Ա. Լոպուխին
«Եվ դարպասի նախասրահում երկու սեղան կար մի կողմից և երկուսը՝ մյուս կողմից, որպեսզի դրանց վրա մորթեն ողջակեզները, մեղքի համար մատուցվող զոհաբերությունը և հանցանքի համար մատուցվող զոհաբերությունը»։ [39] (Սինոդական թարգ․)
Այն դեպքում, երբ, համաձայն Մովսիսական օրենքի, զոհաբերության համար մատուցվող կենդանիները պետք է մորթվեն զոհասեղանի հյուսիսային կողմում՝ Եզեկիելի խորհրդավոր տաճարում, ապա առնվազն ամենակարևոր զոհաբերությունները, որոնք են՝ ողջակեզները - մեղքի համար մատուցվող զոհաբերությունը (Ղևտ․ 4:3-րդ համարը և այլ տեղիներ) և գործված հանցանքի համար մատուցվող զոհաբերությունը (Ղևտ․ 5։19-րդ համարը․ սլավոներենում՝ «անգիտության համար մատուցվող զոհաբերությունը»), մորթվեցին դարպասի նախասրահում։ Դրա պատճառն այն էր, որ հարկ էր որևէ կերպ թույլ չտալ, որպեսզի այս տաճարի առանձնահատուկ սրբությունը պղծվեր ա՛յն մեղքով, որը մեղավոր մարդու փոխարեն իր վրա էր կրում որպես զոհ մատուցվող կենդանի անասունը։ Մորթելու գործընթացն իրականացվել է, հավանաբար, ինչպես որ նախորդ տաճարում էր, հատուկ սեղանների վրա, որոնք թվով 4-ն են եղել՝ այս նպատակին ծառայելու համար (գուցե այդ 4 թիվը պայմանավորված է եղել աշխարհի 4 ծագերին համապատասխանելու անհրաժեշտությամբ)։ Նշյալ սեղանները տեղակայված են եղել սիմետրիկ ներդաշնակությամբ (ինչպես որ այս խորհրդավոր տաճարում ամեն ինչ էր գտնվում մեկը մյուսի հետ ներդաշնակության մեջ), նախասրահի յուրաքանչյուր կողմում՝ 2-ական սեղան: Այսպիսով, արդեն իսկ դարպասի ներսի հատվածը՝ զոհաբերության սեղանների զբաղեցրած ներդաշնակ դիրքով, այնտեղ մուտք գործողներին հաղորդակից էր դարձնում աստվածապաշտության խորհրդին, որի գլխավոր մասը կազմում էին հենց զոհաբերությունները։
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Դռան կամարի տակ սեղաններ կային, երկուսն այս կողմում, երկուսը՝ միւս, որպէսզի դրանց վրայ մորթէին թէ՛ մեղքերի եւ թէ՛ յանցանքների համար զոհագործուող ողջակէզները:
(Արարատ թարգ․) Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։
(Գրաբար)'ի կամարի դրանն երկու սեղանք յայսկոյս, ե երկու սեղանք յա՛յնկոյս. զի զենուցուն 'ի նմա զողջակէզսն ՝ և զվասն մեղացն ՝ և զվասն անգիտութեանն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: