Ա. Լոպուխին
Քո մեռյալները կվերակենդանանան, կբարձրանան մեռած մարմինները։ Բարձրացեք և տոնախմբեք, հողի՛ վերածվածներ․ որովհետև Քո ցողը բույսերի ցողն է, և երկիրը կհեռացնի մեռածներին։ [19] (Սինոդական թարգ․)
«Քո մեռյալները կվերակենդանանան, կբարձրանան մեռած մարմինները»։ Առաջին հայացքից այս խոսքերը հակասում են 14-րդ համարի առաջին բառերին, որոնց միջոցով ասվում էր․ «Մեռյալները չեն կենդանանալու»։ Սակայն իրականում մարգարեն այստեղ խոսում է ա՛յն մահացածների մասին, որոնք պատկանում են Բարձրյալին և բոլորված են Նրա շուրջը, որոնց մերձ է գտնվում Ինքը՝ Բարձրյալը, և որոնց մեջ որ Նա բնակվում իսկ է։ Հավանաբար մարգարեն ինքն էլ լավ չէր պատկերացնում իրեն տրված հայտնության ամբողջ կարևորությունը, և միայն Նոր Կտակարանում է պարզաբանվում, թե ովքեր են այս մեռյալները, որոնք պատկանում են Տիրոջը։ Այդ մեռյալները նրանք են, որոնց մեջ բնակվում է Քրիստոս և որոնք այս վերջին պատճառով իսկ պետք է հարություն առնեն, ինչպես որ Նա Ինքը հարություն առավ (Ա Կորնթ․ 15։20 և այլն, Բ Կորնթ․ 1։22, 5։5, Հովհ․ 6։54)։ Պետք է նկատել, որ մարգարեն այս միտքն արտահայտում է ո՛չ որպես ցանկություն, այլ որպես հաստատում, հակառակ դեպքում այստեղ զատորոշում չէր լինի սույն համարի և 17-րդ և 18-րդ համարներում հիշատակվող «մեռյալներ»-ի միջև։ Condamin-ը «մեռած մարմիններ» արտահայտությանը հավելում է «նրանց» դերանունը՝ համաձայն Թարգումի և Պեշիթոյի։
«Բարձրացեք և տոնախմբեք, հողի՛ վերածվածներ»։ Այստեղ մարգարեն մխիթարության խոսքերով դիմում է ա՛յն անմխիթար մեռյալներին, որոնց մասին խոսվում է 17-րդ և 18-րդ համարներում։
«Որովհետև Քո ցողը․․․» - այս խոսքերը վերաբերում են Տիրոջը։ Հարության առավոտյան, ինչպես որ սովորաբար լինում է Պաղեստինում շոգ եղանակի ժամանակ, ցողը պատելու է գետինը։ Սակայն դա լինելու է նոր, հրաշագործ ու աստվածային («Քո») մի ցող։ Այս բոլոր առանձին, փոքրիկ ու փայլուն ցողիկները ոչ այլ ինչ են լինելու, եթե ոչ մարդկանց՝ փառավոր կերպարանքով բարձրացած, հարություն առած լուսավոր մարմիններ, որոնց հետ կվերադարձնի մի ժամանակ նրանց «կուլ տված» հողը։
«Բույսերի ցող» – հավանաբար ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել այսպես՝ «լույսերի ցող» («օրոտ») կամ էլ «լուսավոր ցող»։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ քեզնից է, բժշկութիւն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանուի:
(Արարատ թարգ․) Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։
(Գրաբար) Յարիցեն մեռեալք` եւ կանգնեսցին որ իցեն ի գերեզմանս, եւ ուրախ եղիցին յերկրի, զի ցաւղդ որ ի քէն է` բժշկութիւն է նոցա: բայց երկիր ամպարշտաց կործանեսցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: