Եսայու մարգարեության մեկնություն 1։23

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին»:
   
   Հարց. Ձեր իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից.
   Պատասխան. Նախ ասում է նրանց մասին, ովքեր արծաթին պղինձ են խառնում, գինուն՝ ջուր, և  խարդախում են չափն ու կշիռը, և իշխանները նրանցից կաշառք են վերցնում ու թույլ են տալիս. սրանով նրանք կցորդ են դառնում գողերին: Սա կատարելապես չար ու դժնդակ է իշխանների համար, որովհետև ինչն անհրաժեշտ էր կարճել, բազմապատկում են: Քանզի սրանից է լինում աղքատների զրկանքը, կռիվն ու կործանումը քաղաքների և
աթոռների:

   Երկրորդ՝ եթե իշխանն իր գործերով բարի կամ չար է, բոլոր ենթակաները նույնն են սովորում, ինչպես ասում է Առակաց գիրքը, թե՝ «Այն թագավորը և նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրավության խոսքերին, անօրեններ են» (Առակ.29:12), որովհետև եթե ծառի արմատը չոր է, բոլոր ճյուղերը նմանապես կչորանան: Ուստի մարգարեն իրավացիորեն է ժողովրդի մեղքերին կցորդ համարում  իշխանին, որովհետև նրանից սովորեցին ու հանդգնություն ստացան:

   Երրորդ՝ Իշխաններ է ասում հրեից քահանաներին և  առաջնորդներին, ովքեր գողակից եղան գող աշակերտ Հուդային, և միասին մտմտացին Տիրոջ սպանությունը: Նաև հաստատ է, որ իշխանները, որ դատավորներ են, չորս մեղքերի  պատճառով առավելագույն չափով են  պատժվում, որոնց և թվարկում է մարգարեն. նախ դրանք այն դատավորներն են, ովքեր մարդկանց դրդում են անմեղներին զրպարտել և մատնել դատաստանի: Դրանցից շատերին ենք տեսնում մեր  ժամանակներում. այդ պատճառով ասում է. գողակից են գողերին:
Երկրորդ՝ կան այնպիսիք, որ կաշառք են վերցնում, ինչպես ասում է՝ կաշառք են սիրում:
Երրորդ՝ կան, որ նենգություն ու ոխ ունեն մարդու հանդեպ, և դատաստանի ժամանակ հայտնում են այն, որի պատճառով  նրանց անվանում է «վրիժառուներ»:
   Չորրորդ՝ ոմանք ականջ չեն դնում աղաղակին և դատաստան չեն անում: Այդ պատճառով ասում է. որբերին և այրիներին  ականջ չեն դնում և արդարություն չեն անում:

   Քաղաքի կառուցման պատճառները երեքն են. նախ իշխանի ազնիվ բարեպաշտությունը, երկրորդ՝ նրա խրատատուի  բարեմիտ խորհրդատվությունը, երրորդ՝ իշխանության տակ գտնվողների և ռամիկ ժողովրդի կատարյալ  հնազանդությունը, որով կառուցումը լիակատար է լինում: Նույնպես հիվանդի առողջության համար երեք բան է անհրաժեշտ. նախ՝ հմուտ  բժիշկ, երկրորդ՝ հիվանդի հնազանդությունը, որ ինչ դեղ էլ որ տա՝ խմի, երրորդ՝ բժշկական դեղերի նյութը, որ մատչելի լինի: Եթե սրանցից մեկը պակաս լինի՝ հիվանդը չի առողջանա: Խորամուխ եղիր վերն ասվածների մասին: Եվ կկոչվես  մայրաքաղաքների արդարության քաղաք  հավատարիմ Սիոն, թեպետ Երուսաղեմը երբեք արդարության քաղաք չկոչվեց:
Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Թեպետ և անունով չկոչվեց, բայց ճշմարիտ գործով կոչվեց», այսինքն՝ մեղքից փոխվեց դեպի արդարություն: Եվ զգուշությամբ պահիր խոսքդ, որովհետև երբ հրեան հարցնի, թե Քրիստոսն այն է, որ Մարիամից ծնվեց, բայց նա Էմանուել չկոչվեց, քանզի Եսային ասում է, թե «Էմանուել պիտի կոչվի» (7:14): Նրան պատասխանիր. ինչպես արդարության քաղաքը, այնպես էլ այս դեպքում, թեպետ անվամբ Էմանուել չկոչվեց, բայց գործերով  իրապես հայտնվեց նրա Էմանուել լինելը, այսինքն՝ «Ամեն ինչ կատարեց տնօրենությամբ, փրկություն արեց և համբարձվեց Հոր մոտ» (Մրկ. 16:19):
   

Ա. Լոպուխին

Քո իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, նրանք բոլորն էլ նվերներ են սիրում ու կաշառքի հետևից են ընկել, որբերին չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին: (Սինոդական թարգ․) [23]
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 1:21
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին»:
(Արարատ թարգ․) Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դատը չեն տեսնում, և որբևայրու դատը նրանց առաջ չի գալիս։
(Գրաբար) իշխանք ձեր ապստամբք, գողակիցք են գողոց, սիրեն զկաշառս, վրիժագործք. որբոց իրաւունս ոչ առնեն, եւ դատաստանի այրեաց` ունկն ոչ դնեն: