Եսայու մարգարեության մեկնություն 2։1

Ա. Լոպուխին

Այն պատգամը, որը տեսիլքի միջոցով ստացավ Ամոսի որդի Եսային Հուդայի և Երուսաղեմի մասին: (Սինոդական թարգ․) [1]
   
   1-5 համարներ: Վերջին օրերին Երուսաղեմի համար երջանիկ ժամանակներ կլինեն: Սիոն լեռը, որտեղ բնակվում է Ճշմարիտ Աստված, կբարձրանա ամբողջ աշխարհի վրա, և աշխարհի բոլոր ազգերը ուխտագնացություններ կկատարեն դեպի այդ լեռը, որպեսզի այնտեղ ցուցումներ ստանան այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է ապրեն: Ճշմարիտ ուսուցման՝ աշխարհով մեկ տարածման առաջին արդյունքը կլինի պատերազմների ավարտը և անգամ ռազմական սպառազինությունը կվերածվի գյուղատնտեսության մեջ օգտակար գործիքների:

   Այս խոսքը, որը շարունակվում է մինչև երրորդ գլուխ, Եսայի մարգարեի կողմից արտաբերվել է, հավանաբար, Հովաթամի թագավորության ընթացքում: Այդպիսի ենթադրության համար իբրև հիմնավորում կարող են ծառայել հետևյալ հանգամանքները, որոնք առկա են մարգարեության մեջ.

   ա) Հրեական թագավորությունը տիրապետում է շատ մեծ հարստության (2:7), այնպես որ հրեաների մոտ գոյություն չունի ո՛չ ոսկու և ո՛չ էլ արծաթի պակասություն;

   ա) Երկիրը ծովային մեծ առևտուր է իրականացնում (2:16)

   գ) Իրականացվում են ահռելի շինարարական աշխատանքներ (2:15)

   դ) Երկիրն ունի հսկայական զորք (2:7)

   Այս ամենը կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Հովաթամի թագավորության ժամանակահատվածում (կամ էլ Օզիայի թագավորության վերջին շրջանում), երբ հրեաներին էր վերադարձվել գրեթե այն ամբողջ բարգավաճությունը, որը նրանք ունեցել էին Դավթի և Սողոմոնի օրոք (Բ Մնաց. 26:1 և շարունակությունը): Հովաթամից հետո Հուդայի թագավորությունում իրադարձությունների ընթացքը ամբողջությամբ փոխվեց դեպի վատը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին:
(Արարատ թարգ․) Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։
(Գրաբար) Բանն որ եղեւ առ Եսայի որդի Ամովսայ` ի վերայ Հրէաստանի եւ ի վերայ Երուսաղէմի: