Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։3

Ա. Լոպուխին

«Եվ Նա ձեռքի նման մի բան մեկնեց և բռնեց ինձ իմ գլխի մազերից, և Հոգին ինձ բարձրացրեց երկրի և երկնքի մեջտեղն ու աստվածային տեսիլքներով ինձ տարավ Երուսաղեմ՝ ներքին դարպասի մուտքի մոտ, որ նայում է դեպի հյուսիս, որտեղ նախանձի կուռքն էր՝ նախանձ գրգռողը»։ [3] (Սինոդական թարգ․)

   
   «Ձեռքի նման» – Իրական տեսիլքը տարբերակող հատկանիշը ձեռքն է, որը մեկնվում է մարգարեին։ «Ձեռքի նման», սլավոներենում ավելի ճշգրիտ՝ «նմանություն» (եբրայեցերեն «tabnit» - «կառույց», «պատկեր»)։ Ձեռքը հազիվ էր նշմարվում։ Սա 1-ին գլխից մեզ արդեն ծանոթ մի երկյուղալի զգուշավորություն է Աստվածային կերպարի նկարագրության հարցում:

   «Բռնեց ինձ իմ գլխի մազերից, և Հոգին ինձ բարձրացրեց երկրի և երկնքի մեջտեղը» - հետևաբար մարգարեն զգաց նաև ֆիզիկական հպում գլխի վերին մասում, այնուհետև լողաց օդում, չնայած որ նրա մարմինը, ըստ երևույթին, չէր լքել նախորդ վայրը։ Այս վերջինի մասին հուշում է «Հոգով» և հաջորդ նախադասության մեջ արդեն կիրառված«աստվածային տեսիլքներով» բառերը, ինչպես նաև այն, որ մարգարեի կողքին  եղողներն այդ «հափշտակության» ժամանակ չեն լքում նրան (Եզեկ․ 11:25)։ Այնուամենայնիվ, այս արտահայտությունը չափազանց որոշակի՝ այն հասկանալու համար միայն որպես դեպի Երուսաղեմ և տաճար հոգևոր տեղափոխության իմաստով. սա հիշեցնում է 3:12-րդ և 14-րդ համարները, որոնցում խոսքը վերաբերում է մարմնապես տեղափոխությանը: Այստեղ, ինչպես 37:1-ին և 40:1-2-րդ համարներում, նկատի է առնվում, հավանաբար, ինչ-որ կիսա-ֆիզիկական տեղափոխություն, որը, հնարավոր է, վկայում է երկակիության երևույթի, սակայն ոչ թե այդքան կտրուկ զուտ ֆիզիկական տեղափոխության մասին, ինչպիսին որ Դանիելի մարգարեության 14:35-րդ համարում էր, որում գործող անձը ոչ թե Աստված էր, այլ հրեշտակը:

   «Հոգի»-ն, ըստ երևույթին, նույնն է, ինչի մասին որ խոսվել է 2:2-րդ, 3:12-րդ և 14-րդ համարներում, այսինքն՝ ինչպես արդեն տեսանք, այն նույնական է 1:12-րդ համարում վկայված «Հոգու», այսինքն՝ Սուրբ Հոգու հետ։ Այսպիսով միայն ավելի ճշգրիտ եղանակով է մատնանշվում մարգարեի հրաշալի տեղափոխությունն իրականացնող Անձը (Ղուկ․ 11:20, ավելի ճշգրիտ կերպով մատնանշված է Մատթ․ 12:28-րդ համարում)։ Հրեշտակի կողմից Ամբակումի՝ Բաբելոն տեղափոխության մասին պատմության մեջ նշվում է, որ հրեշտակը մարգարեին տեղափոխել է «իր հոգու զորությամբ»։

   «Երուսաղեմ՝ ներքին դարպասի մուտքի մոտ, որ նայում է դեպի հյուսիս» - այսինքն՝ դեպի տաճար, որի մասին, սակայն, չի ասվում, այլ միայն ակնարկվում է․․․ «Ներքին դարպասներ» են կոչվում (ի հակառակ վերինների, Եզեկ․ 9:2, Երեմ․ 20:2 և այլ տեղիներ) միայն պարսպի մեջ գտնվող դարպասները, որոնք բաժանում էին արտաքին գավիթը ներքինից: Ի տարբերություն այս դարպասների, արտաքին գավթի դարպասը, որով մուտք էին գործում տաճար, պարզապես կոչվում էր «Տիրոջ տան դարպաս»։ Այդ և մյուս դարպասները հավանաբար երեքն են եղել՝ արևելյան (գլխավոր), հյուսիսային և հարավային, իմիջիայլոց վերջիններս նախատեսված էին միայն թագավորների համար (Եզեկ․ 43:8)՝ պալատից դեպի տաճար տանելով։ Այս երեք տեսակի դարպասներից այստեղ հիշատակվում են երկրորդ տեսակին պատկանողները, որոնք 5-րդ համարում կոչվում են «զոհասեղանի դարպասներ»։ Սակայն կարծես թե հենց այդ նույն դարպասներն են, որ Երեմիայի մարգարեության 26:10-րդ համարում կոչվում են «նոր»։ Մարգարեն տարվել է այդ դարպասների մուտքի մոտ, սակայն թե մասնավորապես որ մուտքի՝ արտաքի՞ն (հյուսիսային), թե՞ ներքին (հարավային), չի ասվում։ Սակայն 5-րդ համարից երևում է, որ խոսքը ներքին մուտքի մասին է, քանի որ իր կանգնած տեղից դեպի հյուսիս նայելով՝ մարգարեն տեսնում է կուռքը դարպասի հյուսիսային կողմից։ Ուստի մարգարեն տեղափոխվում է դարպասի և զոհասեղանի միջև՝ ներքին գավիթում կամ քահանաների գավիթում։ Այնտեղից նա տաճարում առաջին հերթին տեսնում է նախանձի կուռքը, որ համաձայն մարգարեի բացատրության՝ նույնն է, թե «նախանձ գրգռողը», որը, իհարկե, «գրգռում» էր Տիրոջ՝ Իսրայելի միակ տիրակալի «նախանձը» (այստեղից էլ հետևում է Յոթանասնից թարգմանության լրացումը՝ «գրավիչ»): Իսրայելի կռապաշտության դեմ ուղղված Աստծո բարկությունը հաճախ պատկերվում է խանդի, նախանձի տեսքով, ըստ որի՝ Աստծո սերը չի հանդուրժում երկրպագության այլ առարկաներ ունենալ, Ելք 20:5, Բ Օրին․ 32։16, 21 և այլ տեղիներ։ Հետևաբար, յուրաքանչյուր կուռք էլ կարելի է անվանել «նախանձի կուռք»։ Սակայն այդպիսի վստահությունը՝ մատնացույց անելու համար այն տեղը, որտեղ գտնվում էր կուռքը, կուռքի նման արտասովոր անունը՝ վերցված ամուսնական փոխհարաբերությունների ոլորտից, ու վերջապես տաճարի այդքան պատվավոր և սուրբ վայրը, որը զբաղեցված էր կուռքի կողմից, այս բոլորը ցույց են տալիս, որ այստեղ նկատի է առնվում մի որոշակի կուռք, որը երբևէ կամ  հենց այդ ​​ժամանակ կանգնեցված է եղել տաճարում: Սակայն Սրբազան Գրքերում հաստատապես հայտնի է տաճարում միայն մեկ կուռքի տեղադրման մասին․ դա եղել է Աստարտի կուռքը՝ Մանասեի օրոք (Դ Թագ․ 21:7, Բ Մնաց․33։7, 15, որոնցում «կուռք» բառը հիշատակված է ճիշտ նույն կերպ, ինչ այստեղ՝ «սեմել» բառով, որն օգտագործված է միայն Բ Օրինաց 4:16-րդ համարում։ Այդ կուռքը համապատասխանում է նաև սույն հիշատակության մյուս բոլոր տվյալներին՝ զոհասեղանին մոտ լինելուն (հմմտ․ Բ Օրին․ 16։21, 22) և նախանձի առարկա լինելուն, ինչը լիովին հասկանալի է (աստվածության կանացիությունը, պաշտամունքի անառակությունը): Մյուսները այդ կուռքի ներքո հասկանում են Մոլոքին, Բաաղին, Ադոնիսին կամ Բելին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում:
(Արարատ թարգ․) Եվ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։
(Գրաբար) Եւ ա՛նդ էին փառք Աստուծոյ Իսրայէլի, ըստ տեսլեանն զոր տեսի ‘ի դաշտի անդ։