Եզեկիելի մարգարեության մեկնություն 30։14

Ա. Լոպուխին

«Եվ պիտի ամայացնեմ Պաթրոսն ու կրակ պիտի ուղարկեմ Ցոանի վրա և դատաստան պիտի տեսնեմ Նովի վրա»։ [14] (Սինոդական թարգ․)
   
    «Պաթրոս» - տե՛ս 29:14-րդ համարի բացատրությունը։ Եգիպտոսի քաղաքների հետագա թվարկումն իրականացվում է առանց աշխարհագրական կարգի, Արևելյան և Հյուսիսային Եգիպտոսի քաղաքները տեղադրվում են կողք կողքի։

   «Ցոան» - համաձայն Յոթանասնից թարգմանության և Թարգումի՝ «Տանիս»։ Մյուս եգիպտական աղբյուրներում՝ «Դանետ», ղպտերենում՝ «Տանե», ասորերենում՝ «Սանու», ներկայումս՝ «Սան», որ մի ձկնորսական գյուղակ է Նեղոսի ամենաարևելյան վտակի արևելյան ափին (ի դեպ, այս վտակը հենց գյուղի անունով էլ կոչվում է «Սանիտական»)։ Տե՛ս նաև Եսայու մարգարեության 19:11-րդ համարը, իսկ քաղաքի հնության վերաբերյալ՝ Թվոց գրքի 13:22-րդ համարը: Ըստ 77:12-րդ և 43-րդ Սաղմոսների՝ այս քաղաքը Եգիպտոսից հրեաների գաղթի ժամանակ ականատես է եղել հրաշքների, հետևաբար՝ այն եղել է տվյալ ժամանակվա փարավոնի նստավայրը։ Եգիպտագետների կարծիքով՝ հյուքսոսների մայրաքաղաքը նույնական է եղել Ավարիսի հետ (I. Fl. S. Arr. I, 14):

   «Դատաստան պիտի տեսնեմ» - ոչ այնքան սաստիկ, որքան «կրակ պիտի ուղարկեմ» արտահայտությունն է։ Այսինքն՝ խոսքը ոչ ամբողջական ավերածության մասին է։

   «Նով» - ասորերենում՝ «Նիյու», ըստ Երեմիայի մարգարեության 46:25-րդ համարի՝ եղել է Ամմոնի պաշտամունքի կենտրոնատեղին, ինչի հետևանքով էլ Նավումի մարգարեության 3-րդ գլխում քաղաքի ամբողջական անվանումը «Նո-Ամմոն» է (գուցե թե՝ «Ամմոնի քաղա՞ք»): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «DiospoliV» - Զևսի, այսինքն՝ եգիպտացիների գլխավոր աստծո քաղաք (Թարգում, Վուլգաթա և Ալեքսանդրյան կոդեքս)։ «DiospoliV» կոչվում էր Թեբեն, որը նաև Ամմոնի պաշտամունքի կենտրոնն էր։ Սրանից ելնելով և հետևելով Յոթանասնից թարգմանությանը՝ այստեղ «Նով» անվան ներքո հասկացվում է հենց Թեբեն (չնայած որ «Նով» անունը հիերոգլիֆներում չի հանդիպում)։ «Հարյուր դարպաս ունեցող» Թեբեն Վերին Եգիպտոսի գլխավոր քաղաքն էր, Եգիպտոսի ամենահին քաղաքներից մեկը և, ըստ Դիոդորոսի վկայության (150), ամբողջ աշխարհին հայտնի էր իր հարստությամբ, գիտնական քահանաներով (C 815), բուրգերով, Մնեմոնիումով։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Կորստի եմ մատնելու Պաթուրէս երկիրը, կրակ եմ գցելու Տայեանի երկիրը, վրէժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից:
(Արարատ թարգ․) Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։
(Գրաբար) և կորուսից զերկիրն Պաթուրէս, և արկից հուր զՏայանու, և խնդրեցից զվրէ՛ժ 'ի Դիոսպոլացւոց: