Ա. Լոպուխին
«Երբ նրանք մտնեն ներքին գավթի դարպասներով, այդ ժամանակ կտավե հանդերձներ պիտի հագնեն, բայց բրդյա [հանդերձներ] չպիտի ունենան իրենց վրա, երբ որ նրանք ծառայեն ներքին գավթի դարպասների ներսում և տաճարի ներսում»։ [17] (Սինոդական թարգ․)
Աստծո անմիջական սպասավորների՝ քահանաների սրբությունն առավել պարզ և հստակ կերպով արտահայտվում է նույնիսկ նրանց հանդերձներին վերաբերող սովորականից ավելի խիստ պահանջների միջոցով. չէ՞ որ զգեստները մարդու ամենաարտաքին և առաջին հայացքից անկարևոր դետալը լինելով` իրականում, սակայն, մարդու կողմից դիտարկվում են որպես արտաքին աշխարհում իր լինելիությունը շարունակելու միջոց։ Քահանայական հագուստին առնչվող հիմնական պահանջն այն էր, որ այդ հագուստը բրդյա չպիտի լիներ: Այս պահանջը որևէ կերպ չի հիմնավորվում, եթե իհարկե որպես սույն խնդրին վերաբերող ակնարկ նկատի չունենանք 18-րդ համարի հետևյալ նկատառումը. «Նրանք քրտինքի մեջ [քրտնեցնող հանդերձով] չպիտի գոտևորվեն», ասել է թե` բրդյա հագուստի մեջ մարմինն ավելի շուտ է քրտնում և քրտինքը` օրգանիզմի այդ կեղտոտ արգասիքը, հավերժ մնում է բրդի վրա, ու այդ բուրդը լվանալն էլ անկարելի է դառնում` ի տարբերություն կտավի: Հավանաբար այս պահանջի հիմքում ընկած է մեկ այլ, ավելի խորը և խորհրդանշական հիմնավորում (գուցե այն, որ բուրդն ինքնին լեշ և դիակ է): Իրենց ծառայության ընթացքում, ինչպես ամբողջ ներքին գավթում` սկսած նրա դարպասներից, այսինքն՝ գլխավորաբար զոհասեղանի մերձակայքում, և առավել ևս՝ «տաճարի ներսում»՝ սրբարանում, քահանաները պետք է լինեին կտավե զգեստներով, քանի որ կտավն իր մաքրության և ճերմակ գույնի համար ընդունվում է որպես երկրի վրա երկնաբնակների ներկայության խորհրդանիշ (Եզեկ. 9:2, Դան. 10:5, 12:6 և այլն): Կտավի նյութն այստեղ կոչվում է «pishte»` իսկական կտավ, մինչդեռ Հնգամատյանում կոչվում է «bad» (մանրաթել): Ըստ Մովսիսական օրենքի՝ քահանաների միայն ներքևի զգեստը («մեջքից մինչև սրունք»՝ տաբատներ) պետք է կտավից լիներ («bad»), իսկ վերին հանդերձները` բեհեզից (բամբակ), հետևաբար, Եզեկիել մարգարեն այստեղ սաստկացնում է քահանաների հագուստի վերաբերյալ Մովսեսի պահանջը և էլ առավել է շեշտադրում նրանց մաքրության գաղափարը: Քահանաներն այդպիսի կտավե հագուստներ պիտի հագնեին հենց «ներքին գավթի դարպասների մոտ», այսինքն՝ հյուսիսային կամ հարավային (արևելյան դարպասները հիմնականում փակ էին և դրանցով ելումուտ չէին անում – Եզեկ. 46:1-2) դարպասների մոտ` միգուցե այդ դարպասների մոտ կառուցված և երգիչների համար նախատեսված սենյակներում (Եզեկ. 40:44), իսկ այդ զգեստները պետք է հանեին արդեն 42:14-րդ համարում հիշատակվող սենյակներում: Այսպիսով, քահանաները ներքին գավթից դուրս չէին գալիս այն նույն դարպասով, որով ներս էին մտել, ինչը որ Եզեկ. 46:9-րդ համարում հստակորեն պահանջվում էր աշխարհականներից:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Երբ նրանք ներքին գաւթի դռնով մտնեն, պէտք է կտաւէ պատմուճաններ հագած լինեն եւ իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղէն հագած չպէտք է լինեն՝ սկսած ներքին գաւթի դռնից:
(Արարատ թարգ․) Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։
(Գրաբար) Եւ եղիցի ‘ի մտանելն նոցա ընդ դուռն սրահին ներքնոյ, զգեցցին զպատմուճանս կտաւիս. և մի՛ զգենուցուն ասուիս ‘ի պաշտամանն իւրեանց, ‘ի դրանէ ներքին սրահին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: