Ա. Լոպուխին
«Ասա՛ նրանց․ «Կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - և Ես չեմ ցանկանում մեղավորի մահը, այլ որ մեղավորը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձի՛ եկեք, դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհներից․ դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն»»։ [11] (Սինոդական թարգ․)
Աստծո ուղարկած աղետի նպատակը մարդկանց դժբախտությունից առաջացող սարսափելի ընկճվածության մատնելը չէ, ճիշտ այնպես, ինչպես որ Տիրոջ նպատակը չէ նաև ժողովրդի կործանումը, այլ, ընդհակառակը, այդ ժողովրդի վերանորոգությունը: Ըստ այսմ՝ յուրաքանչյուր աղետ, այդ թվում նաև՝ այս մեկը (ավելի ճիշտ՝ այն, որը պատուհասելու է 26-րդ համարում), միայն ու միայն մի անհրաժեշտ նախազգուշացում է, վարքուբարքը շտկելուն միտված հորդոր, որն անհրաժեշտ է «ապրելու», այսինքն՝ դառնալու համար մի մասնիկն այն ժողովրդի, որը պիտի բնակվի Տիրոջ կողմից օրհնված գալիքում, գալի՛ք, որը մարգարեն ձգտում է կերտել (Բերթոլետ)։ Տե՛ս 18:23-րդ համարի բացատրությունը և ուշադրությո՛ւն դարձրու արտահայտությունների տարբերության վրա (ինչն արտահայտությունները բառացիորեն կրկնելու ցանկության բացակայության հետևանք է). հարցական շեշտադրությունը փոխարինվում է պարզ ժխտմամբ, իսկ դրա հետևանքով նվազող ժխտման ուժն ավելին է, քան այն կարող է լրացվել երդման միջոցով («Կենդանի եմ Ես»):
«Դարձի՛ եկեք, դարձի՛ եկեք» - սլավոներենում՝ «դառնալով դարձի՛ եկեք» (ավելի սաստկական) - սա հատուկ շեշտադրում է (հմմտ․ Եզեկ․ 18։32)։
«Դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն» - սա մի բացականչություն է, որը լեցուն է Իսրայելի շտկման, օրհնված գալիքում ժողովրդի վերակերտման նախանձախնդրությամբ, և արդեն իսկ այս բացականչության մեջ փոքրիշատե արծարծվում է նաև ապագայում ձեռք բերվող հաջողության գիտակցությունը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ասա՛ նրանց. «Ամենակալ Տէրն ասում է՝ կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը: Դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր չար ճանապարհից, ինչո՞ւ մեռնէք, ո՛վ տունդ Իսրայէլի»:
(Արարատ թարգ․) Նրանց ասա՛. Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։
(Գրաբար) Ասա՛ ցնոսա. Կենդանի՛ եմ ես ՝ ասէ Ադովնայի Տէր. ո՛չ կամիմ զմահ ամպարշտին, որպէս զդառնա՛լ ամպարշտին 'ի չար ճանապարհէ իւրմէ՝ և կեալ. դառնալով դարձարո՛ւք 'ի ճանապարհաց ձերոց չարաց. և ընդէ՞ր մեռանիք տունդ Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: