Գիրք` 31. Եսայի

Գլուխ 26

ՏԻՐՈՋՆ ԱՊԱՒԻՆԱԾ ՔԱՂԱՔԻ ԵՐԳԸ
   
1․ Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար:
2․ Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը,
3․ որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը:
4․ Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր:
5․ Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք:
6․ Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում, եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք»:
7․ Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները:
8․ Տիրոջ ճանապարհներն արդար են: Քո անուանն ենք ապաւինել մենք եւ քո յիշատակին, որին տենչում է մեր հոգին:
9․ Գիշերով իմ հոգին դէպի քեզ է շտապում, Աստուա՛ծ, քանզի քո հրամանները լոյս են երկրի վրայ: Արդարութի՛ւն սովորեցէք, ո՛վ երկրի բնակիչներ,
10․ որովհետեւ ամբարիշտը պապանձուեց: Ով երկրի վրայ արդարութիւն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի: Թող կորչի ամբարիշտը, որպէսզի չտեսնի փառքը Տիրոջ:
11․ Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին:
12․ Տէ՛ր Աստուած մեր, տո՛ւր մեզ խաղաղութիւն, դու, որ ամէն ինչով վարձատրել ես մեզ:
13․ Տէ՛ր Աստուած մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տէր, եւ քո անունն ենք տալիս:
14․ Իսկ մեռածները կեանքը չեն տեսնելու. բժիշկները յարութիւն չեն կարող տալ: Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստեան մատնեցիր նրանց բոլոր արուներին.
15․ դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տէր, չարիք աւելացրիր երկրի փառաւորուածների վրայ, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում:
16․ Տէ՛ր, նեղութեան մէջ յիշեցինք քեզ, որովհետեւ քո տուած փոքր նեղութիւնը խրատ է մեզ համար:
17․ Ինչպէս որ երկունքի մէջ գտնուողը, որ մօտ է ծննդաբերելու, ճչում է իր ցաւերից, այդպէս եղանք նաեւ մենք քո երկիւղից, Տէ՛ր, մենք, որ քո սիրելին ենք.
18․ յղիացանք, երկունքով բռնուեցինք, ծնեցինք ու երկրի վրայ ստեղծեցինք փրկութեան քո ոգին: Այլեւս մենք չենք կործանուի, կը կործանուեն աշխարհի բնակիչները:
19․ Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ քեզնից է, բժշկութիւն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանուի:
20․ Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը,
21․ քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին: