Ելից գրքի մեկնություն 29։21

Ա. Լոպուխին

Եվ կվերցնես զոհասեղանի վրա եղած արյունից և օծության յուղից ու կցողես Ահարոնի, նրա զգեստների և նրա հետ նաև իր որդիների ու իր որդիների զգեստների վրա: Եվ նա ու նրա զգեստները, նրա հետ նաև իր որդիներն ու իր որդիների զգեստները կսրբագործվեն: (Սինոդական թարգ․)[21]
   

    Ընծայաբերվող զոհի երկրորդ առանձնահատկությունը նվիրագործվողների ու նրանց զգեստների հեղումն էր արյամբ խառնված մյուռոնով: Զգեստը մատնանշում է այն կրողի ստանձնած պարտականությունները, և այդ պարտավորվածությունն էլ իր հերթին դրսևորվում է պատասխանատու անձի՝ տվյալ հագուստը կրելու միջոցով: Այս կերպ այդ անձնավորությունն ու հագուստը միասին ձևավորում են հոգևորականի կերպարը: Այդ իսկ պատճառով երկուսի սրբագործումն էլ պետք է միաժամանակ լիներ: Սինայի անապատում ուխտ կնքելիս բավական էր ժողովրդի վրա հեղել միայն զոհի արյունը՝ առանց այնտեղ յուղ (մյուռոն) ավելացնելու, քանի որ ժողովուրդը որևէ հստակ պաշտոնի անցնելու պարտականություն չուներ, իսկ քահանաների ընծայման պարագայում նրանց վրա հատուկ ծառայության պարտականություն էր դրվում, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ էր արյան մաքրման հետ մեկտեղ ավելացնել նաև սրբագործման հատկություն ունեցող մյուռոնը:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Կ՚առնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կը ցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրայ: Թող սրբագործուեն Ահարոնն ու իր զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներն ու նրա որդիների զգեստները: Խոյի արիւնը կը հեղես զոհասեղանի շուրջը:
(Արարատ թարգ․) Եվ կվերցնես զոհասեղանի վրա եղած արյունից և օծության յուղից ու կցողես Ահարոնի, նրա զգեստների և նրա հետ նաև իր որդիների ու իր որդիների զգեստների վրա: Եվ նա ու նրա զգեստները, նրա հետ նաև իր որդիներն ու իր որդիների զգեստները սուրբ կլինեն:
(Գրաբար) Եւ առցես յարենէն որ ի վերայ սեղանոյն իցէ, եւ յիւղոյ աւծութեանն, եւ ցանեսցես ի վերայ Ահարոնի եւ ի վերայ պատմուճանի նորա. եւ ի վերայ որդւոց նորա, եւ ի վերայ պատմուճանաց որդւոց նորա ընդ նմա. եւ սրբեսցի ինքն եւ պատմուճան իւր. եւ որդիք նորա, եւ պատմուճանք որդւոց նորա ընդ նմա: Եւ զարիւն խոյին ցանեսցես շուրջ զսեղանովն: