Ա. Լոպուխին
«Այնտեղ են Եդովմը և նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները, որոնք իրենց ամբողջ քաջությամբ հանդերձ դրված են սրով սպանվածների հետ. նրանք պառկած են անթլփատների և գերեզման իջածների հետ»։ [29] (Սինոդական թարգ․)
Եդովմը մատնանշվում է որպես Իսրայելի հին թշնամի։ Նրա կործանումը Եզեկիելը կանխագուշակել էր 25:12-14-րդ համարներում և, ըստ երևույթին, սպասում էր, որ Եդովմի կործանումը պիտի նախորդեր Եգիպտոսի կործանմանը, ինչին կարող ենք հանգել՝ ելնելով այն հանգամանքից, որ փարավոնը դժոխքում արդեն իսկ հանդիպելու էր Եդովմին (այն, թե ինչպես Եդովմը պետք է տառապեր Կարքեմիշի ճակատամարտից հետո, պարզ է դառնում Երեմիայի մարգարեության 27:3-րդ և 49:7-րդ համարներից):
«Նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները» - յուրաքանչյուր ցեղ ուներ իշխաններ, որոնք էլ, հավանաբար, իրենց միջից թագավոր էին ընտրում (Ծննդ. 36:31-րդ համար և այլ տեղիներ):
«Որոնք» - եբրայեցերենում՝ «աշեր»։
«Իրենց ամբողջ քաջությամբ հանդերձ» - արդեն Ծննդոց 36:31-րդ համարն է վկայում եդովմացիների ռազմատենչության մասին: Այստեղ այս մակդիրը փոխարինում է նախկին 4 մեծ ազգերի վերաբերությամբ արվող «ամբողջ բազմությամբ», «նրա հորդաների հետ» հավելադրումներին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ եդովմացիները փոքրաթիվ ժողովուրդ էին։ Նրանց վերաբերությամբ բացակայում է նաև «սարսափ էին տարածում ողջերի երկրում» հավելումը, քանի որ նրանք աշխարհակալական ձգտումներ ունեցող նվաճողներ չէին։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Այնտեղ են Եդոմը, նրա բոլոր թագաւորներն ու իշխանները, որոնք իրենց զօրութեամբ հանդերձ ընկան սրի հարուածներից: Նրանք էլ են ննջել խորխորատ իջած սպանուածների հետ:
(Արարատ թարգ․) Այնտեղ են Եդովմը, նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները, որոնք, հակառակ իրենց զորության, սրից սպանվածների հետ են դրված. նրանք անթլփատների հետ, գուբն իջնողների հետ պիտի պառկեն։
(Գրաբար) Անդ Եդոմ և թագաւորք իւր և ամենայն իշխանք նորա, որ ետուն զզօրութիւն իւրեանց ‘ի հարուածս սրոյ. և նոքա ընդ վիրաւորս ննջեցին ընդ իջեալսն ‘ի խորխորատ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: