդության, այն հիմնադրել է Մենեսը (Հեր. II, 99, ի հակառակ Դիոդ. I, 50 և այլն), եղել է Ստորին Եգիպտոսի ամենամեծ քաղաքը (ըստ Դիոդ. 150 աստիճան)։ Ամրացվելով (Դիոդ. XV, 43)՝ այն որոշ ժամանակ ծառայել է որպես թագավորական նստավայր (Plin. V, 9)։ Սաիթյան դինաստիան և Ապրիսը, ի դեպ, բնակվում էին Սաիսում, իսկ Ամասիսը, ըստ երևույթին, Մեմֆիսում (Նեգ. II, 163, 154)։ Մինչև Հերոնիմոս Երանելու ապրած ժամանակն այդ քաղաքը, որ Պտահի և Ապիսի պաշտամունքի հնագույն կենտրոնն էր (Նեգ. II, 3, 10), եղել է «եգիպտական սնահավատության մայրաքաղաքը»։
«Եգիպտոսի երկրից այլևս տիրակալ չպիտի լինի» - այսինքն՝ այդ երկրից սերող դինաստիա այլևս չի լինի։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Կործանելու եմ գարշելի կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների միջից մեծամեծներին, Եգիպտացիների երկրից էլ՝ իշխաններին. նրանք այլեւս չեն լինի: Սարսափ եմ գցելու Եգիպտացիների երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կուռքերին պիտի բնաջնջեմ և ոչնչացնեմ չաստվածներին Մեմփիսում. Եգիպտոսի երկրում այլևս իշխան չպիտի լինի, և ահ պիտի դնեմ Եգիպտոսի երկրում։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Տէր. Կորուսից զգարշելիսն, և դադարեցուցից զմեծամեծս 'ի Մեմփացւոց. և զիշխանս յերկրէն Եգիպտացւոց, և ո՛չ ևս լինիցին. և արկից ա՛հ 'ի վերայ երկրին Եգիպտացւոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: