Ա. Լոպուխին
«Առաջին ամսում՝ ամսի տասնչորսերորդ օրը, ձեզ համար կլինի Պասեքը` յոթնօրյա տոնը, երբ բաղարջ պիտի ուտվի»։ [21]
«Տասնչորսերորդ օրը» - Պասեքի առաջին օրը, համաձայն Մովսեսի օրենքի, իրականում Նիսանի 15-ն էր, սակայն քանի որ հրեաների համար եկեղեցական օրը (ինչպես որ նաև մեր պարագայում է) հաշվվում էր նախորդ օրվա երեկոյից սկսած, ապա ուրեմն Պասեքը սկսվում էր արդեն Նիսան ամսի 14-ին և այդ օրվա երեկոն (քանի որ հենց այդ ժամանակ էին ուտում Պասեքի գառը) հանդիսանում էր տոնի ամենահանդիսավոր պահը։ Ահա թե ինչու ամսվա հենց ա'յդ օրն է այստեղ հիշատակվում որպես տոնի սկիզբ: Սակայն դա ոչ մի կերպ չի խախտում Պասեքի` գարնանային կիսահատվածի տոնի, և Տաղավարահարաց տոնի` աշնանային կիսահատվածի տոնի միջև առկա ժամանակային ամբողջական համապատասխանությունը. երկու տոների առաջին օրերն էլ համապատասխան ամիսների 15-ին էին. Տաղավարահարաց տոնի տոնախմբումը սկսում էր նշվել Տիսրիի 14-ի երեկոյան (ճիշտ այնպես, ինչպես Պասեքի տոնակատարությունը սկսում էր նշվել Նիսան ամսի 14-ի երեկոյան), բայց քանի որ այդ երեկոն ոչ մի կերպ չէր տարբերվում տոնի մյուս օրերից, ուստի Եզեկիելը սույն գլխի 25-րդ համարում աշնանային տոնի սկիզբը համարում է յոթերորդ ամսվա 15-րդ օրը։ Հետևաբար բոլորովին ավելորդ է նորագույն շրջանի մեկնաբանների տեսակետը, ըստ որի` նրանք այստեղ առկա 14-ը փոխարինում են 15 թվով` համարում համաչափության (սիմետրիայի) պահպանման համար:
«Յոթնօրյա տոնը» - եբրայեցերում բառացիորեն` «շաբաթ օրերի տոնը»: Եթե չլիներ «օրեր» բառի հավելումը, ապա տոնի վերաբերյալ տրված այս սահմանումով Պասեքը կարող էր նույնականացվել կամ միավորվել Պենտեկոստեի` 50-օրյա տոնի հետ, քանի որ վերջինս կոչվում էր «Շաբաթների տոն» («khag shibuot»): Բայց «օրեր» բառի ավելացումը նույնպես լիովին չի բացառում նմանօրինակ իմաստի հնարավորությունը, քանի որ շաբաթը, շաբաթվա այդ 7 օրերի համագումարը երբեմն պլեոնաստիկորեն (բազմաբառությամբ) կոչվում է «օրերի շաբաթ» (Դան. 10:2, 3, հմմտ. Ծննդ. 29:4 - «օրերի ամիս»: Միայն այդ դեպքում առաջին` «շաբաթ» («յոթնօրյա») բառը չի հանդիսանա «casus constructus» (կազմելով մեկ արտահայտություն), ինչպես որ այստեղ է: Ահա թե ինչու բոլոր հնագույն թարգմանություններն այստեղ կիրառվող «shibuot» բառն ընդունում են ոչ թե «յոթնօրյա», «շաբաթ» իմաստով, այլ «յոթ» («յոթնյակ») նշանակությամբ, այսինքն՝ այստեղ տեսնում են այն միտքը, ըստ որի` Պասեքը պետք է նշվեր 7 օր շարունակ: Հօգուտ այս տեսակետի է «խոսում» ինչպես Մովսիսական օրենքի հետ նմանությունը (անալոգիան), այդպես էլ 25-րդ համարում նկարագրված աշնանային տոնի հետ համապատասխանությունը: Նորագույն շրջանի մեկնաբանները ենթադրում են, որ այստեղ «shib'at» - «յոթ» բառը խմբագրության է ենթարկվել գրչագիրների կողմից` վերածվելով «shibuot» - «շաբաթ»-ի, որպեսզի այդպիսով տեքստի մեջ ներմուծվի Եզեկիելի մարգարեության այս հատվածում բացակայող ցուցումը Պենտեկոստեի վերաբերյալ:
«Բաղարջ», «որն արդեն իսկ այն ժամանակ կարելի էր թխել հունցված հացից (Բերթոլետ): Սակայն սա Պասեքի երկրորդ կարևորագույն ծիսակատարությունն էր. առաջինը` գառան ճաշակումը, չի հիշատակվում, բայց դա պետք է ներառված լիներ այս նկարագրության ծիսակարգում, քանի որ գառը ճաշակելը սահմանվել էր հենց Պասեքի համար:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Առաջին ամսին, ամսուայ տասնչորսերորդ օրը, ձեզ համար զատկի օր կը լինի. եօթը օր բաղարջ կ՚ուտէք:
(Արարատ թարգ․) Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը ձեզ համար զատիկ կլինի, յոթ օր տոն. բաղարջ պիտի ուտվի։
(Գրաբար) Եւ յամսեանն առաջնում, որ օր չորեքտասան իցէ ամսոյն, եղիցի ձեզ տօնն պասէք, զեւթն օր բաղա՛րջ կերիջիք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: