Ա. Լոպուխին
5-6․ «Եվ ես քեզ համար սահմանեցի նրանց անօրենության տարիները՝ օրերի թվով․ երեք հարյուր իննսուն օր դու կկրես Իսրայելի տան անօրենությունը»։ [5] «Եվ երբ որ դա կատարես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. մեկ օր՝ մեկ տարվա փոխարեն․ ամեն տարվա դիմաց Ես մեկ օր եմ սահմանել քեզ համար»։ (Սինոդական թարգ․)
Երբվանի՞ց սկսած և մինչև ե՞րբ պետք է հաշվվեն Իսրայելի անօրինության 390 և Հուդայի՝ 40 տարիները։ Եթե «անօրենության տարիներ» ասելով նկատի ունենանք այն տարիները, որոնց ընթացքում Իսրայելը մեղք գործեց (և ոչ թե այն տարիները, որոնց ընթացքում նա պատիժներ կրեց իր գործած մեղքերի համար), ապա հնարավոր կդառնան հաշվարկի հետևյալ տարբերակները. 1. Ռաբբիները (Ռաշի, Կիմխի և ուրիշներ) սկսում են հաշվել 890 տարի՝ իսրայելացիների՝ Քանանի երկիր մուտք գործելու պահից սկսած, և ավարտվում են տասը ցեղերի գերեվարությամբ. 151 տարին դատավորների ժամանակահատվածն է, 241-ը՝ թագավորների ժամանակաշրջանը, միասին կլորացված թիվը՝ 390 տարի։ Սակայն նախքան թագավորությունների բաժանումը Իսրայելի հետ նաև Հուդա՛ն անօրենություն գործեց, այս իսկ պատճառով էլ վերջինիս գործած անօրինության ժամանակաշրջանը հաշվվում է միայն 40 տարի։ 2. Մյուսներն իրենց հաշվարկը սկսում են թագավորությունների բաժանումից. 256 տարի, տասը ցեղեղրի թագավորության գոյության ժամանակաշրջանն էր, որին գումարվում է 134 տարի՝ այդ թագավորության անկումից մինչև տաճարի կործանումն ընկած հատվածը։ Համաձայն ավելի ճշգրիտ ժամանակագրության՝ Ք.ա. 975 թվականին տեղի ունեցավ թագավորությունների բաժանումը, Ք․ա․ 589 թվականին՝ Երուսաղեմի գրավումը Նաբուգոդոնոսորի կողմից․ այս երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակային տարբերությունը կազմում է 386 տարի։ Բացակայող 4 տարիներն ավելացվում են բանաստեղծական համաչափությունն ապահովելու նպատակով։ Սակայն Իսրայելի թագավորության կործանումից հետո միայն Հուդան էր, որ հանցանք էր գործում։ Ամեն դեպքում այս բացատրությունն ավելի հավանական է, քան նախորդը, որովհետև Սուրբ Գրքում Հերոբովամի մասին հաճախ է ասվում, որ նա Իսրայելին մեղքի մեջ է գցել:
Այժմ անդրադառնանք Հուդայի անօրինության 40 տարիներին․ 1) Ռաբբիները հաշվարկը սկսում են Մանասեի կռապաշտության ժամանակահատվածից, որը Բ Մնացորդաց գրքի 33։13-17-րդ համարների հիման վրա հաշվառում են միայն 16 տարի (որովհետև սա հենց այն թիվն է, որը պետք է ավելացնել հաջորդին՝ 40 թիվը ստանալու համար), ապա դրան գումարվում են Ամոնի թագավորության 2 տարիները և, բաց թողնելով Հոսիայի բարեպաշտ թագավորության ժամանակաշրջանը, հավելադրում են Հովակիմի և Սեդեկիայի գահակալության 22 տարիները։ Կամ էլ, համաձայն երկրորդ տարբերակի՝ 2) 40 տարիները սկսվում են հաշվվել Հոսիայի թագավորության 13-րդ տարվանից, երբ Երեմիան ասպարեզ մտավ մարգարեական ծառայության համար, և ի դեպ Հուդայի նախկին մեղքերը, օրինակ՝ Աքազի, Մանասեի կռապաշտությունը՝ Ամոնին երկրպագությունը, Աստված, կարծես թե, չի «հաշվում» Հոսիայի օրոք տեղի ունեցած հրապարակային ապաշխարության շնորհիվ։ Այս եղանակով արված հաշվարկն ավարտվում է տաճարի կործանման իրադարձության հաշվառմամբ։ Սակայն իրականում հենց Հոսիայի թագավորությունն էր ամենաբարեպաշտը, մինչդեռ այստեղ առաջարկվում է այդ ժամանակաշրջանից սկսած հաշվարկել Հուդայի անօրենության տարիները։
«Անօրենության տարիներ» ասելով, որոնց խորհրդանշում էր մարգարեի՝ այս կամ այն կողքի վրա հենված պառկելը՝ կարելի է հասկանալ անօրինության համար հատուցվող պատժի «պտուղները»։ Այդ պարագայում 890 և 40 թվերի համար հնարավոր են հետևյալ հաշվարկումները։ 890 տարին սկսվում է Իսրայելի Աքազ թագավորի օրոք Թիգլաթ-Պալասարի կողմից Իսրայելի ասորեստանյան առաջին գերությանը մատնվելու թվագրումից, երբվանից սկսած մինչև Սեդեկիայի թագավորության11-րդ տարին անցան 164 տարիներ, դրան էլ գումարած բաբելոնական գերության 70 տարիները և 155 տարի 4 ամիս՝ Զորաբաբելի օրոք տաճարի վերականգնումից մինչև Արտաքսերքսես Մեմնոնի կողմից ժողովրդի վերջնական ազատագրումը՝ ընդհանուր 889 տարի 4 ամիս (Հերոնիմոս Երանելի), և այսպես շարունակ․․․
Նոր շրջանի մեկնաբաններն ավելի ճշգրիտ են համարում Յոթանասնից թարգմանության մատնանշած թիվը. 9-րդ համարում Աստված մարգարեին ասում է, որ անմաքուր հաց ուտի, եբրայական տեքստի համաձայն՝ բոլոր 390 օրերի ընթացքում, հունարեն տեքստի համաձայն՝ 190 օրեր շարունակ, որոնց ընթացքում մարգարեն պիտի պառկեր կողքի վրա։ Այստեղից եզրակացնում են, որ աջ կողմում պառկելու 40 օրերը կամ Հուդայի անօրինության 40 տարիները ներառված են ընդհանուր թվի՝ 390-ի կամ 190-ի մեջ, որից 350-ը կամ 150-ը վերաբերում են ձախ կողքի վրա պառկելուն կամ Իսրայելի անօրենությանը։ Այս թվերից վերջինն են մատնանշում նաև Յոթանասնից թարգմանության մի շարք ձեռագրեր՝ 4-րդ և 5-րդ համարներում։ Եվ եթե դա այդպես է, ապա Իսրայելի անօրենության տարիները, ավելի ճիշտ՝ այդ անօրենությունների համար հատուցված պատիժը գերազանցում է Հուդայի անօրինության տարիներին ընդամենը 150 տարո։ Իսրայելի ասորական գերությունը, այսինքն՝ Սամարիայի գրավումն իսկապես նախորդել է բաբելոնյան գերությանը կամ Երուսաղեմի գրավմանը մեկ-մեկուկես դար տարբերությամբ (Ք․ա․ 725-589 թթ.): Բացի այդ, Յոթանասնից թարգմանության տարընթերցումը հաստատում է, որ իր գերության 6-րդ տարվա 6-րդ ամսվա 5-րդ օրը մարգարեն տեսնում է արդեն իր երկրորդ տեսիլքը, որի մեջ «ներգրավված» են լինում նաև երեցները և որում ինքը՝ մարգարեն, հոգով տեղափոխվում է Երուսաղեմ։ Համաձայն մեկնաբանների տեսակետի՝ մինչև այդ պահը պետք է ավարտվեր մարգարեի պառկած վիճակը (մեղքերի «քավությունը»․ չէ՞ որ մարգարեն չէր կարող 8-9-րդ գլուխներում տեսիլք ունենալ պառկած վիճակում: Այդքան երկար ժամանակ կողքի վրա պառկելու սխրանքը և դրա հետ շաղկապված ծոմը կարող էին առավելապես նպաստել այդ տեսիլքի գոյությանը)։ Իսկ եթե մարգարեի խորհրդանշական գործողությունների համար որպես ամենավաղ ժամկետ ենթադրենք 5-րդ տարվա 4-րդ ամսի 12-րդ օրը (առաջին՝ Քոբարյան տեսիլքից 7 օր հետո), ապա մինչև 8-9-րդ գլուխներում նկարագրված տեսիլքը կմնար 412 օր (իսկ եթե տարին նահանջ տարի՞ լիներ, կա եթե 40-ը ներառված լիներ 390 օրվա մե՞ջ)։ Հունարեն տարընթերցումը, - ասում են նոր շրջանի մեկնաբանները, - հեշտությամբ հավաստում է հրեական ընթերցման ճշտությունն ա՛յն հանգամանքների ազդեցության ներքո, որ Իսրայելի նոր գերությունը պետք է տարիների թվով համապատասխաներ եգիպտական ստրկությանը կամ (ըստ Բերթոլետի) գեմատրիայի (տառերի թվային համարժեքության) հիման վրա պետք է կազմեր 390 թիվը՝ հետևյալ կերպ․ «Պաշարման օրեր» - եբրայեցերեն՝ «յեմեյ մացորա» արտահայտության թվային համարժեքն է՝ 10 + 40 + 10 + 40 + 90 + 200 = 390: Սակայն այս դեպքում նույնպես 390 թվից նույնանման դյուրությամբ կարող էին «առաջանալ» թե՛ 190-ը, թե՛ 150-ը՝ հիմնվելով այս վերջին երկու նկատառումների վրա, որոնք այստեղ ներկայացվում են ի պաշտպանություն 190 թվի։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ես քեզ եմ տուել նրանց երկու անիրաւութիւնները, օրերի թուով՝ հարիւր իննսուն օր: Եւ դու կը կրես Իսրայէլի տան անիրաւութիւնները,
(Արարատ թարգ․) Եվ ես քեզ կարգեցի նրա անօրենության տարիները, օրերի թվով՝ երեք հարյուր իննսուն օր, և դու կկրես Իսրայելի տան անօրենությունը։
(Գրաբար) Եւ ես ետու քեզ զերկուս անիրաւութիւնս նոցա ‘ի թիւ աւուրց՝ հարեւր և իննսուն օր. և առցես զանիրաւութիւնս տանն Իսրայէլի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: